«Կարծում եմ՝ նա կոտրել է ոտքը». Բանդիկյանը ծանր վնասվածք է ստացել Կիպր — Հայաստան խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արտեմ Բանդիկյանը լուրջ վնասվածք է ստացել Ազգերի լիգայի երրորդ տուրի՝ Կիպրոսի դեմ խաղում, որն ավարտվել է Հայաստանի հավաքականի 0:2 հաշվով պարտությամբ։
Դրվագը տեղի է ունեցել հանդիպման 52-րդ րոպեին։ Կիպրոսի հավաքականի պաշտպան Կոստաս Պիլեասը կոպիտ է խաղացել Բանդիկյանի դեմ։ Սկզբում մրցավարը կարմիր քարտ չի ցույց տվել, սակայն VAR-ի օգնությամբ դրվագը վերանայելուց հետո փոխել է իր որոշումը և ուղիղ կարմիր քարտով հեռացրել կիպրացի ֆուտբոլիստին։
Դրվագը չափազանց տհաճ տեսք ուներ․ կրկնապատկերում երևում էր, թե ինչպես է բախման հետևանքով Բանդիկյանի կոճը ուժեղ ծալվում։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը, և նրան դուրս են բերել պատգարակով։
Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ մտավախություն ունի՝ վնասվածքը կարող է շատ լուրջ լինել։
«Խաղի ընթացքում Բանդիկյանը վնասվածք ստացավ։ Կարծում եմ՝ նա կոտրել է ոտքը։ Չեմ հասկանում, թե ինչու մենք այսքան շատ վնասվածքներ ունենք։ Մենք արդեն 14 վնասվածք ունեցող ֆուտբոլիստ ունենք»,- ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսում։
Միևնույն ժամանակ, ճշգրիտ ախտորոշումը դեռ հայտնի չէ։ Բանդիկյանը պետք է բժշկական հետազոտություն անցնի, որից հետո պարզ կդառնան վնասվածքի աստիճանն ու վերականգնման հնարավոր ժամկետները։
Արդեն հիմա կարելի է հստակ ասել, որ պաշտպանը հոկտեմբերի 5-ին չի մասնակցի Չեռնոգորիայի դեմ Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպմանը։
Բանդիկյանի կորուստը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում մարզչական շտաբի համար։ Կիպրոսի դեմ հանդիպումից հետո Մելիքյանը նշել է, որ պաշտպանության աջ եզրում իրավիճակը հատկապես բարդացել է։
«Հիմա չգիտեմ՝ ումով փոխարինել Բանդիկյանին։ Սա արդեն աջ լատերալի դիրքում մեր չորրորդ կորուստն է, և խոսքը միայն մեկ դիրքի մասին է։ Ունենք այն, ինչ ունենք»,- հայտարարել է գլխավոր մարզիչը։
Կիպրոսի դեմ հանդիպումը Հայաստանի հավաքականի համար երրորդն էր Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Չնայած 52-րդ րոպեից թվային առավելություն ունենալուն՝ Հայաստանի հավաքականը չկարողացավ հետ բերել դեռ առաջին խաղակեսում բաց թողած երկու գնդակը։