SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մելիքյան. «Ես վա-բանկի գնացի, որպեսզի հաղթենք Մոլդովային»


Մելիքյան. «Ես վա-բանկի գնացի, որպեսզի հաղթենք Մոլդովային»
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է Մոլդովայի դեմ ընկերական հանդիպումը, որը կայացավ Երևանում և ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

Ազգային թիմի համար սա հունիսյան երկրորդ ստուգողական հանդիպումն էր առաջիկա պաշտոնական խաղերից առաջ։ Ավելի վաղ Հայաստանի հավաքականը նույնպես ոչ-ոքի էր խաղացել Ղազախստանի հետ՝ 1:1։ Մելիքյանի խոսքով՝ չնայած հաղթանակների բացակայությանը, այս հանդիպումները մարզչական շտաբին շատ կարևոր տեղեկատվություն տվեցին Ազգերի լիգայից առաջ։

«Այս երկու խաղերը մեզ շատ կօգնեն Ազգերի լիգայի հանդիպումներին պատրաստվելու համար։ Մենք լավ աշխատեցինք, տեսանք՝ ինչի են ունակ ֆուտբոլիստները, հասկացանք՝ ինչ կարող ենք փոխել։ Վատ բան չեմ տեսնում, տղաները լավ աշխատեցին»,- խաղից հետո ասաց Մելիքյանը։

Գլխավոր մարզիչը խոստովանեց, որ երկու հանդիպումներում էլ մրցակիցները փորձում էին խանգարել Հայաստանի հավաքականին խաղալ, և ժամանակ առ ժամանակ դա նրանց հաջողվում էր։ Միևնույն ժամանակ Մելիքյանը նշեց, որ ընդհանուր տպավորությունը կարող էր լրիվ այլ լինել, եթե թիմը կարողանար պահել հաղթական հաշիվը Մոլդովայի հետ խաղի վերջնամասում։

«Եթե հաղթեինք, լրիվ այլ պատկեր կլիներ։ Բայց վերջում գոլ բաց թողեցինք։ Պետք է աշխատենք գրոհների եզրափակման վրա, գտնենք ֆուտբոլիստի, որը կարող է գոլեր խփել»,- նշեց ազգային թիմի գլխավոր մարզիչը։

Մելիքյանը շեշտեց, որ հանդիպման վերջնամասում լուրջ ռիսկի է դիմել հաղթանակի հասնելու համար։ Այդ պլանն աշխատեց․ Հայաստանի հավաքականն ուժեղացրեց ճնշումը և գոլ խփեց, սակայն հետո գոլ բաց թողեց անհատական սխալի պատճառով։

«Ես վա-բանկի գնացի, որպեսզի հաղթենք։ Պլանն աշխատեց, մենք գոլ խփեցինք։ Բայց անհատական սխալի պատճառով գոլ բաց թողեցինք։ Բուենոն լավ հանդիպում անցկացրեց, բայց մեկ դրվագում սխալվեց, և դա հանգեցրեց գոլի»,- ասաց Մելիքյանը։

Մարզչի խոսքով՝ թիմի գլխավոր խնդիրը հիմա պահերի իրացումն է։ Մելիքյանը կարծում է, որ Հայաստանի հավաքականը կարող էր վստահ հաղթել, եթե ավելի որակյալ գործեր գրոհների եզրափակիչ փուլում։

«Մենք կարող էինք հաղթել նվազագույնը 3:0 հաշվով, եթե երկու-երեք դիրքում ավելի շատ որակ ունենայինք։ Բայց առաջին հերթին մեզ պարզապես չբերեց։ Չեմ հասկանում՝ ինչպես մի քանի դրվագներում գնդակը պարզապես չէր ուզում մտնել դարպասը»,- նշեց գլխավոր մարզիչը։

Առանձին Մելիքյանը անդրադարձավ որոշ ֆուտբոլիստների գործողություններին։ Նա դրական գնահատեց Նարեկ Գրիգորյանի խաղը, որը գործեց ինսայդի դիրքում և, մարզչի խոսքով, լավ բացում էր մրցակցի պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ ֆուտբոլիստն ուներ նաև սեփական գոլային պահերը։

