«Ալաշկերտը» դրամատիկ 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Ելիմային» և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական «Ալաշկերտը» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ՝ 11-մետրանոց հարվածաշարում հաղթելով ղազախական «Ելիմային»։
Սեմեյում կայացած պատասխան հանդիպումը լրացուցիչ ժամանակից հետո ավարտվեց 2:2 հաշվով։ Երկու խաղերի արդյունքում ևս հաղթողը չորոշվեց՝ 3:3, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները՝ 6:5։
Հարվածաշարի հերոսը դարձավ հայկական ակումբի դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը հետ մղեց Դուբան Պալասիոյի վճռորոշ հարվածը։
«Ալաշկերտը» հաշիվը բացեց արդեն չորրորդ րոպեին։ Հարձակվող Մոմո Տուրեն օգտագործեց իր հնարավորությունն ու առաջ մղեց հյուրերին։ Սակայն հայկական թիմի առավելությունը երկար չպահպանվեց․ 11-րդ րոպեին Ակմալ Բախտիյարովը վերականգնեց հավասարությունը։
Հանդիպման մնացած հատվածում «Ալաշկերտն» ավելի շատ էր գրոհում և մի քանի լավ հնարավորություն ստեղծեց, սակայն չկարողացավ իրացնել իր առավելությունը։ «Ելիմայը» հիմնականում գործում էր հակագրոհներով, որոնք ժամանակ առ ժամանակ լուրջ վտանգ էին ներկայացնում Բեգլարյանի դարպասի համար։
Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 95-րդ րոպեին տանտերերը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Խրվոյե Իլիչը։
Չնայած բաց թողած գոլին՝ «Ալաշկերտը» շարունակեց պայքարել և լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին փրկեց դիմակայությունը։ 121-րդ րոպեին 18-ամյա Դաուդա Տոգոլան խփեց իր նորամուտի գոլը հայկական թիմի կազմում և խաղը տեղափոխեց 11-մետրանոց հարվածաշար։
Հետխաղյա հարվածաշարում «Ալաշկերտի» ֆուտբոլիստները հաղթեցին 6:5 հաշվով։ Բեգլարյանը հետ մղեց Պալասիոյի վճռորոշ հարվածը՝ իր թիմին ապահովելով հաջորդ փուլի ուղեգիր։
Երևանում կայացած թիմերի առաջին հանդիպումը ևս ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» կհանդիպի ռումինական ՉՖՌ Կլուժին։
«Ալաշկերտի» կազմը
«Ալաշկերտ»․ Արսեն Բեգլարյան — Հակոբ Հակոբյան (68, Սադոյան), Սեզար, Յարոսլավ Մատյուխին, Դավիթ Տերտերյան (75, Գրանադո) — Էդգար Փիլոյան, Կարեն Նալբանդյան (105, Ադեբայո), Ռաֆայել Ժեզուս (103, Տոգոլա) — Օլավալե Ֆարայոլա, Ջոզեֆ Սաբոբո (46, Մասումու), Մոմո Տուրե (75, Էջիկե)։