SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սերոբյանն ու Տուլիպան՝ «Ցելյեի» դեմ պատասխան խաղից առաջ․ «Պատմական արդյունքի շեմին ենք»


Սերոբյանն ու Տուլիպան՝ «Ցելյեի» դեմ պատասխան խաղից առաջ․ «Պատմական արդյունքի շեմին ենք»
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը և թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան պատասխանել են լրագրողների հարցերին Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ Սլովենիայի «Ցելյեի» դեմ պատասխան հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Երևանում կայացած թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է «Արարատ-Արմենիայի» հաղթանակով՝ 2:1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին Սլովենիայում։

Հաջողության դեպքում «Արարատ-Արմենիան» կդառնա առաջին հայկական ակումբը, որին կհաջողվի դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ։ Բացի այդ, թիմն իրեն կապահովի առնվազն Եվրոպա լիգայի հիմնական փուլում մասնակցություն։

Նախկինում հայկական ակումբները հանդես են եկել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում և հասել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, սակայն դեռևս չեն կարողացել հաղթահարել այդ փուլը։ Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում հայկական թիմերը նույնպես երբեք չեն խաղացել։

«Արարատ-Արմենիայի» մամուլի ասուլիսը «Ցելյեի» դեմ պատասխան խաղից առաջ

Արթուր Սերոբյան

Առաջին խաղում «Արարատ-Արմենիայի» գոլերից մեկի հեղինակ Արթուր Սերոբյանը պատմել է պատասխան հանդիպումից առաջ թիմի տրամադրվածության մասին։

— Հոգեբանորեն որքանո՞վ եք պատրաստ հանդիպմանը։

— Ընդհանրապես լարվածություն չկա։ Կա միայն մեծ պատասխանատվություն թիմի հանդեպ, և բոլորը դա հասկանում են։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտակցում է, որ մենք շատ կարևոր և պատասխանատու իրավիճակում ենք հայտնվել։ Այդ պատճառով վաղը պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնելու և մեր ժողովրդին ուրախացնելու համար։

— Առաջին հանդիպումից հետո փոխվե՞լ է ձեր վերաբերմունքը «Ցելյեի» նկատմամբ՝ համեմատած այն ակնկալիքների հետ, որոնք ունեիք առաջին խաղից առաջ։

— Սա շատ բարձրակարգ թիմ է։ Բոլոր օղակներում նրանք ուժեղ ֆուտբոլիստներ ունեն և շատ լավ խաղակցված են։ Մեր մարզիչները մեզ ասում էին, որ այնտեղ շատ լավ խաղացողներ կան, և հանդիպման ընթացքում մենք ինքներս դրանում համոզվեցինք։ Բայց մենք նույնպես հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք և ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ ցանկացած մրցակցի դեմ։

— «Ցելյեի» դեմ խաղերում ո՞ր ասպեկտն է ամենադժվարը։

— Չեմ կարող առանձնացնել որևէ կոնկրետ բան։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեզ չափազանց դժվար հանդիպում է սպասվում։ Նրանք խաղում են սեփական հարկի տակ և իրենց երկրպագուների առջև ավելի վստահ են գործելու։ Բայց մենք նույնպես վստահ ենք մեր ուժերին, քանի որ հաղթել ենք առաջին խաղում։ Վաղվա հանդիպման ընթացքում յուրաքանչյուր մանրուք կարևոր է լինելու։

— Ձեր եզրում սովոր եք խաղալ Կամո Հովհաննիսյանի կամ Ուգո Օլիվեյրայի հետ, սակայն վերջին հանդիպումներում այնտեղ հանդես է եկել Խուլիո Բուենոն։ Ինչպե՞ս է ստացվում ձեր փոխգործակցությունը։

— Մինչ այս Բուենոյի հետ նույն եզրում չէինք խաղացել, իսկ Կամոյի և Ուգոյի հետ շատ լավ ենք հասկանում միմյանց։ Բայց Բուենոյի հետ էլ մեզ հաջողվեց խաղակցվել։ Նա արդեն հասկանում է, որ ես լավ եմ գործում մրցակցի դեմ մեկ-մեկ իրավիճակներում, և նման պահերին փորձում է արագ փոխանցել գնդակն ինձ։

Նրա ամենաուժեղ կողմը պաշտպանությունում խաղն է, այդ պատճառով նա այնքան էլ հաճախ չի միանում գրոհներին։ Սակայն մի քանի անգամ նա լավ առաջ գնաց, և մենք միասին գրոհներ կազմակերպեցինք։ Կարծում եմ՝ հանդիպումից հանդիպում մեր փոխգործակցությունն ավելի լավ է դառնալու։

