SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոան» պատրաստ է «Սիոնի» դեմ վճռորոշ խաղին․ Պերկովիչն ու Օշիման պատասխանել են լրագրողների հարցերին


«Նոան» պատրաստ է «Սիոնի» դեմ վճռորոշ խաղին․ Պերկովիչն ու Օշիման պատասխանել են լրագրողների հարցերին
Ֆուտբոլ

«Նոան» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլի՝ շվեյցարական «Սիոնի» դեմ վճռորոշ հանդիպմանը։ Սիոնում կայանալիք պատասխան խաղի նախօրեին լրագրողների հարցերին պատասխանել են հայկական թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը և կիսապաշտպան Տակուտո Օշիման։

Աբովյանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքիով՝ 2:2։ 26-րդ րոպեից «Նոան» թվային առավելություն էր ստացել և հաղթում էր 2:1 հաշվով, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում ինքն էլ մնաց տասը հոգով՝ Սթոուն Մամբոյի հեռացումից հետո։

Պերկովիչի թիմը պատասխան հանդիպմանը մոտենում է զգալի կադրային կորուստներով։ Որակազրկված Մամբոյից բացի, խաղը բաց կթողնեն վնասվածք ունեցող Դավիդ Սուալեհեն, Հովհաննես Համբարձումյանը և Մարիո Գոնսալեսը։ Թիմին չի կարողանա օգնել նաև Յան Էտեկին։ «Սիոնի» կազմում որակազրկման պատճառով չի խաղա Նիաս Հեֆտին։

Մամուլի ասուլիսի ընթացքում Պերկովիչը խոսել է առաջին հանդիպումից արված հետևությունների, թիմի ֆիզիկական վիճակի և հաջորդ փուլ դուրս գալու համար ռիսկի դիմելու պատրաստակամության մասին, իսկ Օշիման՝ կիսապաշտպանությունում իր նոր դերի և այն մասին, թե ինչն է վճռորոշ լինելու որոշիչ խաղում հաջողության հասնելու համար։

Մամուլի ասուլիս «Սիոն» — «Նոա» հանդիպումից առաջ

Օշիմա․ «Նման խաղերում ամենակարևորը թիմի համար խաղալն ու մինչև վերջ պայքարելն է»

Լրագրողների հարցերին առաջինը պատասխանեց Տակուտո Օշիման։ Կիսապաշտպանը խոստովանեց, որ առաջին հանդիպման ընթացքում «Նոայի» գլխավոր խնդիրներից մեկն այն էր, որ թիմը չկարողացավ պահպանել այն նույն տեմպն ու խաղի որակը, որոնք ցուցադրում էր հանդիպման սկզբում։

Ի՞նչը չստացվեց թիմի մոտ առաջին խաղում և ինչպե՞ս եք պատրաստվել պատասխան հանդիպմանը։

— Առաջին խաղում չկարողացանք պահպանել այն տեմպն ու խաղի որակը, որով սկսել էինք հանդիպումը։ Մենք դասեր ենք քաղել դրանից։ Պատասխան խաղում պատրաստվում ենք խաղալ այնպես, ինչպես խաղում էինք առաջին հանդիպման սկզբում։

Ճապոնացի կիսապաշտպանը նաև խոսեց Յան Էտեկիի բացակայության մասին, որը նախորդ մրցաշրջանում «Նոայի» կենտրոնական գծի կարևոր ֆուտբոլիստներից մեկն էր։

Նախորդ մրցաշրջանում Յան Էտեկին շատ կարևոր խաղացող էր կիսապաշտպանությունում։ Այժմ նա վնասվածք ունի։ Որքանո՞վ է դժվար քեզ համար խաղալ առանց նրա։

— Մենք միշտ պետք է կատարենք մեր աշխատանքը։ Էտեկին շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար։ Ցավալի է, որ այժմ նա չի կարող օգնել մեզ, բայց մենք կանենք այն, ինչ պետք է անենք, և կպայքարենք մինչև վերջ։

Օշիման արդեն մոտ մեկ տարի է հանդես գալիս «Նոայի» կազմում։ Պատասխանելով այդ ընթացքում իր առաջընթացի մասին հարցին՝ ֆուտբոլիստը ժպիտով առաջարկեց այն ուղղել գլխավոր մարզչին։ Պերկովիչն իր հերթին նշեց, որ նախ կցանկանար լսել հենց խաղացողի կարծիքը։

Ի՞նչ է փոխվել քո մեջ այս մեկ տարվա ընթացքում, որքանո՞վ ես առաջընթաց գրանցել և ընդհանրապես ինչպե՞ս ես գնահատում քո խաղը թիմում։

— Այդ մասին ավելի լավ է մարզչին հարցնել։ Բայց կարող եմ ասել, որ դարձել եմ ավելի կենտրոնացած և սկսել եմ ավելի լավ հասկանալ խաղը։ Մնացածի մասին թող մարզիչը խոսի։

