SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ցելյեում» վստահ են «Արարատ-Արմենիայի» դեմ քամբեքի հարցում. «Կցուցադրենք, որ ավելի ուժեղ ենք»


«Ցելյեում» վստահ են «Արարատ-Արմենիայի» դեմ քամբեքի հարցում. «Կցուցադրենք, որ ավելի ուժեղ ենք»
Ֆուտբոլ

Սլովենական «Ցելյեի» գլխավոր մարզիչ Վիտոր Կամպելուշը և թիմի կիսապաշտպան Բենիամին Վերբիչը խոսել են Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ պատասխան հանդիպման սպասելիքների մասին։

Թիմերի միջև առաջին հանդիպումը Երևանում ավարտվել է հայկական ակումբի՝ 2:1 հաշվով հաղթանակով։ Այսպիսով, սեփական հարկի տակ կայանալիք պատասխան խաղից առաջ «Ցելյեն» պետք է հետ բերի մեկ գնդակի տարբերությունը։

Կամպելուշը նշել է, որ սլովենական ակումբում կարևոր հանդիպումից առաջ մեծ պատասխանատվություն են զգում, սակայն, նրա խոսքով, ճնշումը դրական բնույթ ունի։

«Բոլորն ուզում են նման հանդիպումների մասնակիցը լինել։ Վստահ եմ, որ կարող ենք պատմություն կերտել ակումբի, Ցելյե քաղաքի և սլովենական ֆուտբոլի համար։ Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված։ Մեզ հաղթանակ է անհրաժեշտ, և դա թիմին ավելի է մոտիվացնում»,- ասել է «Ցելյեի» գլխավոր մարզիչը։

Կամպելուշը նաև ընդգծել է, որ իր թիմը խաղից խաղ առաջընթաց է գրանցում, այդ թվում՝ պաշտպանությունում։ Սլովենիայի առաջնության վերջին խաղում «Ցելյեն» հաղթել է «Օլիմպիային» և անառիկ պահել սեփական դարպասը։

Միևնույն ժամանակ մարզիչը հասկացրել է, որ իր համար առաջնայինը վերջնական արդյունքն է, ոչ թե բաց թողած գոլերի քանակը։

«Կհամաձայնեի երկու գնդակի տարբերությամբ ցանկացած հաղթանակի՝ նույնիսկ 4:2 կամ 3:1 հաշվով։ Մենք պետք է հասուն խաղ ցուցադրենք։ Իհարկե, արագ գոլը կհեշտացներ մեր խնդիրը, սակայն հանդիպումը տևում է 90 րոպե։ Ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն հաջորդ փուլ դուրս գալու համար»,- նշել է Կամպելուշը։

Իր հերթին Բենիամին Վերբիչը կարծում է, որ Երևանում կայացած առաջին հանդիպման արդյունքը չի արտացոլում խաղադաշտում ուժերի իրական հարաբերակցությունը։

«Հայաստանում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ նույնիսկ եթե խաղադաշտում ավելի լավն ես և քեզ ավելի որակյալ թիմ ես համարում, միևնույն է կարող ես պարտվել։ Բայց վստահ եմ, որ պատասխան խաղում արդյունքով ևս ցույց կտանք, որ ավելի ուժեղ թիմ ենք։ Մեր նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է»,- ասել է Վերբիչը։

Փորձառու ֆուտբոլիստն ավելացրել է, որ «Ցելյեն» պետք է հնարավորինս ուշադիր գործի, քանի որ նման մակարդակի հանդիպումներում դիմակայության ելքը հաճախ որոշվում է առանձին դրվագներով։

«Պետք է խաղալ տաք սրտով և սառը գլխով։ Նույնիսկ փոքր սխալը կարող է շատ թանկ արժենալ։ Ամեն ինչ որոշվում է մանրուքներով։ Մենք առավելագույնս կպատրաստվենք և վստահ ենք, որ խաղից հետո կնշենք հաջորդ փուլ դուրս գալը»,- հայտարարել է կիսապաշտպանը։

Այսպիսով, Սլովենիայում կայանալիք պատասխան հանդիպումից առաջ «Ցելյեի» ներկայացուցիչները չեն թաքցնում սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։ Սակայն վճռորոշ խաղին առավելությամբ մոտենում է հենց «Արարատ-Արմենիան», որը Երևանում հաղթել է 2:1 հաշվով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։