SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոա»-ն բացել է մինչև 1500 սանի համար նախատեսված նոր մանկապատանեկան ֆուտբոլային կենտրոն


«Նոա»-ն բացել է մինչև 1500 սանի համար նախատեսված նոր մանկապատանեկան ֆուտբոլային կենտրոն
Ֆուտբոլ

Այսօր տեղի է ունեցել «Նոա» ՖԱ-ի վերակառուցված մանկապատանեկան ֆուտբոլային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության ներկայացուցիչներ, ակումբի ղեկավարությունը և հրավիրված հյուրեր։

Ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը հյուրերի համար շրջայց է կազմակերպել «Նոայի» մարզաբազայում և ներկայացրել իրականացված ենթակառուցվածքային աշխատանքները, ինչպես նաև ակումբի զարգացման հետագա ծրագրերը։

Նոր կենտրոնը նախատեսված է մինչև 1500 երեխայի և պատանու մարզման և զարգացման համար։ Նախագծի հիմնական նպատակն է երիտասարդ ֆուտբոլիստների համար ստեղծել ամբողջական զարգացման միջավայր, որտեղ մարզումային գործընթացը կհամատեղվի կրթության, վերլուծական աշխատանքի և պրոֆեսիոնալ ֆուտբոլին անցնելու համար անհրաժեշտ պատրաստության հետ։

Ժամանակակից ենթակառուցվածք «Նոայի» ակադեմիայի համար

Վերակառուցման ընթացքում շենքի ներքին տարածքները գրեթե ամբողջությամբ վերափոխվել են։ Բացի այդ, իրականացվել են կառուցվածքների ամրացման և շենքի սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ։

Նոր կենտրոնում ստեղծվել են 15 ժամանակակից հանդերձարաններ, ուսումնական և վերլուծական կենտրոն, մրցավարների առանձին հանդերձարան, սպասասրահներ, ինչպես նաև մարզումային և կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ տարածքներ։

Այցի ընթացքում հյուրերին ներկայացվել են նաև «Նոայի» հիմնական թիմի մարզումային կենտրոնը, բնական և արհեստական ծածկով ֆուտբոլային խաղադաշտերը։

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է երեխաների և պատանիների մարզումների համար ստեղծված պայմաններին, ֆուտբոլային կրթության կազմակերպման գործընթացին և ակումբի ակադեմիայի երկարաժամկետ զարգացման ծրագրին։

Սպասվում է, որ նոր կենտրոնը կդառնա «Նոայի» համակարգում երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման հիմնական հարթակներից մեկը և ակումբին հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել աշխատանքը մանկապատանեկան թիմերի հետ։

«Նոա»-ն ներկայացրել է 15 հազար հանդիսականի համար նախատեսված նոր մարզադաշտի նախագիծը

Մարզաբազա կատարած այցի ընթացքում վարչապետին ներկայացվել է նաև լայնածավալ Noah Park նախագիծը։

Դրա առանցքային բաղադրիչներից մեկը պետք է դառնա ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի նոր ֆուտբոլային մարզադաշտը, որը նախատեսված կլինի 15 000 հանդիսականի համար։

Կառավարության ներկայացուցիչներին ներկայացվել են ապագա մարզադաշտի նախագծային լուծումները, նախատեսվող ենթակառուցվածքները և նախագծի իրականացման հաջորդ փուլերը։

ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտերը համապատասխանում են բարձր մակարդակի միջազգային հանդիպումներ անցկացնելու պահանջներին։ Նախագծի իրականացումը պետք է դառնա «Նոայի» ենթակառուցվածքային զարգացման հաջորդ խոշոր փուլը։

Այսպիսով, ակումբը շարունակում է զարգացնել ոչ միայն հիմնական թիմը, այլև սեփական ֆուտբոլային ամբողջական համակարգը՝ մանկապատանեկան ակադեմիայից և մարզումային բազայից մինչև մեծ ժամանակակից մարզադաշտի կառուցում։

Академия Ноа

Академия Ноа

Академия Ноа


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։