Հայաստանի հավաքականի նոր մարզաշապիկը ոգեշնչված է հայկական ձեռագրերով և թռչնագրով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեխնիկական գործընկեր Macron ընկերության հետ համատեղ ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր տնային և արտագնա մարզաշապիկները։
Նոր հանդերձանքի ստեղծման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայկական մշակութային ժառանգությանը։ Հավաքածուների դիզայնը ոգեշնչված է հայկական հնագույն զարդագրության տարրերով և ձեռագրերի ձևավորման ավանդույթներով։
Տնային մարզաշապիկի վրա օգտագործվել են թռչնագրի մոտիվներ՝ հայկական յուրահատուկ «թռչնային գրի», որտեղ տառերն ու զարդանախշային տարրերը ստեղծվում էին թռչունների ոճավորված պատկերների կիրառմամբ։
Արտագնա մարզաշապիկի ձևավորման հիմքում ընկած են այն զարդանախշերը, որոնցով դարեր շարունակ զարդարվել և շրջանակվել են հայկական ձեռագրերը։ Այսպիսով, պատմական գեղարվեստական տարրերը ստացել են ժամանակակից արտահայտություն և դարձել ազգային հավաքականի նոր տեսողական կերպարի մի մասը։
Նոր մարզաշապիկների շնորհանդեսի համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստել է հատուկ տեսահոլովակ։ Նկարահանումներն անցկացվել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, որը հայկական գրավոր ժառանգության պահպանման և ուսումնասիրման կարևորագույն կենտրոններից մեկն է։
ՀՖՖ-ն առանձին շնորհակալություն է հայտնել Մատենադարանին՝ նկարահանումների կազմակերպման և անցկացմանն աջակցելու համար։
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկների պաշտոնական թողարկման և վաճառքի մեկնարկի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհայտարարի առաջիկայում։


