Յուրա Մովսիսյանը՝ Հայաստան — Լատվիա խաղից առաջ. «Գլխավորն այն է, որ երիտասարդ ֆուտբոլիստները չվախենան իրենց դրսևորել»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ինսայդյան» տելեգրամյան ալիքին տված հարցազրույցում խոսել է Ազգերի լիգայում թիմի մեկնարկից ունեցած սպասելիքների մասին։ Լատվիայի դեմ տնային խաղից առաջ նա անդրադարձել է կադրային կորուստներին, հավաքականի նորեկ Արթուր Ղարիբյանի հեռանկարներին և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի աշխատանքին։
«Ես Հայաստանի հավաքականից միշտ ամենաբարձր սպասելիքներն ունեմ։ Ցանկանում եմ, որ երիտասարդ խաղացողները փորձ ձեռք բերեն ավելի փորձառու ֆուտբոլիստների կողքին», — ասել է Մովսիսյանը։
Հարցին, թե բազմաթիվ վնասվածքները լուրջ խնդիր կդառնա՞ն, նախկին հարձակվողն առաջարկել է իրավիճակին նայել որպես հնարավորություն երիտասարդների համար.
«Դա կախված է նրանից, թե ինչպես կնայենք դրան։ Մենք շատ երիտասարդ խաղացողներ ունենք. նրանք այս հանդիպումներում խաղալու հնարավորություն կստանան։ Գլխավորն այն է, որ երիտասարդ ֆուտբոլիստները չվախենան իրենց դրսևորել»։
Մովսիսյանը գնահատել է Արթուր Ղարիբյանի հեռանկարները
Մովսիսյանն առանձին խոսել է նաև 20-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանի մասին, որն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի գլխավոր հավաքական։ Նա առանձնացրել է «Ռոդինայի» կազմում «Զենիթի» դեմ Ղարիբյանի խաղը, որտեղ հարձակվողը դուբլ է ձևակերպել։
«Հավանաբար դա նրա կարիերայի լավագույն հանդիպումն էր։ Նա շատ յուրահատուկ տվյալներ ունի. ցանկացած ակումբ կցանկանար կազմում ունենալ նման որակներով հարձակվողի։ Հուսով եմ՝ Հայաստանի հավաքականում նա առաջատար կդառնա։ Եթե Ղարիբյանը մի փոքր փորձ ձեռք բերի և կանոնավոր խաղաժամանակ ստանա, կարող է մեծ հարձակվող դառնալ։ Նա ներուժ ունի առաջատար լինելու և՛ ակումբում, և՛ Հայաստանի հավաքականում»։
«Ես հավատում եմ Եղիշե Մելիքյանին»
Մովսիսյանը նաև աջակցել է Մելիքյանի խոսքերին այն ֆուտբոլիստների մասին, որոնք ակումբային կարիերան ավելի բարձր են դասում հավաքականում խաղալուց։ Նրա խոսքով՝ ինքն անձամբ գիտի, թե որքան դժվար կարող է լինել ազգային թիմ վերադառնալու ճանապարհը։
Նախկին հարձակվողն ընդգծել է, որ փորձառու խաղացողները պետք են երիտասարդներին՝ անկախ տարիքից։ Որպես օրինակ նա նշել է Ռոման Բերեզովսկուն, որը հավաքականում խաղացել է մինչև 42 տարեկանը. Մովսիսյանի խոսքով՝ ինքը շատ բան է սովորել նրանից։
Խոսելով գլխավոր մարզչի մասին՝ Մովսիսյանը կոչ է արել առաջիկա հանդիպումների արդյունքներով հապճեպ եզրակացություններ չանել.
«Ես հավատում եմ Եղիշե Մելիքյանին։ Նա այն մարզիչն է, որն անհրաժեշտ է Հայաստանի հավաքականին։ Նույնիսկ եթե հավաքականը ձախողվի Ազգերի լիգայում, պետք չէ անմիջապես մտածել մարզչի հեռանալու մասին»։
Ազգերի լիգայի առաջին տուրի Հայաստան — Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին Երևանում։ Սկիզբը՝ տեղական ժամանակով 20:00-ին։