SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ռոման Ավակյան Գոմեսը հրավիրվել է ԱՄՆ Մ17 հավաքական՝ Հայաստանի և Մեքսիկայի կազմում ելույթներից հետո


Ռոման Ավակյան Գոմեսը հրավիրվել է ԱՄՆ Մ17 հավաքական՝ Հայաստանի և Մեքսիկայի կազմում ելույթներից հետո
Ֆուտբոլ

Հայ ֆուտբոլիստ Ռոման Ավակյան Գոմեսը հրավիրվել է ԱՄՆ Մ17 հավաքական՝ Իսպանիայում կայանալիք առաջիկա միջազգային հավաքին մասնակցելու համար։

Ամերիկյան թիմը Մուրսիայում կմասնակցի մրցաշարի, որի շրջանակում կանցկացնի չորս ընկերական հանդիպում՝ Նիդերլանդների, Ֆրանսիայի, Շոտլանդիայի և Բելգիայի հավաքականների դեմ։ Ավակյանի՝ ԱՄՆ հավաքական հրավիրվելու մասին հաստատել է նաև նրա ակումբը՝ գերմանական «Մայնցը»։

Այսպիսով, 16-ամյա ֆուտբոլիստը շարունակում է իր անսովոր ճանապարհը միջազգային մակարդակում․ նախկինում նա արդեն ներկայացրել է Հայաստանի և Մեքսիկայի պատանեկան հավաքականները, իսկ այժմ հնարավորություն է ստացել հանդես գալ ԱՄՆ-ի կազմում։

Ավակյանը ծնվել է Միացյալ Նահանգներում և հոր կողմից հայկական արմատներ ունի, իսկ նրա մայրը մեքսիկուհի է։ Իր ծագման շնորհիվ ֆուտբոլիստը կապված է միանգամից երեք երկրների հետ։

Հայաստանի հավաքականի կազմում Ռոմանը հանդես է եկել երկու տարիքային խմբերում։ 2024 թվականին նա Մ14 հավաքականի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, իսկ մեկ տարի անց՝ Երևանում անցկացված Մ15 հավաքականների մրցաշարին։ Այդ ժամանակ Ավակյանը գոլ է խփել Ուզբեկստանի դեմ խաղում, ինչպես նաև իրացրել է իր հարվածը Վրաստանի դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների շարքում։

2026 թվականի մարտին ֆուտբոլիստը պատանեկան մակարդակում փոխել է հավաքականը և հրավիրվել Մեքսիկայի Մ16 հավաքական, որի կազմում մասնակցել է Ֆրանսիայում անցկացված միջազգային մրցաշարի։

Այժմ Ավակյանը ստացել է իր առաջին հրավերը ԱՄՆ Մ17 հավաքական։

Ակումբային մակարդակում Ռոմանը հանդես է գալիս «Մայնց» Մ17-ի կազմում։ Գերմանական ակումբը նրան թիմի հայտացուցակում ներկայացնում է որպես պաշտպան։ Միևնույն ժամանակ Ավակյանը բավականին ունիվերսալ ֆուտբոլիստ է․ նա կարող է խաղալ պաշտպանության և կիսապաշտպանության ձախ եզրում, ինչպես նաև հարձակման աջ թևում։

Առաջիկա հավաքը Ավակյանի պատանեկան կարիերայում արդեն երրորդ ազգային ուղղությունն է՝ Հայաստան Մ14/Մ15, Մեքսիկա Մ16 և այժմ՝ ԱՄՆ Մ17։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։