Վաղարշակ Քեյանն անցել է բռնցքամարտի Եվրոպայի Մ23 առաջնության կիսաեզրափակիչ․ Հայաստանն ապահովել է երկու մեդալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանն անցել է Խորվաթիայի Պորեչ քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ։ Այսպիսով, Հայաստանի հավաքականն արդեն ապահովել է առնվազն երկու բրոնզե մեդալ։
55 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Վաղարշակ Քեյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0 հաշվով, վստահ հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Նիկոլաս Պավլիկի նկատմամբ։ Այս հաղթանակը հայ բռնցքամարտիկին ապահովել է կիսաեզրափակչի ուղեգիր և առնվազն բրոնզե մեդալ։
Ավելի վաղ նման հաջողության էր հասել նաև Դավիթ Սիմոնյանը (90 կգ), որը քառորդ եզրափակիչում առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել անգլիացի Էմանուել Ադեկալի Կարգբոյին։
Քառորդ եզրափակիչներում հանդես եկած Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։
Հայ բռնցքամարտիկների մասնակցությամբ քառորդ եզրափակիչների արդյունքները
-
55 կգ․ Վաղարշակ Քեյան (Հայաստան) — Նիկոլաս Պավլիկ (Լեհաստան)՝ 5։0։
-
50 կգ․ Հովհաննես Հարությունյան (Հայաստան) — Թևֆիք Աքքաս (Թուրքիա)՝ պարտություն նոկաուտով առաջին ռաունդում։
-
65 կգ․ Արգիշտի Հակոբյան (Հայաստան) — Արթուր Կուզմենկո (Ուկրաինա)՝ 0։5։
-
80 կգ․ Ալիկ Հովհաննիսյան (Հայաստան) — Լակի Աիմուֆուա (Ավստրիա)՝ 0։5։
Եվրոպայի Մ23 առաջնության կիսաեզրափակիչներ՝ նոյեմբերի 22
Եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ։
-
55 կգ․ Վաղարշակ Քեյան (Հայաստան) — Բոգդան Չելդիկ (Ուկրաինա)։
-
90 կգ․ Դավիթ Սիմոնյան (Հայաստան) — Ջունիոր Տադա (Ֆրանսիա)։
Բացի այդ, 60 կգ քաշային կարգում Վրաստանը ներկայացնող Գոռ Ազիզյանը կիսաեզրափակիչում կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ Սելահաթթինի հետ։
Այսպիսով, Հայաստանն արդեն ապահովել է երկու մեդալ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում։ Կիսաեզրափակիչներում հաղթելու դեպքում Քեյանն ու Սիմոնյանը հնարավորություն կստանան պայքարելու մրցաշարի ոսկե մեդալների համար։