Հայաստանի հավաքականներն իմացել են լակրոսի 6×6 Եվրոպայի առաջնության մրցակիցներին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի լակրոսի տղամարդկանց և կանանց հավաքականներն իմացել են 6×6 ձևաչափով 2026 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի մրցակիցներին։ Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին Իսպանիայի Սալոու քաղաքում և Հայաստանի հավաքականների համար կդառնա 2028 թվականի Օլիմպիական խաղերի ընտրական ճանապարհի առաջին պաշտոնական փուլը։
Հայաստանի կանանց հավաքականը կմրցի նոյեմբերի 2-9-ը։ Թիմը ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիան, Գերմանիան, Իսպանիան և Խորվաթիան։
Կանանց մրցաշարին ընդհանուր առմամբ կմասնակցի 19 հավաքական, որոնք բաժանված են չորս խմբերի։ Հայաստանի հավաքականի համար սա կլինի առաջին եվրոպական մրցաշարը, որը միաժամանակ հանդիսանում է աշխարհի առաջնության ընտրական փուլ։
Միևնույն ժամանակ Հայաստանը նախկինում արդեն հանդիպել է ապագա մրցակիցներից մեկին։ ԱՄՆ-ում կայացած Heritage Cup-2025 մրցաշարում Հայաստանի հավաքականը 10:6 հաշվով հաղթել է Գերմանիային և ամբողջ մրցաշարը ավարտել հինգ խաղում երեք հաղթանակով։
Տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-18-ը։ Հայաստանի հավաքականը ընդգրկվել է A խմբում՝ Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Թուրքիայի հետ։
Տղամարդկանց մրցաշարին կմասնակցի 23 թիմ։ Մեծ Բրիտանիան վիճակահանությանը մասնակցել է որպես առաջին զամբյուղի սերմնավորված հավաքականներից մեկը։
Հայաստանը Եվրոպայի առաջնությանը մոտենում է 6×6 ձևաչափում արդեն ունեցած հաջող փորձով։ 2025 թվականին Հայաստանի հավաքականը Պորտուգալիայում կայացած EuroLax Sixes Cup-ում զբաղեցրել է երրորդ տեղը։ Խմբային փուլում թիմը հինգ հանդիպումներից չորսում հաղթել է, այդ թվում՝ առավելության հասնելով Switzerland White-ի նկատմամբ, որը հետագայում դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր։
Իսպանիայում երկու հավաքականների գլխավոր նպատակը կլինի Եվրոպայի առաջնության լավագույն հնգյակում ընդգրկվելը։ Հենց տղամարդկանց և կանանց մրցաշարերի լավագույն հինգական թիմերն իրավունք կստանան մասնակցելու 2027 թվականի լակրոսի 6×6 աշխարհի առաջնությանը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2027 թվականի հոկտեմբերին Կոլորադո Սփրինգսում և կդառնա Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերի հիմնական ընտրական փուլը։ Աշխարհի առաջնությունում տղամարդկանց և կանանց մրցաշարերում կխաղարկվի հինգական օլիմպիական ուղեգիր։ Վերջին ուղեգրերը կորոշվեն 2028 թվականին կայանալիք լրացուցիչ ընտրական մրցաշարում։
Այսպիսով, Իսպանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում օլիմպիական ուղեգրեր անմիջապես չեն խաղարկվի, սակայն հաջող ելույթը Հայաստանին հնարավորություն կտա շարունակել պայքարը Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։
Հենց լակրոսի 6×6 ձևաչափն է ընդգրկվել 2028 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում։ Յուրաքանչյուր թիմից խաղադաշտում միաժամանակ հանդես է գալիս վեց մարզիկ, հանդիպումը բաղկացած է ութ րոպեանոց չորս քառորդներից, իսկ յուրաքանչյուր գրոհի համար հատկացվում է 30 վայրկյան։
Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների համար նոյեմբերյան Եվրոպայի առաջնությունը կդառնա դեպի Լոս Անջելես տանող օլիմպիական ճանապարհի առաջին պաշտոնական քայլը։
