Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ պարտությունը կրեց Եվրո-2027-ի ընտրական փուլում՝ 0:4 հաշվով զիջելով Իտալիային
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը երկրորդ խոշոր հաշվով պարտությունը կրեց Եվրոպայի 2027 թվականի առաջնության որակավորման առաջին փուլում։ Նոյեմբերի 14-ին Երևանում կայացած 10-րդ խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի ընտրանին 0:4 հաշվով զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականին։
Իտալիայի հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան Ա Սերիայի հայտնի ակումբների ակադեմիաների սաները՝ Միկելե Ելենան («Լացիո»), Դավիդ Ֆուրլանը («Վերոնա»), Ֆորտուն Էգարևբան («Ֆիորենտինա») և Գաբրիելե Բորսան («Միլան»)։
Հայաստանի հավաքականի համար սա երկրորդ անընդմեջ պարտությունն էր միևնույն հաշվով։ Նոյեմբերի 11-ին կայացած մեկնարկային տուրում Մհեր Միրումյանի գլխավորած թիմը 0:4 հաշվով պարտվել էր Ֆրանսիային։ Այսպիսով, երկու հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստները դեռ միավոր չեն վաստակել՝ ունենալով խփած և բաց թողած գոլերի 0:8 հարաբերակցություն։
Վերջին՝ երրորդ տուրում՝ նոյեմբերի 17-ին, Հայաստանի հավաքականը կհանդիպի Լյուքսեմբուրգի ընտրանուն, որը նույնպես պարտվել է առաջին երկու խաղերում։ Լյուքսեմբուրգցիները զիջել են Իտալիային (0:6) և Ֆրանսիային (0:3)։
Հայաստան – Լյուքսեմբուրգ հանդիպումը կկայանա Երևանում՝ ՀՖՖ ակադեմիայի մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 14:00-ին։
Հիշեցնենք, որ Եվրո-2027-ի Մ17 առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբի հանդիպումները անցկացվում են նոյեմբերի 11-ից 17-ը Երևանում և Աբովյանում։ Խմբային փուլի արդյունքներով լավագույն երկու հավաքականները որակավորման երկրորդ փուլում հանդես կգան A լիգայում, իսկ մյուս թիմերը պայքարը կշարունակեն B լիգայում։
Հայաստանի Մ17 հավաքականի կազմը Իտալիայի դեմ խաղում
Սարգիս Բարբարյան – Գոռ Մկրտչյան, Արմեն Սեհելյան, Քոլին Մալինզ, Ռոբերտ Հովակիմյան – Գրիգ Մխիթարյան (Էրիկ Վուվունիկյան, 73), Արեն Բաբայան (Նելսոն Ասոյան, 83) – Գրիգոր Հարությունյան (Սամվել Պետրոսյան, 67), Սամվել Բեգլարյան (Հակոբ Ղարիբյան, 73), Բենիամին Բեգլարյան (Խաչատուր Գևորգյան, 67) – Ալեքս Գասպարյան։
Գլխավոր մարզիչ՝ Մհեր Միրումյան։