— Հանդիպումների ընթացքում դուք հաճախ մյուս վինգերի հետ փոխվում եք եզրերով։ Ինչպե՞ս եք հասկանում, թե երբ է անհրաժեշտ փոխել դիրքերը, և դա միշտ մարզչի՞ ցուցումով է տեղի ունենում։

— Երբեմն մարզիչն է նման ցուցում տալիս, իսկ երբեմն մենք ինքներս ենք որոշում։ Պատահում է, որ ստանդարտ իրավիճակից հետո հայտնվում եմ ձախ եզրում և որոշ ժամանակ մնում եմ այնտեղ, որպեսզի ազատ գոտիներ չառաջանան։

Կարծում եմ՝ եզրերի մեր անկանխատեսելի փոփոխությունները խնդիրներ են ստեղծում մրցակիցների համար։ Նրանց համար դժվար է հասկանալ, թե ինչպես չեզոքացնել մեզ նման պահերին։ Դա օգնում է մեզ։

Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ընդգծել է, որ թիմը մտադիր է պահպանել սեփական խաղային ինքնությունը և պայքարել պատմական արդյունքի համար։

— Դուք հաճախ եք ասում, որ ձեզ համար կարևոր է պահպանել թիմի խաղային փիլիսոփայությունը և վերահսկել գնդակը։ Սակայն «Ցելյեն» նույնպես սիրում է խաղալ գնդակով։ Որքանո՞վ դա կարող է ազդել հանդիպման վրա։

— Ես միշտ ասում եմ ֆուտբոլիստներին, որ շատ ուրախ եմ, որ այսքան կարճ ժամանակում մեզ հաջողվել է ձևավորել սեփական ձեռագիրն ու խաղաոճը։ Մեր ինքնությունը միայն գնդակին տիրելու մեջ չէ։

Մեր ոճը բնորոշվում է նրանով, թե ինչպես ենք խաղում թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի, ինչպես ենք պահպանում ինտենսիվությունը և վերահսկում ամբողջ հանդիպման ընթացքը, այլ ոչ միայն գնդակի տիրապետումը։ Երբ ասում եմ, որ չպետք է կորցնենք մեր ինքնությունը, դա չի նշանակում, որ պարտադիր պետք է անընդհատ տիրենք գնդակին։ Մենք պետք է վերահսկենք հանդիպման ընթացքը։

Նախորդ փուլերում հանդիպումների սկզբում խնդիրներ էինք ունենում, որից հետո շտկում էինք իրավիճակը։ Ֆուտբոլիստներին ասել եմ, որ հիմա այդ սցենարը պարտադիր պետք է փոխենք և առաջին իսկ րոպեներից շատ լավ խաղանք։

Իհարկե, մրցակիցն ուժեղ է, և մեզ համար դժվար կլինի։ Բայց մենք նույնպես կարողանում ենք խաղալ մեր ֆուտբոլը և ամեն ինչ կանենք հանդիպումը լավ սկսելու համար։

Կրկին նշեմ, որ մեր գլխավոր խնդիրն է մեր երազանքն իրականություն դարձնել և հայտնվել Չեմպիոնների լիգայում։ Այո, Կոնֆերենցիաների լիգային մասնակցելը նույնպես լավ արդյունք է, և մենք արդեն ապահովել ենք դա։ Բայց մեր առջև նպատակ կա իրականացնել մեր երազանքը՝ ակումբի և ամբողջ երկրի երազանքը։

— Այժմ թիմը փաստացի երկու ուժեղ կազմ ունի։ Կա՞ զգացողություն, որ դեռ վերջնականապես չեք որոշել հիմնական կազմը և թիմի ներսում լուրջ մրցակցություն է պահպանվում։ Ինչպե՞ս եք ընտրում մեկնարկային կազմը։

— Այո, իսկապես, այս մրցաշրջանում թիմի կազմը նախորդի համեմատ ավելի մրցունակ և որակյալ է։ Ցավոք, կորուստներ ունենք. չեն խաղա Կամո Հովհաննիսյանը, Արմեն Համբարձումյանը և Խուան Բալանտան։ Վերջինս արդեն ավարտում է վնասվածքից հետո վերականգնման գործընթացը։

Մարզչի համար շատ հարմար է, երբ այսքան լայն ընտրություն ունի, որովհետև նույն դիրքում մեզ մոտ կարող են խաղալ բոլորովին տարբեր հատկանիշներ ունեցող ֆուտբոլիստներ։

