Տիգրան Հարությունյանը դարձավ քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն․ Հայաստանի առաջին ոսկին վերջին 15 տարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ քիքբռնցքամարտիկ Տիգրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող WAKO-ի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Հայ մարզիկը լավագույնն է ճանաչվել մինչև 60 կգ քաշային կարգում՝ չեմպիոնական տիտղոսի ճանապարհին տանելով չորս հաղթանակ։
Եզրափակիչ մենամարտում Հարությունյանը մրցել է Թուրքիայի ներկայացուցչի հետ և կարողացել է հաղթանակ տոնել՝ Հայաստանի հավաքականին պարգևելով ոսկե մեդալ։
Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկն ընդհանուր առմամբ անցկացրել է չորս մենամարտ և հաղթել բոլորում։ Նրա մրցակիցները եղել են Լեհաստանի, Վրաստանի, Իտալիայի և Թուրքիայի ներկայացուցիչները։
Մինչև 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճել են Նորվեգիայի և Լեհաստանի մարզիկները։
Պատմական ոսկի Հայաստանի համար
Տիգրան Հարությունյանի հաջողությունը նշանակալի իրադարձություն է հայկական քիքբոքսինգի համար։ Նա վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանի առաջին ներկայացուցիչն է, որը նվաճել է WAKO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Միևնույն ժամանակ, Հարությունյանի ոսկե մեդալը Հայաստանի հավաքականի միակ պարգևն է դարձել 2026 թվականի Եվրոպայի առաջնությունում։
WAKO-ի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում նոյեմբերի 6-ից 15-ը՝ համախմբելով Եվրոպայի ուժեղագույն քիքբռնցքամարտիկներին, որոնք մրցում են տարբեր մրցաձևերում։
