IMMAF-ի նախագահ Քերիթ Բրաունը Երևանում կայացած UWW-ի ՄՄԱ Եվրոպայի առաջնության օրերին այցելել է Հայաստան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Խառը մենամարտերի միջազգային ֆեդերացիայի՝ IMMAF-ի նախագահ Քերիթ Բրաունը աշխատանքային այցով եղել է Հայաստանում։ Այցը կայացել է մայիսի 28-ից 30-ը Երևանում։
Այցի շրջանակում IMMAF-ի ղեկավարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի, Հայաստանի ՄՄԱ ֆեդերացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանի, ինչպես նաև Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի հետ։
Բանակցությունների գլխավոր թեման IMMAF-ի և հայկական մարզական կառույցների միջև համագործակցության զարգացումն էր։ Կողմերը քննարկել են երիտասարդական ՄՄԱ-ի զարգացման ծրագրերի, տեխնիկական կրթության, մասնագետների պատրաստման, ինչպես նաև Հայաստանում IMMAF-ի հովանու ներքո խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնելու հնարավորությունները՝ ներառյալ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները։

Հետաքրքիր է, որ Քերիթ Բրաունի այցը ժամանակային առումով համընկել է Երևանում UWW-ի՝ United World Wrestling-ի հովանու ներքո անցկացված ՄՄԱ-ի Եվրոպայի 2026 թվականի առաջնության հետ։ Մրցաշարը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվել է մայիսի 30-ին և 31-ին և դարձել է UWW համակարգում ՄՄԱ-ի առաջին Եվրոպայի առաջնությունը։
Հայկական ՄՄԱ-ի համար IMMAF-ի նախագահի այցը կարող է կարևոր քայլ դառնալ խառը մենամարտերի միջազգային համակարգում ավելի սերտ ինտեգրվելու ուղղությամբ։ Հայաստանում խոշոր մրցաշարերի հնարավոր անցկացումը, ինչպես նաև երիտասարդական և կրթական ծրագրերի զարգացումը կարող են նոր լիցք հաղորդել այս մարզաձևին երկրում։