Մրցակիցները նույնպես շատ տարբեր են լինում, այդ պատճառով մենք կարող ենք մեկնարկային կազմն ընտրել՝ ելնելով նրանց խաղաոճից։ Կարող եմ առանձնացնել երեք բաղադրիչ, որոնք պահանջում եմ ֆուտբոլիստներից և որոնցով այժմ գոհ եմ՝ աշխատասիրություն, նվիրվածություն և որակ։ Այդ ամենը տեսնում եմ իմ ֆուտբոլիստների մոտ և գոհ եմ թիմի կազմից։

— «Արարատ-Արմենիան» նախկինում արդեն երկու անգամ շատ մոտ է եղել Եվրոպա լիգա դուրս գալուն։ Որքանո՞վ է ներկայիս թիմը պատրաստ կատարել այդ կարևոր քայլը դեպի առաջ։

— Կարող եմ միայն մի բան ասել. այն ամենը, ինչին արդեն հասել ենք, ֆուտբոլիստների արժանիքն է՝ նրանց լավ խաղի և աշխատասիրության արդյունքը։ Մենք լավ նորեկներ ունենք, և այժմ ամուր թիմ ենք ձևավորել։

Մենք բոլորս հասկանում ենք, որ պատմական արդյունքի հասնելու հնարավորության առաջ ենք կանգնած։ Բազմաթիվ դժվարությունների միջով ենք անցել, և ուրախ եմ, որ թիմն անընդհատ աճում է։

Սա հսկայական մարտահրավեր է մեզ համար։ Ամեն ինչ կանենք, որպեսզի առնվազն դուրս գանք Եվրոպա լիգայի հիմնական փուլ։

Այս Չեմպիոնների լիգայում մենք արդեն հայտնվել ենք բոլորովին տարբեր իրավիճակներում, սակայն հանդիպումների ընթացքում ընդունված ճիշտ որոշումները թույլ են տվել շարունակել ճանապարհը, իսկ ֆուտբոլիստները բնավորություն են ցույց տվել։ Պատասխան հանդիպումները մեզ համար հեշտ չեն դասավորվել, սակայն մինչև այս պահը ամեն անգամ կարողացել ենք հասնել անհրաժեշտ արդյունքի։

— Ի՞նչ դժվարություններ եք սպասում «Ցելյեից» նրանց տնային հանդիպման ընթացքում։

— Դիտել եմ նրանց վերջին հանդիպումը «Օլիմպիայի» դեմ։ Նրանց մարզիչը որոշ քայլեր կատարեց, որոնք նման էին այն ամենին, ինչ մենք կիրառեցինք «Ուրարտուի» դեմ մեր խաղում, այդ թվում՝ հանդիպման ընթացքում մի քանի փոփոխություն կատարեց։

«Ցելյեի» դեմ խաղում գլխավոր դժվարությունն այն է, որ հանդիպման ընթացքում նրանք կարողանում են ավելացնել տեմպը և ուժեղացնել ճնշումը։ «Օլիմպիայի» հետ խաղում հաշիվը հավասար էր, սակայն նրանք ցանկանում էին հաղթել և անընդհատ բարձրացնում էին տեմպն ու ճնշումը։

Նույնը սպասում ենք տեսնել նաև մեր դեմ խաղում։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան և ինքներս ավելի ագրեսիվ գործենք։

— Շնորհակալություն ձեզ այն բանի համար, որ մենք դեռ հնարավորություն ունենք երազելու։ Սովորաբար, երբ թիմը հասնում է իր երազանքին կամ գլխավոր նպատակին, ֆուտբոլիստներն ու մարզիչները որևէ ֆլեշմոբ են մտածում կամ խոստում տալիս։ Եթե առնվազն դուրս գաք Եվրոպա լիգայի հիմնական փուլ, ի՞նչ կանեք։

— Խոստանում եմ, որ դրանից հետո ամբողջությամբ կսափրվեմ։ Ուրիշ ոչինչ։ Դաջվածքի մասին խոսք լինել չի կարող։

Կասեմ միայն, որ և՛ մարզչական շտաբը, և՛ բոլոր ֆուտբոլիստները հիանալի հասկանում են, թե ինչ պատմական հնարավորություն է բացվում մեր առջև։ Ես պարզապես ասում եմ խաղացողներին, որ պետք չէ վախենալ ամենամեծի մասին երազելուց։

Պետք է առանց վախի դուրս գալ խաղադաշտ և գնալ սեփական երազանքի հետևից։ Հենց այդ տրամադրվածությամբ ենք մոտենում հանդիպմանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։