Այս մրցաշրջանում Օշիմայի դերը որոշ չափով փոխվել է։ Եթե նախկինում նա ավելի հաճախ էր միանում գրոհներին, հայտնվում մրցակցի տուգանային հրապարակում, գոլեր խփում ու գոլային փոխանցումներ կատարում, ապա այժմ ավելի հաճախ հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում։

Որքանո՞վ ես հարմարվել «վեց համարի» դիրքին և ցանկություն չունե՞ս կրկին ավելի հաճախ միանալու գրոհներին։

— Իհարկե, հենակետային կիսապաշտպանի և «ութ համարի» դիրքերում խաղալը բոլորովին տարբեր բաներ են։ Երբ խաղում եմ «ութ համարի» դիրքում, ավելի շատ կենտրոնանում եմ հարձակման վրա, փորձում եմ տարածություններ ստեղծել թիմակիցների համար և ավելի շատ առաջ շարժվել։ Այժմ իմ խնդիրն է վերահսկել խաղի ռիթմն ու գնդակը, ինչպես նաև պաշտպանվելիս փորձել հնարավորինս շատ տարածություն փակել։

Առանձին թեմա դարձավ մրցաշարի հաջորդ փուլում Ամստերդամի «Այաքսի» հետ հնարավոր հանդիպումը՝ «Սիոնի» դեմ դիմակայությունում հաջողության հասնելու դեպքում։

Եթե հաղթահարեք «Սիոնի» արգելքը, կարող եք խաղալ «Այաքսի» դեմ։ Որպես ֆուտբոլիստ՝ մտածո՞ւմ ես նման ակումբի հետ հանդիպելու հնարավորության մասին։

— Իհարկե, ես կցանկանայի փորձել ուժերս նման թիմի դեմ խաղում։ Մենք հնարավորություն կունենայինք ցույց տալու, թե հայկական թիմն ինչպես կարող է խաղալ նման մեծ ակումբի դեմ։ Իհարկե, մենք դա ցանկանում ենք, բայց այժմ ամբողջությամբ կենտրոնացած ենք միայն «Սիոնի» դեմ հանդիպման վրա։

Խոսելով այն գլխավոր հատկանիշի մասին, որը «Նոային» անհրաժեշտ կլինի պատասխան խաղում՝ Օշիման թիմային աշխատանքն ավելի բարձր դասեց, քան անհատական վարպետությունը։

Ի՞նչ է անհրաժեշտ ցույց տալ հաջորդ փուլ դուրս գալու համար։

— Ինձ համար նման հանդիպումներում անհատական որակներն ամենակարևորը չեն։ Պետք է խաղալ թիմի համար, շատ աշխատել և պայքարել մինչև վերջ։


Պերկովիչ․ «Նման հանդիպումներում լրացուցիչ մոտիվացիայի կարիք չկա»

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նախկինում բազմիցս նշել էր «Սիոնի» բարձր մակարդակը։ Նրա խոսքով՝ մրցակցին նման գնահատական տալը լրացուցիչ ճնշում չի ստեղծում ֆուտբոլիստների վրա։

Դուք բազմիցս ընդգծել եք մրցակցի ուժը։ Դա լրացուցիչ ճնշո՞ւմ է ստեղծում խաղացողների վրա, թե՞, ընդհակառակը, մոտիվացնում է նրանց։

— Չեմ կարծում, որ դա կարող է ճնշել ֆուտբոլիստներին։ Մեր բոլոր խաղացողները գիտեն մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, մենք լավ վերլուծություն ենք կատարել։ Նման հանդիպումներում ֆուտբոլիստներին առհասարակ լրացուցիչ մոտիվացիա պետք չէ։ Սա եվրագավաթային, փլեյ-օֆֆի, չափազանց կարևոր հանդիպում է։ Այստեղ լրացուցիչ մոտիվացիայի կարիք պարզապես չկա։

Չնայած կադրային խնդիրներին՝ Պերկովիչը դրական գնահատեց իր թիմի վիճակը պատասխան հանդիպումից առաջ։

Ինչպե՞ս եք գնահատում առաջիկա հանդիպման հնարավորությունները։

— Մենք շատ լավ ենք պատրաստվել։ Ցավոք, մի քանի շատ կարևոր ֆուտբոլիստներ չեն կարողանա խաղալ։ «Շիրակի» դեմ հանդիպումից հետո մարզումների համար շատ ժամանակ չունեինք, բայց այն օգտագործեցինք վերլուծության և տակտիկական պատրաստության համար։

