«Արարատ-Արմենիայի» բարդ ուղին. «Ռիգա», հնարավոր «Շեմրոք Ռովերս» և շանս Կոնֆերենցիաների լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» իմացավ իր հավանական մրցակիցներին եվրագավաթային 2026/27 մրցաշրջանի մեկնարկում։ Հայաստանի չեմպիոնը պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ կխաղա լատվիական «Ռիգայի» դեմ։
Հայկական ակումբի համար վիճակահանությունը բավական բարդ ստացվեց։ «Ռիգան» այն ամենաուժեղ մրցակիցներից է, որոնք այս փուլում կարող էին բաժին հասնել «Արարատ-Արմենիային»։ Ավելին՝ արդեն հայտնի է նաև Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում հնարավոր մրցակիցը, ինչպես նաև Կոնֆերենցիաների լիգայում ճանապարհը շարունակելու տարբերակը՝ լատվիական ակումբին պարտվելու դեպքում։
«Ռիգա»՝ լուրջ մրցակից արդեն առաջին փուլում
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող «Ռիգան»։
Լատվիայի առաջնությունն անցկացվում է գարուն-աշուն համակարգով, այդ պատճառով «Ռիգան» այժմ խաղային լավ ռիթմի մեջ է։ Թիմն արդեն անցկացրել է 17 տուր և 42 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ընդ որում՝ առաջնությունում «Ռիգան» ընդամենը մեկ պարտություն ունի։
Նախորդ մրցաշրջանում «Ռիգան» դարձավ Լատվիայի չեմպիոն, իսկ այժմ կրկին պայքարում է առաջին տեղի համար։ Սա մրցակցին հատկապես վտանգավոր է դարձնում․ լատվիական թիմն արդեն մարզավիճակ է հավաքել և մրցաշրջանի միջնամասում է, մինչդեռ «Արարատ-Արմենիան» դեռ միայն պատրաստվում է նոր ֆուտբոլային տարվան։
«Ռիգայի» կազմի ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 13,7 միլիոն եվրո։ Սա մոտ երկու անգամ ավելի է, քան «Արարատ-Արմենիայի» ցուցանիշը։ Լատվիական ակումբի կազմում կա 17 լեգեոներ, իսկ 12 ֆուտբոլիստ հրավիրվել է իր ազգային հավաքական․ յոթը՝ Լատվիայի հավաքական, երկուսը՝ Կոստա Ռիկայի հավաքական, մեկական՝ Գամբիայի, Կոլումբիայի և Թունիսի հավաքականներ։
«Ռիգայի» ամենաթանկ ֆուտբոլիստները
Լատվիական ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստների թոփ-5-ը․
Աբներ, կենտրոնական պաշտպան, Բրազիլիա — 1 մլն եվրո,
Ռեժինալդո Ռամիրես, կենտրոնական հարձակվող, Բրազիլիա — 900 հազար եվրո,
Օրլանդո Գալո, կենտրոնական կիսապաշտպան, Կոստա Ռիկա — 800 հազար եվրո,
Կայո, աջ եզրային հարձակվող, Բրազիլիա — 800 հազար եվրո,
Ահմեդ Անկրա, կենտրոնական կիսապաշտպան, Գանա — 750 հազար եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն Մոհամադ Բադամոսին է, որի հաշվին կա 12 գոլ։
2026 թվականի ամռանը «Ռիգան» դեռ տրանսֆերներ չի իրականացրել, ուստի այս պահին թիմը եվրագավաթներին մոտենում է առանց կազմի լուրջ փոփոխությունների։
«Ռիգայի» եվրագավաթային փորձը
Եվրագավաթներում «Ռիգայի» լավագույն արդյունքը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլն է 2019/20 մրցաշրջանում։
Նախորդ եվրագավաթային մրցաշրջանում լատվիական ակումբը նույնպես մոտ էր լուրջ արդյունքի։ Կոնֆերենցիաների լիգայում «Ռիգան» հաղթահարեց երկու փուլ և կանգ առավ միայն որակավորման փլեյ-օֆֆում։
«Ռիգայի» ուղին 2025/26 մրցաշրջանի եվրագավաթներում․
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլ․ «Դիլա» — 2:1, 3:3, ընդհանուր հաշիվը՝ 5:4,
Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ փուլ․ «Բեյթար» — 3:0, 1:3, ընդհանուր հաշիվը՝ 4:3,
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ․ Պրահայի «Սպարտա» — 1:0, 0:2, ընդհանուր հաշիվը՝ 1:2։
Հատկապես խոսուն է «Սպարտայի» հետ դիմակայությունը։ «Ռիգան» կարողացավ հաղթել պրահյան ակումբին առաջին խաղում, բայց երկու հանդիպումների արդյունքում զիջեց։ Սա ցույց է տալիս, որ լատվիական թիմը կարող է պայքար պարտադրել ավելի բարձր մակարդակի մրցակիցների։ «Արարատ-Արմենիան» նախորդ մրցաշրջանում նույնպես խաղացել էր «Սպարտայի» դեմ և երկու անգամ պարտվել՝ 1:2 և 1:4 հաշիվներով, սակայն խաղային առումով վատ տեսք չուներ։
