Յուրա Մելիքյանը կարիերան կշարունակի բուլղարական «Բոտև 2012»-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը միացել է բուլղարական «Բոտև 2012»-ին։ 2026/27 մրցաշրջանում Վրացա քաղաքի թիմը հանդես կգա Բուլղարիայի բասկետբոլի ազգային լիգայում, իսկ տնային հանդիպումները կշարունակի անցկացնել Բոտևգրադում։
20-ամյա բասկետբոլիստն արդեն խաղադաշտ է դուրս եկել նոր թիմի կազմում՝ «Լևսկիի» դեմ ընկերական խաղում։ Մելիքյանը դաբլ-դաբլ է գրանցել՝ 12 միավոր և 11 անդրադարձ։ «Բոտև 2012»-ը պարտվել է 94։106 հաշվով։
Մելիքյանը նախամրցաշրջանային պատրաստությունը սկսել էր Բուլղարիայի գործող չեմպիոն «Բալկանի» կազմում։ Ստուգողական հանդիպումներից մեկում՝ «ՏՖՏ Սկոպյեի» դեմ, նա վաստակել էր 13 միավոր և կատարել 13 անդրադարձ։ Սակայն հայ բասկետբոլիստը մրցաշրջանը կսկսի այլ ակումբում։
Ճշտում Sportaran-ի նախորդ հրապարակման վերաբերյալ. մենք հայտնել էինք, որ Մելիքյանը պայմանագիր է կնքել «Բալկանի» հետ։ Նա իսկապես երեկ մասնակցել էր Եվրոպայի գավաթի համար թիմի ֆոտոշարքին, սակայն այսօր հայտնի դարձավ, որ միացել է «Բոտև 2012»-ին։

Մինչ Բուլղարիա տեղափոխվելը Մելիքյանը հանդես է եկել լատվիական «Լատվիաս Ունիվերսիտատեում» և շվեյցարական «Սթարվինգս Բազելում»։ Ամռանը նրան NBA G League-ի դրաֆթում ընտրել էր «Ռիո Գրանդե Վելլի Վայփերսը», սակայն նա կարիերան կշարունակի Եվրոպայում։