Թիմն այժմ լավ վիճակում է, ինձ դուր է գալիս մեր ներկայիս մարզավիճակը։ Վերջին հանդիպումներում հարձակման գծում շատ բան է ստացվել․ չորս գոլ ենք խփել «Շիրակին», երկու՝ «Սիոնին», երեք՝ «Սյունիքին», երկու՝ «Զիմբրուին»։ Ուրախ եմ, որ կարողացել ենք այդքան գոլ խփել։

Մենք պատրաստ ենք ցույց տալու, որ կարող ենք մրցակցել նման մակարդակում։ Ցանկանում եմ, որ թիմը համարձակ լինի։ Ֆուտբոլում կարելի է հաղթել, կարելի է պարտվել, բայց գլխավորն այն է, որ ցուցադրես հաղթելու ձգտում և պայքարես։

«Սիոնի» գլխավոր մարզիչը խաղից առաջ թիմերի հնարավորությունները գնահատել էր հավասար։ Պերկովիչը համաձայնեց այդ գնահատականի հետ։

«Սիոնի» մարզիչն ասել է, որ այժմ հնարավորությունները 50/50 են։ Ի՞նչ եք կարծում այդ մասին։

— Լիովին համաձայն եմ նրա հետ։ Հնարավորությունները բացարձակապես հավասար են։ Մենք պատրաստ ենք խաղին։ Ուզում եմ տեսնել, թե այժմ ինչ մակարդակի վրա է իմ թիմը և որքանով ենք պատրաստ նման հանդիպումներին։

«Ֆուտբոլիստները ցույց տվեցին ֆիզիկական պատրաստվածության եվրոպական մակարդակ»

Երկու թիմերն էլ վերջին հանդիպումներում շատ գոլեր են խփում։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե որքանով է «Նոան» պատրաստ հնարավոր լրացուցիչ ժամանակին և 11-մետրանոցների շարքին։

Պերկովիչն ընդգծեց, որ իր ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը լավատեսության հիմքեր է տալիս։

— «Սիոնը» միշտ շատ է գոլեր խփում, դա հարձակողական թիմ է։ Մենք լիովին պատրաստ ենք։ Գուցե զարմանաք, բայց «Շիրակի» դեմ հանդիպումից հետո մենք վերլուծել ենք թիմի ֆիզիկական վիճակը, և ցուցանիշները լավագույններից էին ակումբում իմ աշխատանքի ամբողջ ժամանակահատվածում։

Կարող եմ ասել, որ ֆուտբոլիստները ցուցադրեցին ֆիզիկական պատրաստվածության եվրոպական մակարդակ։ Պետք է հաշվի առնել, որ «Շիրակի» դեմ հանդիպումը կայացել էր «Սիոնի» հետ խաղից ընդամենը երեք օր անց, սակայն ֆուտբոլիստները շատ ակտիվ էին գործում և իրենց չէին խնայում։

Մենք գիտենք, որ պատրաստ ենք խաղալ։ Միակ բանը, որն ինձ անհանգստացնում է, մեր կադրային կորուստներն են։ Բայց վստահ եմ, որ բացակայողներին փոխարինող ֆուտբոլիստները հիանալի հանդիպում կանցկացնեն։

Հայաստանի առաջնությունում՝ Շվեյցարիա մեկնելուց առաջ, «Նոան» էմոցիոնալ հաղթանակ էր տարել «Շիրակի» նկատմամբ՝ անհրաժեշտ արդյունքին հասնելով խաղի ամենավերջում։ Պերկովիչի կարծիքով՝ նման հանդիպումները կարող են թիմին լրացուցիչ հոգեբանական լիցք հաղորդել։

— Հավատացեք ինձ՝ Հայաստանի առաջնությունում հեշտ հաղթանակներ չեն լինում։ Իհարկե, երբ վերջին վայրկյաններին հաղթանակ ես կորզում, դա բարձրացնում է էմոցիոնալ ֆոնը և օգնում հոգեբանական տեսանկյունից։ Նման պահերը շատ կարևոր են հանդերձարանի համար։

«Մրցակցի հեռացումից հետո սկսեցինք ավելի դանդաղ խաղալ»

«Սիոնի» դեմ առաջին հանդիպումից հետո «Նոայի» մարզչական շտաբը մանրամասն վերլուծել է խաղը։ Պերկովիչը կրկին ընդգծեց, որ թիմը շատ որակյալ էր անցկացրել մեկնարկային հատվածը, սակայն մրցակցի հեռացումից հետո նվազեցրել էր ինտենսիվությունը։

— Իհարկե, մենք ամեն ինչ վերլուծել ենք։ Առաջին 25 րոպեն շատ լավ անցկացրինք։ Մրցակցի կարմիր քարտից հետո սկսեցինք ավելի դանդաղ խաղալ, և դա մեր խաղի գլխավոր խնդիրն էր։