«Արարատ-Արմենիայի» համար սա ծանր դիմակայություն կլինի արդեն մեկնարկում։ «Ռիգան» ունի խաղային պրակտիկա, թանկ կազմ, մեծ թվով լեգեոներներ և թարմ եվրագավաթային փորձ։

Ով կարող է սպասել «Արարատ-Արմենիային» Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում
Եթե «Արարատ-Արմենիան» հաղթահարի «Ռիգայի» արգելքը, ապա Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա «Շեմրոք Ռովերս» — «Ֆլորիանա» զույգի հաղթողի հետ։
Այս զույգում գլխավոր ֆավորիտը իռլանդական «Շեմրոք Ռովերսն» է։ Սա ամուր եվրագավաթային թիմ է, որը պարբերաբար հանդես է գալիս միջազգային ասպարեզում։ Եթե հաջորդ փուլ դուրս գա մալթական «Ֆլորիանան», ապա «Արարատ-Արմենիա» — «Ռիգա» զույգի հաղթողի համար դա ավելի հարմար տարբերակ կլինի։ Սակայն ամենահավանական մրցակիցը, ամեն դեպքում, հենց «Շեմրոք Ռովերսն» է։
Իռլանդիայի առաջնությունը նույնպես շարունակվում է։ «Շեմրոք Ռովերսը» 21 տուրից հետո 40 միավորով զբաղեցնում է առաջին տեղը։
Իռլանդական ակումբի կազմի ընդհանուր տրանսֆերային արժեքը 6,45 միլիոն եվրո է։ Սա մոտավորապես համադրելի է «Արարատ-Արմենիայի» կազմի արժեքի հետ։ Թիմում կա ընդամենը հինգ լեգեոներ, սակայն ինը ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքականներ․ յոթը՝ Իռլանդիայի հավաքական, մեկը՝ Ուելսի հավաքական, ևս մեկը՝ Կաբո Վերդեի հավաքական։
Խոսքը Ռիկարդո Լոպեսի մասին է, որը ներկայում հանդես է գալիս 2026 թվականի աշխարհի առաջնությունում և կարող է բաց թողնել եվրագավաթային հանդիպումները։
«Շեմրոք Ռովերսի» ամենաթանկ ֆուտբոլիստները
Իռլանդական ակումբի ամենաթանկ ֆուտբոլիստների թոփ-5-ը․
Մեթյու Հիլի, կենտրոնական կիսապաշտպան, Իռլանդիա — 500 հազար եվրո,
Մայքլ Նունան, կենտրոնական հարձակվող, Իռլանդիա — 450 հազար եվրո,
Ջեք Բիրն, կենտրոնական կիսապաշտպան, Իռլանդիա — 400 հազար եվրո,
Վիկտոր Օժիանվունա, հարձակվողական ոճի կիսապաշտպան, Իռլանդիա/Ռուսաստան — 350 հազար եվրո,
Ջոն ՄաքԳովերն, կենտրոնական հարձակվող, Հյուսիսային Իռլանդիա — 325 հազար եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն Գրեմ Բուրքն է։ Նրա հաշվին կա 10 գոլ 29 խաղում։
2026 թվականի ամռանը «Շեմրոք Ռովերսը» դեռ ոչ մեկին չի ձեռք բերել, բայց արդեն կորցրել է կարևոր ֆուտբոլիստի։ Վիկտոր Օժիանվունան հեռանում է թիմից և 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում Լոնդոնի «Արսենալ»։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա իռլանդական ակումբի հիմնական ֆուտբոլիստներից էր, ուստի նրա հեռանալը կարող է ազդել թիմի վրա։
«Շեմրոք Ռովերսի» եվրագավաթային փորձը
Եվրագավաթներում «Շեմրոք Ռովերսի» լավագույն արդյունքը Եվրոպա լիգայի խմբային փուլն է 2011/12 մրցաշրջանում։
Նախորդ մրցաշրջանում իռլանդական ակումբը նույնպես հաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորումը և դուրս եկավ լիգայի փուլ։
«Շեմրոք Ռովերսի» ուղին 2025/26 մրցաշրջանի եվրագավաթներում․
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլ․ «Սենթ Ջոզեֆ» — 0:0, 4:0, ընդհանուր հաշիվը՝ 4:0,
Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ փուլ․ «Բալկանի» — 4:0, 0:1, ընդհանուր հաշիվը՝ 4:1,
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ․ «Սանտա Կլարա» — 0:0, 2:1, ընդհանուր հաշիվը՝ 2:1։
Դրանից հետո «Շեմրոք Ռովերսը» խաղաց Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում, որտեղ տարավ մեկ հաղթանակ, մեկ անգամ խաղաց ոչ-ոքի և զբաղեցրեց 31-րդ տեղը։
