Հայ պարածանրորդները նվաճել են 8 ոսկե մեդալ աշխարհի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի պարածանրամարտի հավաքականը փայլուն հաջողություն է գրանցել աշխարհի առաջնությունում՝ նվաճելով 8 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ, ինչպես նաև սահմանելով մի շարք աշխարհի և Եվրոպայի նոր ռեկորդներ։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրին Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը և կոմիտեի գլխավոր քարտուղար, հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Հովհաննիսյանը։
Հակոբ Աբրահամյանի խոսքով՝ այս արդյունքը պատմական է հայկական թիմի համար․
«Մեր մարզիկները բացառիկ արդյունք են ցույց տվել։ Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է աշխարհի առաջնության երրորդ տեղը, ինչը փայլուն հաջողություն է մեր երկրի համար», — նշել է նա։
Աբրահամյանը ընդգծել է նաև, որ ազգային պարալիմպիկ ֆեդերացիաները ֆինանսական աջակցության կարիք ունեն․
«Եթե լինի համապատասխան ֆինանսավորում, կունենանք նոր մարզիկների ներհոսք և ավելի մեծ առաջընթաց։ Պետական աջակցությունը կարևոր է մեր սպորտի կայուն զարգացման համար», — հավելել է նա։
Հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ աշխարհի առաջնությունը շատ հաջող է անցել հայ մարզիկների համար՝ ընդգծելով նրանց անհատական ձեռքբերումները տարբեր տարիքային խմբերում (15-17 և 18-20 տարեկաններ)։
Պատանի Ռաֆայել Համազասպյանը դարձավ աշխարհի և Եվրոպայի ռեկորդակիր, Կարինե Մանուկյանն ևս սահմանեց նոր ռեկորդներ։ Գավառից Արտյոմ Մովսիսյանը նվաճեց երկու ոսկե մեդալ։ 59 կգ քաշային կարգում մրցեցին Արթուր Բաբայանը և Խորեն Ծատուրյանը, որոնք երկուսն էլ սահմանեցին ռեկորդներ՝ զբաղեցնելով համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։
Աշխարհի առաջնության մեդալակիրների շարքում էին նաև Տիգրան Խլղաթյանը և Դավիթ Հունանյանը, իսկ Անյուտա Պետրոսյանը նվաճեց ոսկե մեդալ։
Հովհաննիսյանի խոսքով՝ այս առաջնությանը մասնակցությունը կարևոր քայլ է Լոս Անջելեսում կայանալիք Պարալիմպիկ խաղերի համար անհրաժեշտ վարկանիշային միավորներ ստանալու տեսանկյունից։
Այսպիսով, հայկական հավաքականը ոչ միայն հաստատեց իր դիրքը աշխարհի ուժեղագույնների շարքում, այլև ամուր հիմք դրեց ապագա օլիմպիական հաջողությունների համար։