Մուլահուսեյնովիչը հեռանում է «Նոայից». գործակալը հաստատել է տեղափոխությունը սերբական «Վոյվոդինա»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը մոտ է սերբական «Վոյվոդինա» տեղափոխվելուն։ Հնարավոր տրանսֆերի մասին տեղեկությունը հաստատել է ֆուտբոլիստի գործակալ Ադմիր Հուսարիչը։
«ԻնսայդՅԱՆ» ալիքին տված մեկնաբանությունում բոսնիացի հարձակվողի ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ գտնվում է Նովի Սադում, որտեղ կողմերն ավարտում են գործարքի ձևակերպումը։
«Սերբական “Վոյվոդինա” տեղափոխության մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Ես այժմ գտնվում եմ Նովի Սադ քաղաքում՝ տրանսֆերը վերջնականացնելու համար։ Նարդինը կստորագրի երեք տարվա պայմանագիր։ “Նոան” արդեն ստացել է պաշտոնական փաստաթուղթը, և ակումբների միջև բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել։
Սա կլինի հայկական ֆուտբոլի պատմության խոշորագույն տրանսֆերը», — հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 550 հազար եվրո, իսկ «Նոան» նաև կստանա ֆուտբոլիստի ապագա վաճառքից 10 տոկոս։ Մուլահուսեյնովիչի պայմանագիրը «Վոյվոդինայի» հետ նախատեսված կլինի երեք տարվա համար։
Բոսնիացի հարձակվողը «Նոայում» անցկացրեց մեկ մրցաշրջան, սակայն հասցրեց դառնալ հայ երկրպագուների սիրելիներից մեկը։ Ավարտված մրցաշրջանում Մուլահուսեյնովիչը խփեց 16 գոլ և կատարեց 4 գոլային փոխանցում՝ կարևոր դեր ունենալով թիմի հաջող ելույթներում։
Հատկապես տպավորիչ էր հարձակվողի խաղը Կոնֆերենցիաների լիգայում։ Մուլահուսեյնովիչը դարձավ մրցաշարի ընդհանուր փուլի լավագույն ռմբարկուն՝ խփելով 5 գոլ, և օգնեց «Նոային» պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եվրագավաթի փլեյ-օֆֆ։