Հայաստանի հավաքականի հինգ ֆուտբոլիստ կարող է նորամուտը նշել Լատվիայի դեմ խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի հավաքականը Լատվիայի դեմ տնային հանդիպմամբ կսկսի ելույթը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայում։ Բազմաթիվ վնասվածքների պատճառով Եղիշե Մելիքյանի թիմն առաջին խաղին մոտենում է զգալիորեն փոփոխված կազմով։ Հայտացուցակի ութ ֆուտբոլիստ ազգային հավաքականում անցկացրել է առավելագույնը երեք հանդիպում, իսկ հինգը դեռ խաղադաշտ դուրս չի եկել գլխավոր թիմի կազմում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի վաղ հայտնել էր այս խաղաշարին հրավիրված մի շարք ֆուտբոլիստների վնասվածքների մասին։
Ովքեր կարող են նորամուտը նշել Լատվիայի դեմ խաղում
Վերջնական հայտացուցակում ընդգրկված են ազգային հավաքականում դեռ չխաղացած հինգ ֆուտբոլիստներ՝
- Գոռ Մատինյան,
- Էրիկ Սիմոնյան,
- Արգիշտի Պետրոսյան,
- Խարիտոն Այվազյան,
- Արթուր Ղարիբյան։
Նրանցից յուրաքանչյուրը կարող է հավաքականի կազմում իր առաջին րոպեները ստանալ հենց այսօր։ Լատվիայի դեմ հանդիպումը Մելիքյանի համար նաև հնարավորություն կլինի գնահատելու կազմի խորությունը կադրային կորուստների պայմաններում։
Սպերցյանն առաջատարն է խաղերի և գոլերի քանակով
Ներկայիս հայտացուցակի ամենափորձառու ֆուտբոլիստը ավագ Էդուարդ Սպերցյանն է, որը Հայաստանի հավաքականում անցկացրել է 42 հանդիպում։ Նրան հաջորդում են Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանը՝ 31-ական խաղով։ Արթուր Սերոբյանն անցկացրել է 28, Ժիրայր Շաղոյանը՝ 24 հանդիպում։ Օգնեն Չանչարևիչը, Ուգոչուկվու Իվուն և Էդգար Սևիկյանը խաղացել են 21-ական, իսկ Արթուր Միրանյանը՝ 20 անգամ։
Սպերցյանը նաև հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների լավագույն ռմբարկուն է՝ 12 գոլով։ Սևիկյանը խփել է երկու գոլ, իսկ Միրանյանը, Շաղոյանը, Տիկնիզյանը, Սերոբյանն ու Գոռ Մանվելյանը՝ մեկական։ Հայտացուցակի մյուս ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի համար Լատվիայի դարպասը խփած գոլը կլինի առաջինը ազգային հավաքականում։
Հայաստան — Լատվիա հանդիպումը կկայանա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 20:00-ին։