«Նոան» պարտվեց «Սիոնին» և ավարտեց ելույթը եվրագավաթներում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոան» ավարտեց 2026/27 մրցաշրջանի եվրագավաթային արշավը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Շվեյցարիայի «Սիոնին» պարտվելով 1:2 հաշվով։
Երկու հանդիպումների արդյունքում «Սիոնը» հաղթեց 4:3 ընդհանուր հաշվով և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կմրցի Ամստերդամի «Այաքսի» դեմ։
Շվեյցարիայում կայացած պատասխան հանդիպումը շատ հաջող սկսվեց Սանդրո Պերկովիչի թիմի համար։ «Նոան» ակտիվ անցկացրեց մեկնարկային հատվածը և կարողացավ բացել հաշիվը․ Էլդեր Ֆերեյրան իրացրեց 11-մետրանոցը։ Ընդհանուր առմամբ հայկական ակումբը շատ որակյալ առաջին խաղակես անցկացրեց և տանտերերին թույլ չտվեց մեծ թվով վտանգավոր պահեր ստեղծել։
Ընդմիջումից հետո խաղի պատկերը փոխվեց։ «Սիոնը» կտրուկ բարձրացրեց տեմպը, իսկ «Նոան» չկարողացավ դիմակայել շվեյցարական թիմի ճնշմանը։ 53-րդ րոպեին Ուինսլի Բոտելին հավասարեցրեց հաշիվը, իսկ տասը րոպե անց Բալթազարը խփեց տանտերերի երկրորդ գոլն ու հաղթանակ պարգևեց «Սիոնին»։
Այս դիմակայությունը ցույց տվեց, որ «Նոան» կարող է հավասար պայքար մղել նման մակարդակի մրցակցի դեմ։ Սակայն շվեյցարական ակումբի ավելի բարձր ֆիզիկական պատրաստվածությունն ու կազմի խորությունը, ի վերջո, իրենց դերը խաղացին։ Երկու հանդիպումներում էլ «Սիոնը» զգալիորեն ավելի ուժեղ էր անցկացնում երկրորդ խաղակեսերը, ինչը դարձավ դիմակայության ելքի առանցքային գործոններից մեկը։
Այսպիսով, «Նոան» ավարտում է իր ելույթը եվրագավաթներում՝ Հայաստանին բերելով 0,500 միավոր ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում։
Թիմի արդյունքները եվրագավաթային այս մրցաշրջանում․
- «Զիմբրու» — «Նոա» — 1:1
- «Նոա» — «Զիմբրու» — 2:0
- «Նոա» — «Սիոն» — 2:2
- «Սիոն» — «Նոա» — 2:1
Թիմերի կազմերը
«Նոա». Դանի Ֆիգեյրա — Էրիկ Բոակյե, Սերգեյ Մուրադյան (80, Պավլովիչ), Նաթանիել Սայնտինի, Դավիդ Սուալեհե — Գուստավո Սանգարե, Գոռ Մանվելյան (56, Համոյան), Տակուտո Օսիմա (64, Լազետիչ) — Էլդեր Ֆերեյրա, Բրայան Օդդեյ (56, Կոստակե) — Մարին Յակոլիշ (80, Դումբիա)։
«Սիոն». Ռաչոպպի — Լավանշի, Սոու, Կրոնիգ, Մարկինյոս — Կաբակալման, Բալթազար, Շուարեֆ (84, Բերդայես), Սուրդեզ (70, Ռրուդհանի), Բոտելի (83, Լուկեմբիլա) — Նիկովազի (70, Կոլոլլի)։