Խաչատրյանն ու Օհանիսյանը կմրցեն Բիվոլ — Այֆերտ մենամարտի անդերկարդում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երկու անպարտելի հայ բռնցքամարտիկներ կմրցեն միմյանց դեմ RCC Boxing-ի խոշոր մրցաշարում, որը կկայանա մայիսի 30-ին Եկատերինբուրգում։ Դմիտրի Բիվոլ — Միխայել Այֆերտ մենամարտի անդերկարդում ռինգ դուրս կգան Գոռ Խաչատրյանն ու Վալերի Օհանիսյանը։
Մենամարտը կանցկացվի «ՈւԳՄԿ Արենայում» և կլինի RCC-ի ամենասպասված բռնցքամարտի երեկոներից մեկի մաս։ Երկու մարզիկների համար էլ սա կարևոր մենամարտ է կարիերայում, քանի որ խաղադրույքի վրա կլինի ոչ միայն հաղթանակը, այլև անպարտելի հեռանկարային բռնցքամարտիկի կարգավիճակը։
Վալերի Օհանիսյանը մենամարտին մոտենում է 9-0, 5 KO ռեկորդով։ Իր նախորդ մենամարտում նա հանդես է եկել RCC-ի մրցաշարում և հաղթել Հովհաննես Ուստյանին, որի ռեկորդն այդ պահին կազմում էր 12-1-1։ Այդ հաջողությունը Օհանիսյանի համար կարևոր վերադարձ էր ռուսական բռնցքամարտի հարթակ՝ Մեքսիկայում անցկացրած մենամարտերից հետո։
Գոռ Խաչատրյանն ունի 6-0-1, 5 KO ռեկորդ։ Իր վերջին մենամարտում նա հաղթել է Ռամազան Ալիմատովին, իսկ ավելի վաղ արդեն հասցրել էր իրեն դրսևորել RCC համակարգում։ Խաչատրյանը հայտնի է որպես հզոր փանչեր և բռնցքամարտիկ, որը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մրցակիցների համար ճնշման և հարվածային ուժի շնորհիվ։
Հայ երկրպագուների համար այս մենամարտը միանշանակ չի ընկալվում։ Մի կողմից՝ Խաչատրյան — Օհանիսյան մենամարտը հիանալի հնարավորություն է երկու բռնցքամարտիկների համար՝ իրենց մասին բարձրաձայնելու մեծ բեմում։ Մյուս կողմից՝ երկու հեռանկարային հայ մարզիկներ ստիպված են լինելու միմյանցից խլել պարտությունների սյունակում եղած «զրոն»։
Այդ պատճառով երկրպագուների տեսանկյունից ամենաանցավ արդյունքը կարող էր լինել ոչ-ոքին։ Սակայն հենց բռնցքամարտիկների համար այս մենամարտը լուրջ քայլ առաջ կատարելու և ավելի խոշոր մենամարտերին մոտենալու հնարավորություն է։
Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի Դմիտրի Բիվոլի և Միխայել Այֆերտի մենամարտը։ RCC Boxing մրցաշարը կկայանա մայիսի 30-ին Եկատերինբուրգում։