Մարզիչը նաև բացատրեց, թե ինչու Դավիթ Դավիդյանին օգտագործեց աջ լատերալի դիրքում։ Մելիքյանի խոսքով՝ այս տարբերակը կարող է օգտակար լինել հավաքականին Կամո Հովհաննիսյանի վնասվածքի կամ որակազրկման դեպքում։

«Դավիթ Դավիդյանին փորձեցի աջ լատերալի դիրքում։ Նա կլինի մեր պահեստային տարբերակը Կամո Հովհաննիսյանի վնասվածքի կամ հեռացման դեպքում։ Գիտեմ, որ Դավիդյանը կարող է խաղալ լատերալի դիրքում, նա այդ դիրքում հանդես է եկել «Փյունիկում»։ Իհարկե, խնդիրներ կային, բայց մենք դա կլուծենք»,- հայտարարեց մարզիչը։

Մելիքյանը նաև նշեց նորամուտը նշած Ալեքսանդր Միշիևի խաղը։ Դարպասապահը վստահ հանդիպում անցկացրեց, երկու անգամ փրկեց Հայաստանի հավաքականի դարպասը և, գլխավոր մարզչի խոսքով, լավ գործեց ոչ միայն դարպասային գծի վրա, այլև ոտքով խաղում։

«Ալեքսանդր Միշիևը լավ հանդիպում անցկացրեց, երկու անգամ փրկեց դարպասը։ Նորամուտի համար դա լավ էր։ Նա նաև վստահ էր խաղում ոտքով և սառնասիրտ էր։ Մենք ունենք երիտասարդ ու հեռանկարային դարպասապահներ»,- ասաց Մելիքյանը։

Առանձին թեմա էին ստանդարտ դրությունները։ Գլխավոր մարզիչը խոստովանեց, որ Հայաստանի հավաքականը դրանց մեծ ուշադրություն է դարձնում, սակայն խաղի ընթացքում խնդիր առաջացավ․ փոխանցումներից հետո ֆուտբոլիստները չէին հասցնում հասնել գնդակին, թեև կազմում կային բարձրահասակ խաղացողներ։

Խոսելով ազգային թիմի ապագա կազմի մասին՝ Մելիքյանը շեշտեց, որ վերջնական որոշումները կընդունվեն արդեն ակումբային մրցաշրջանի մեկնարկից և եվրագավաթային հանդիպումներից հետո։ Մարզչական շտաբը ուշադիր կհետևի ֆուտբոլիստների մարզավիճակին։

«Հայաստանի հավաքականի հիմնական կազմը կորոշենք եվրագավաթային հանդիպումներից և մրցաշրջանի մեկնարկից հետո։ Հիմա դժվար է ասել, պետք է տեսնենք՝ ինչ մարզավիճակ ձեռք կբերեն ֆուտբոլիստները։ Կային խաղացողներ, որոնք չարդարացրին սպասելիքները, այնպես որ կդիտարկենք և կշարունակենք փնտրել։ Մեզ մի քանի դիրքում որակ է պակասում»,- նշեց Մելիքյանը։

Գլխավոր մարզիչը նաև չբացառեց Հովհաննես Համբարձումյանի վերադարձը ազգային հավաքական։ Մելիքյանի խոսքով՝ եթե պաշտպանն աշնանը լավ մարզավիճակում լինի, հրավեր կստանա հավաքական։

Վերջում Մելիքյանը կրկին ընդգծեց, որ չի ցանկանում քննադատել ֆուտբոլիստներին Մոլդովայի հետ խաղից հետո։ Նրա կարծիքով՝ թիմը ճիշտ ճանապարհի վրա է, բայց պետք է լուծի գլխավոր խնդիրը՝ ստեղծած պահերի իրացումը։

«Ես գնացի բոլոր ռիսկերին, բայց չստացվեց։ Չեմ ուզում քննադատել ֆուտբոլիստներին, նրանք գերազանց աշխատեցին։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, լավ խաղացինք։ Խնդիրը միայն իրացման մեջ է»,- եզրափակեց Եղիշե Մելիքյանը։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 25-ին՝ Ազգերի լիգայում Լատվիայի դեմ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։