Երևանում կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի որակավորման նախնական փուլը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 14-ին Երևանում կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի 2026/27 մրցաշրջանի որակավորման նախնական փուլը։ Խմբի հանդիպումները կանցկացվեն հունիսի 14-ից 20-ը՝ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։
Մրցաշարում Հայաստանը կներկայացնի «Կիլիկիան»՝ Սիրողական Ա լիգայի չեմպիոնը։ ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի կանոնակարգի համաձայն՝ թիմի կազմում կարող են հանդես գալ միայն այն ֆուտբոլիստները, որոնք պրոֆեսիոնալ անցյալ չեն ունեցել և վերջին տարիներին հանդես են եկել երկրի սիրողական առաջնությունում։ Բացի այդ, երկիրը ներկայացնող թիմը պարտադիր պետք է համալրվի նույն լիգայի այլ ակումբների ֆուտբոլիստներով՝ առնվազն 4 ակումբից։
Նախնական փուլում հայկական թիմի մրցակիցները կլինեն Լիտվայի և Էստոնիայի ներկայացուցիչները։ Որակավորման հիմնական փուլ դուրս գալու համար անհրաժեշտ է երեք թիմից բաղկացած խմբում գրավել առաջին տեղը։
ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթը սիրողական թիմերի գլխավոր եվրոպական մրցաշարն է։ Մրցաշարին մասնակցում են ոչ թե պրոֆեսիոնալ ակումբներ, այլ իրենց երկրները ներկայացնող տարածաշրջանային կամ սիրողական թիմեր։
Նախորդ խաղարկությունում Հայաստանը ներկայացնում էր «Վայքը»։ Թիմը անցկացրեց երկու հանդիպում, տարավ մեկ հաղթանակ և նախնական փուլի խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը, սակայն չկարողացավ անցնել հաջորդ փուլ։

Ինչպես են հայկական թիմերը հանդես եկել ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթում
Հայկական ներկայացուցիչների մասնակցության պատմությունն այս մրցաշարում սկսվել է դեռ 1999 թվականին։ Այդ ժամանակ ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի նորացված առաջին խաղարկությունում Հայաստանը ներկայացնում էր «Արմենիա» անունով թիմը։ Նորամուտը բավական արժանապատիվ ստացվեց՝ չորս միավոր երեք խաղում և երրորդ տեղ խմբում։ Սակայն հաջորդ փուլ դուրս գալու համար դա բավարար չէր։
Հաջորդ մասնակցությանը պետք էր սպասել 11 տարի։ 2010/11 մրցաշրջանում Հայաստանը ներկայացրեց «Մալաթիան», սակայն ելույթը անհաջող ստացվեց․ երեք պարտություն երեք խաղում և վերջին տեղ խմբում։
Դրանից հետո եղավ ևս մեկ երկարատև դադար։ 2024/25 մրցաշրջանում մրցաշարում հանդես եկավ «Վայքը», որը երկու խաղում վաստակեց երեք միավոր և նախնական փուլի խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Այժմ ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթում իր պատմությունը կսկսի «Կիլիկիան»։ Հայկական թիմը հնարավորություն կունենա առաջին անգամ երկրի ներկայացուցչին դուրս բերելու մրցաշարի հաջորդ փուլ։
Հայկական ներկայացուցիչների վիճակագրությունը ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթում
«Արմենիա» — 1999 մրցաշրջան
Նախնական փուլ, 3-րդ տեղ 3-րդ խմբում
3 խաղ՝ 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն
Գոլերի տարբերություն՝ 5։5
«Մալաթիա» — 2010/11 մրցաշրջան
Նախնական փուլ, 4-րդ տեղ B խմբում
3 խաղ՝ 3 պարտություն
Գոլերի տարբերություն՝ 2։10
«Վայք» — 2024/25 մրցաշրջան
Նախնական փուլ, 2-րդ տեղ A խմբում
2 խաղ՝ 1 հաղթանակ, 1 պարտություն
Գոլերի տարբերություն՝ 1։4