Վահե Գևորգյանը՝ «Ելիմայի» դեմ խաղից առաջ․ «Հետաքրքիր հանդիպում է լինելու»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Ղազախստանի «Ելիմայի» դեմ պատասխան հանդիպումից առաջ։
Հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Սեմեյում։ Երևանում կայացած թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Դիմակայության հաղթողը դուրս կգա մրցաշարի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի ռումինական «ԿՖՌ Կլուժի» հետ։
Վահե Գևորգյանի մամուլի ասուլիսը
— Ինչպե՞ս եք պատրաստվում կառուցել խաղը պատասխան հանդիպմանը՝ պաշտպանությունից, հարձակմա՞ն, թե՞ երկկողմ գրոհների վրա։
— Մենք գիտեինք, որ «Ելիմայը» շատ լավ մարզիչ և ուժեղ կազմ ունի։ Կարող եմ ասել, որ երկրպագուներին շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Ավելին բացահայտել չեմ կարող։
— Ի՞նչը խանգարեց հաղթել տնային խաղում։
— Հանդիպման սկզբում որոշակի լարվածություն կար։ Շատ ֆուտբոլիստների համար սա եվրոպական մրցաշարերում հանդես գալու առաջին փորձն էր։ Բացի այդ, մենք դեռ չէինք մտել խաղային ռիթմի մեջ։ Առանձին դրվագներում կորցնում էինք կենտրոնացումը և նման պահերից մեկից հետո գոլ բաց թողեցինք։ Մենք ամեն ինչ վերլուծել ենք, աշխատել սխալների վրա և պատրաստ ենք պատասխան հանդիպմանը։
— Գո՞հ եք ստեղծված գոլային պահերի քանակից։
— Իհարկե՝ ոչ, սակայն այդպիսին էր հանդիպման սցենարը։ Մրցակիցն առաջարկեց մեծ քանակությամբ պայքարով խաղ։ «Ելիմայն» ինձ դուր եկավ։ Խաղադաշտում հանդիպել էին հավասար ուժերի թիմեր։ Նման հանդիպումներում դժվար է մեծ քանակությամբ գոլային պահեր ակնկալել։
Դա հավասարակշռված ֆուտբոլ էր։ Պատասխան հանդիպման ժամանակ ևս նմանատիպ խաղ եմ սպասում, քանի որ խաղասեղանին շատ բան է դրված՝ հաջորդ փուլ դուրս գալը։ Կարևորն ամբողջ հանդիպման ընթացքում կենտրոնացումը պահպանելն ու սեփական պահերն օգտագործելն է։
— «Ելիմայի» հանդիպումներն անցնում են լեփ-լեցուն տրիբունաների պայմաններում։ Հաշվի առնելով, որ Հայաստանում նման մթնոլորտ հաճախ չի հանդիպում, կարո՞ղ է դա բացասաբար ազդել ձեր թիմի վրա։
— Իհարկե, դա առավելություն է դաշտի տերերի համար։ «Ելիմայը» շատ երկրպագուներ ունի, իսկ մարզադաշտի միջին լցվածությունը գերազանցում է 80 տոկոսը։ Սպասում ենք լեփ-լեցուն տրիբունաներ։
Մենք նախկինում ևս խաղացել ենք նման պայմաններում և գիտենք, թե ինչպես այդպիսի մթնոլորտը ծառայեցնել մեր օգտին։ Կփորձենք հոգեբանորեն ավելի լավ պատրաստվել հանդիպմանը, քան մրցակիցը։
— Առաջին հանդիպման ոչ-ոքի արդյունքը թիմերին հավասար հնարավորություններ է թողնում։ Ի՞նչը կարող է որոշիչ գործոն դառնալ պատասխան խաղում։
— Սկզբից էլ թիմերի հնարավորությունները գնահատում էի 50՝ 50։ Հիմա նույնպես դրանք հավասար եմ համարում։ Որոշիչ գործոնները կլինեն ֆուտբոլիստների կենտրոնացվածությունը և այն, թե թիմերն ինչպես կօգտագործեն իրենց պահերը։
— «Ալաշկերտը» երկար ժամանակ պաշտոնական հանդիպումներ չէր անցկացրել, մինչդեռ «Ելիմայը» մրցաշրջանի կեսում է։ Դա մե՞ծ առավելություն է մրցակցի համար։
— Դա արդեն նկատելի էր առաջին խաղում։ Ես ասել էի, որ մրցակցի անցկացրած մեծ թվով հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ ուսումնասիրել նրան։ Սակայն խաղային ռիթմի առումով «Ելիմայը» գերազանցում էր մեզ։
Հուսով եմ՝ առաջին պաշտոնական հանդիպումից հետո առաջընթաց կունենանք և պատասխան խաղում ավելի լավ տեսք կունենանք։
— Առաջին խաղում խաղադաշտ դուրս եկան մի քանի նորեկներ։ Ի՞նչ վիճակում են մյուս ֆուտբոլիստները։ Կարելի՞ է նորամուտներ սպասել։
— Հնարավոր է։ Առաջին հանդիպմանը երկու նորեկ ընդգրկված էին մեկնարկային կազմում, ևս երկուսը խաղադաշտ դուրս եկան փոխարինման։ Դանիել Աղբալյանին չհասցրինք հայտավորել որակավորման առաջին փուլի համար։ Ադեբայոն նույնպես դեռ նորամուտը չի նշել։
Հանդիպման ընթացքը ցույց կտա, թե որ դիրքի ֆուտբոլիստի կարիք կունենա թիմը։