Իռլանդական թիմը չի թվում անհաղթահարելի, բայց այն փորձառու մրցակից է, որը գիտի՝ ինչպես խաղալ եվրագավաթներում։ Միևնույն ժամանակ կազմի արժեքով «Շեմրոք Ռովերսը» մոտավորապես նույն մակարդակի վրա է, ինչ «Արարատ-Արմենիան»՝ ի տարբերություն «Ռիգայի», որն այս ցուցանիշով զգալիորեն գերազանցում է հայկական ակումբին։
Ինչ կլինի, եթե «Արարատ-Արմենիան» պարտվի «Ռիգային»
«Արարատ-Արմենիայի» համար արդեն հայտնի է նաև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հնարավոր մրցակիցը՝ «Ռիգային» պարտվելու դեպքում։ Հայկական ակումբը կխաղա «Վարդար» — ԿուՊՍ զույգի պարտվողի հետ։
Ավելի հավանական է թվում «Վարդարի» դուրս մնալը, քանի որ ֆիննական ԿուՊՍ-ն այս պահին պետք է համարվի այդ զույգի ֆավորիտը։ Այդ դեպքում «Արարատ-Արմենիան» կարող է ստանալ հյուսիսմակեդոնական ակումբին։
«Վարդարը» մի քանի տարվա ճգնաժամից հետո վերածնունդ է ապրում, բայց սա դեռ շատ անփորձ թիմ է։ Տուլիպայի թիմի համար նման մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայում միանգամայն հաղթահարելի տարբերակ կթվա։
Իհարկե, «Արարատ-Արմենիայի» գլխավոր նպատակը «Ռիգային» հաղթելն ու Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելն է։ Բայց նույնիսկ անհաջողության դեպքում Հայաստանի չեմպիոնի համար կարող է բավական լավ շանս մնալ՝ շարունակելու եվրագավաթային արշավը։
Ինչ վիճակում է «Արարատ-Արմենիան»
«Արարատ-Արմենիան» նոր մրցաշրջանին մոտենում է չեմպիոնական տարվանից հետո։ Ակումբում մնացել է ողջ մարզչական շտաբը, ինչը կարելի է կարևոր դրական գործոն համարել։ Թիմը պահպանել է կառավարելիությունն ու խաղային կառուցվածքը, բայց կազմում արդեն փոփոխություններ են եղել։
Ակումբը լքել են հիմնական կենտրոնական պաշտպան Ժոաու Կեյրուշը, ձախ պաշտպան Հակոբ Հակոբյանը և կենտրոնական կիսապաշտպան Վելտոնը։ Նոր տրանսֆերներ դեռ հնարավոր են, ինչպես նաև լրացուցիչ հեռացումներ, բայց այս պահին այդ մասին պաշտոնական տեղեկություն չկա։
«Արարատ-Արմենիայի» ընդհանուր տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 6,47 միլիոն եվրո։ Սա մոտավորապես այնքան է, որքան «Շեմրոք Ռովերսի» ցուցանիշը, բայց գրեթե երկու անգամ պակաս է «Ռիգայից»։
Հայկական ակումբի կազմում ութ ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական։ Բացի այդ, մեկ խաղացող հրավիրվել է Քենիայի հավաքական, ևս մեկը՝ Բուրկինա Ֆասոյի հավաքական։
Ամփոփում
«Արարատ-Արմենիայի» համար վիճակահանությունը բարդ ստացվեց։ Չեմպիոնների լիգայի արդեն առաջին փուլում Հայաստանի չեմպիոնին բաժին հասավ «Ռիգան»՝ ավելի թանկ կազմով, մեծ թվով լեգեոներներով, լավ ընթացիկ մարզավիճակով և թարմ եվրագավաթային փորձով թիմ։
Եթե «Արարատ-Արմենիան» հաղթահարի լատվիական ակումբի արգելքը, ապա հաջորդ փուլում, ամենայն հավանականությամբ, նրան կսպասի «Շեմրոք Ռովերսը»՝ փորձառու, բայց մակարդակով և կազմի արժեքով ավելի համադրելի մրցակից։ Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլ դուրս գալը շատ կարևոր է, քանի որ դրանից հետո Չեմպիոնների լիգայից դուրս մնալու դեպքում թիմը տեղափոխվում է արդեն Եվրոպա լիգա, ոչ թե Կոնֆերենցիաների լիգա։
«Ռիգային» պարտվելու դեպքում ճանապարհը կշարունակվի Կոնֆերենցիաների լիգայում, որտեղ հավանական մրցակից կարող է լինել «Վարդարը»։ Նման տարբերակը ավելի հարմար կթվա, բայց Հայաստանի չեմպիոնի համար գլխավոր մարտահրավերը մնում է հենց Չեմպիոնների լիգայի առաջին փուլը։
«Արարատ-Արմենիան» ստացել է բարդ, բայց հետաքրքիր եվրագավաթային երթուղի։ Տուլիպայի թիմին անմիջապես լուրջ փորձություն է սպասվում, և հենց «Ռիգայի» դեմ հանդիպումները ցույց կտան, թե որքանով է Հայաստանի չեմպիոնը պատրաստ նոր միջազգային մրցաշրջանին։