Բացի այդ, վնասվածքի պատճառով կորցրինք Հովհաննես Համբարձումյանին։ Այդ պահին նա շատ կարևոր էր մեզ համար։ Չեմ բացահայտի, թե կոնկրետ ինչու՝ տակտիկական տեսանկյունից։

Մենք հաշվի ենք առել մեր սխալները և հույս ունենք, որ պատասխան խաղում կկարողանանք խուսափել դրանցից ու հաղթանակ տանել։

Միևնույն ժամանակ «Նոայի» մարզիչը չի կարծում, որ հնարավոր արագ գոլն անպայման վճռորոշ գործոն կդառնա հանդիպման համար։

— Կարծում եմ՝ հանդիպումը երկար կլինի, և յուրաքանչյուր թիմ ժամանակ կունենա խաղի ընթացքը փոխելու համար։ Երկու թիմերն էլ լավ են դրսևորում իրենց հարձակման գծում։ Իհարկե, արագ գոլը կարող է ազդել հանդիպման վրա, բայց այն վճռորոշ չի լինի։

Պերկովիչը՝ արտագնա հանդիպումների մասին․ «Դա մեզ վրա որևէ ճնշում չի գործադրում»

Եվրագավաթներում «Նոան» հատկապես վստահ է հանդես գալիս սեփական հարկի տակ, մինչդեռ արտագնա խաղերում հայկական թիմն ավելի քիչ հաղթանակներ է տարել։ Պերկովիչը, սակայն, դա հոգեբանական խնդիր չի համարում։

— Յուրաքանչյուր հանդիպում իր պատմությունն ունի, միշտ ամեն ինչ տարբեր է լինում։ Նախորդ մրցաշրջանում մենք մի քանի ֆանտաստիկ արտագնա հանդիպում անցկացրինք։ Կրայովայում ոչ-ոքի խաղացինք․ դա հաղթանակ չէր, բայց մեր խաղն այդ օրը հրաշալի էր։ Եղան նաև հանդիպումները «Աբերդինի», Լյուբլյանայի «Օլիմպիայի» դեմ։ Այո, պարտվեցինք «Ֆերենցվարոշին», բայց այդ խաղում էլ վատ չէինք հանդես եկել։

Դա մեզ վրա որևէ ճնշում չի գործադրում։ Իհարկե, տանը խաղալն ավելի հեշտ է, բայց մենք պրոֆեսիոնալներ ենք և միշտ պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը։ Մենք գիտենք՝ ինչպես մոտենալ նման հանդիպումներին։

Հաջողության հնարավոր բանալիներից մեկը կարող են դառնալ ստանդարտ իրավիճակները։ «Նոայի» մարզիչը նշեց, որ իր թիմը մեծ ուշադրություն է դարձնում այդ բաղադրիչին։

— Յուրաքանչյուր խաղից առաջ մենք պատրաստում ենք խաղի բոլոր ասպեկտները։ Ստանդարտները ժամանակակից ֆուտբոլի կարևորագույն բաղադրիչներից են։ «Սիոնը» նույնպես շատ լավ է գործում ստանդարտ իրավիճակների ժամանակ։

Կարծում եմ՝ նախորդ մրցաշրջանի վերջից սկսած և այժմ մենք էլ դրանք լավ ենք օգտագործում։ Օրինակ՝ «Զիմբրուի» դեմ խաղում գոլ խփեցինք անկյունայինից հետո։

«Եթե իրավիճակը պահանջի ռիսկի դիմել՝ մենք կդիմենք»

Մամուլի ասուլիսի եզրափակիչ հատվածում Պերկովիչին հարցրին, թե որքան համարձակ է «Նոան» պատրաստվում գործել պատասխան հանդիպմանը և արդյոք թիմը պատրաստ է հաղթանակի համար ռիսկի դիմել։

— Որոշումները պետք է ընդունել անմիջապես հանդիպման ընթացքում՝ ելնելով նրանից, թե ինչպես են զարգանում իրադարձությունները և ինչ է անհրաժեշտ հաղթանակի համար։ Իհարկե, մենք ռիսկի կդիմենք, եթե իրավիճակը դա պահանջի։

Մենք պետք է խաղանք այնպես, ինչպես խաղացինք առաջին հանդիպման առաջին 25 րոպեներին։ Միայն թե այս անգամ՝ ոչ թե 25 րոպե, այլ այնքան, որքան անհրաժեշտ կլինի։

Աբովյանում գրանցված 2:2 ոչ-ոքիից հետո դիմակայության ելքն ամբողջությամբ կորոշվի Շվեյցարիայում։ Չնայած լուրջ կադրային կորուստներին՝ «Նոան» պատասխան հանդիպմանը մոտենում է իր ֆիզիկական պատրաստվածության նկատմամբ վստահությամբ և ամբողջ խաղի ընթացքում բարձր տեմպ պահպանելու մտադրությամբ։ Զույգի հաղթողը կշարունակի ելույթները Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։