Սամիրա Շիխշաբեկովա. Հայաստանի հավաքականի նոր աստղը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
17-ամյա ֆուտբոլիստուհի Սամիրա Շիխշաբեկովան դարձել է Հայաստանի կանանց ազգային հավաքականի ամենահետաքրքիր նոր անուններից մեկը։ Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դպրոցն անցած ֆուտբոլիստուհին առաջին անգամ հրավիրվեց ազգային հավաքական և անմիջապես հայտնվեց մեկնարկային կազմում հունիսի 5-ին Ղազախստանի դեմ խաղում։
Շիխշաբեկովան կարող է հանդես գալ մի քանի դիրքերում՝ կիսապաշտպանությունում և պաշտպանությունում, թեև պատանեկան ֆուտբոլում նա նաև խաղացել է հարձակման գծում։ Սամիրան որոշել է ներկայացնել Հայաստանի հավաքականը մոր կողմից հայկական արմատների շնորհիվ։
Հայկական կանանց ֆուտբոլի համար Եվրոպայի առաջատար ակումբներից մեկի ակադեմիայի փորձ ունեցող ֆուտբոլիստուհու հայտնվելը կարևոր իրադարձություն է։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Սամիրան արդեն մի քանի տարի անցկացրել է «Մանչեսթեր Սիթիի» համակարգում, որտեղ հասել է մինչև U21 թիմ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում Շիխշաբեկովան պատմել է, որ ֆուտբոլով սկսել է զբաղվել 10 տարեկանից։ Նրա առաջին մարզիչը եղել է հայրը՝ նախկին ՄՄԱ մարտիկ Մագոմեդ Շիխշաբեկովը։
«Եղբայրս նույնպես զբաղվում էր ֆուտբոլով։ Իմ առաջին մարզիչը հայրս էր։ Երբ 12 տարեկան էի, փոքր թիմերից մեկում մեկ խաղում 9 գոլ խփեցի։ Այդ խաղին ներկա էին “Մանչեսթեր Սիթիի” ներկայացուցիչները և ինձ հրավիրեցին ակադեմիա։ Այնտեղ անցկացրի 6 տարի», — պատմել է Սամիրան։
Ֆուտբոլիստուհու խոսքով՝ «Մանչեսթեր Սիթիում» անցկացրած ժամանակահատվածը դարձել է իր երիտասարդ կարիերայի լավագույն փուլը։ Ակումբում մեծ ուշադրություն էին դարձնում կանանց թիմի զարգացմանը, կառուցվել էր նոր բազա, իսկ ֆուտբոլիստուհիները պարբերաբար մեկնում էին հավաքների և մրցաշարերի։
«“Մանչեսթեր Սիթիում” խաղացել եմ մինչև U21 թիմ։ Մի քանի անգամ ընդգրկվել եմ հիմնական թիմի հայտացուցակում, բայց խաղադաշտ դուրս չեմ եկել։ Պայմանագրի ավարտից հետո այլևս չէի տեսնում իմ ապագան “Մանչեսթեր Սիթիում”», — նշել է Շիխշաբեկովան։
Այժմ Սամիրան ազատ գործակալ է՝ անգլիական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո՝ 2026 թվականի ամռանը։
Ֆուտբոլիստուհու պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի նաև նրա ընտանիքը։ Սամիրայի հայրը՝ Մագոմեդ Շիխշաբեկովը, նախկին պրոֆեսիոնալ ՄՄԱ մարտիկ է՝ 12 հաղթանակ և 1 պարտություն ռեկորդով։ Իր մենամարտերի մեծ մասն անցկացրել է M-1 Challenge լիգայում և կարիերան ավարտել է 2012 թվականին։
Սամիրան պատմել է, որ իր հայրը Դաղստանից է, սակայն ընտանիքը երկար չի ապրել այնտեղ և վաղ տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Ավելի ուշ Շիխշաբեկովների ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ երեխաները շարունակել են իրենց մարզական զարգացումը։
«Մայրս հայուհի է։ Հայաստանում շատ հարազատներ ունեմ, և նրանք ինձ համար շատ մեծ դեր ունեն», — ասել է ֆուտբոլիստուհին։
Սամիրայի խոսքով՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու նախաձեռնությունը եկել է իր ընտանիքից։ Նրանք ինքնուրույն կապ են հաստատել անհրաժեշտ մարդկանց հետ և ուղարկել տեսանյութեր, որից հետո ֆուտբոլիստուհին հրավիրվել է ազգային հավաքական։
Հավաքական ժամանելուց առաջ Սամիրան հոր հետ ուշադիր ուսումնասիրել է թիմի վերջին հանդիպումները, որպեսզի ավելի լավ հասկանա խաղաոճը։ Նա նաև խոստովանել է, որ մանկուց հետևել է Հենրիխ Մխիթարյանին և դիտել նրա շատ հանդիպումներ։
Շիխշաբեկովայի պատմությունը ուշադրություն էր գրավել դեռ մի քանի տարի առաջ։ 2021 թվականին հաղորդվում էր, որ 12-ամյա Սամիրան դարձել է Ռուսաստանից առաջին մարզուհին, որը պատանեկան պայմանագիր է կնքել ֆուտբոլային թոփ ակումբի հետ։ Այն ժամանակ անգլիացի մարզիչները առանձնացնում էին նրա գոլային հոտառությունն ու ճիշտ դիրք ընտրելու կարողությունը։
2023 թվականին Սամիրան պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Սիթիի» մինչև 19 տարեկանների երիտասարդական թիմի հետ։ Ակումբի ակադեմիայում մարզվում էր նաև նրա կրտսեր եղբայրը՝ Մուրադը։
Այժմ Շիխշաբեկովայի կարիերայում սկսվում է նոր փուլ՝ արդեն Հայաստանի հավաքականի կազմում։ Ազգային թիմի համար նրա հայտնվելը կարող է կարևոր ուժեղացում լինել ոչ միայն առաջիկա խաղերի, այլև առաջիկա տարիների համար։
«Իմ երազանքն է խաղալ պրոֆեսիոնալ ակումբում ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպայի թոփ լիգաներում։ Տեսնենք՝ ինչպես կդասավորվի իմ կարիերան», — ասել է Սամիրան։
Հաշվի առնելով «Մանչեսթեր Սիթիի» դպրոցը, խաղադաշտում նրա ունիվերսալությունը և ուժեղ ընտանեկան մոտիվացիան՝ Սամիրա Շիխշաբեկովան կարող է դառնալ Հայաստանի կանանց ազգային հավաքականի նոր սերնդի գլխավոր դեմքերից մեկը։
Իսկ մենք նաև կշարունակենք հետևել Սամիրայի կրտսեր եղբորը՝ Մուրադ Շիխշաբեկովին, որը դեռ շարունակում է հանդես գալ «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայում։
Մուրադը նույնպես հնարավորություն ունի հանդես գալ Հայաստանի հավաքականում, ինչպես և նրա քույրը։
Սա, ի դեպ, Շիխշաբեկովների ընտանիքի տեսանյութն է Երևանում առավոտյան մարզանքի ժամանակ։