Մեքսիկան հաղթեց ՀԱՀ-ին ԱԱ-2026-ի մեկնարկային խաղում․ երեք հեռացում և երկու գոլ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մեքսիկայի հավաքականը հաղթանակով սկսեց տնային աշխարհի առաջնություն-2026-ը։ Մրցաշարի բացման խաղում մեքսիկացիները 2:0 հաշվով հաղթեցին Հարավային Աֆրիկայի Հանրապետությանը։
Մեխիկոյում կայացած հանդիպումը ստացվեց լարված և հարուստ իրադարձություններով․ երկու գոլ, երեք հեռացում և մեծ տոն տրիբունաներում։ Մրցաշարի տանտերերը կարևոր հաղթանակ տարան A խմբի առաջին խաղում և անմիջապես հայտարարեցին իրենց հավակնությունների մասին։
Աշխարհի առաջնություն-2026-ի առաջին գոլը խփեց Խուլիան Կինյոնեսը։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես եկող հարձակվողը հաշիվը բացեց արդեն 9-րդ րոպեին և դարձավ մրցաշարի պատմական գոլի հեղինակը։ Կոլումբիայից նատուրալիզացված ֆուտբոլիստի համար սա երրորդ գոլն էր Մեքսիկայի հավաքականի կազմում։
Երկրորդ խաղակեսում Մեքսիկայի առավելությունը ամրապնդեց Ռաուլ Խիմենեսը։ 35-ամյա հարձակվողը աչքի ընկավ 67-րդ րոպեին և հաշիվը դարձրեց 2:0։ Խիմենեսի համար այս գոլը դարձավ առաջինը աշխարհի առաջնություններում։ Ավելի վաղ նա մասնակցել էր 2014, 2018 և 2022 թվականների մրցաշարերին, սակայն մինչև ԱԱ-2026-ը չէր գոլահարել մունդիալներում։
Մեքսիկայի հավաքականի կազմում Խիմենեսն այժմ ունի 46 գոլ 128 խաղում։
Հանդիպումը հիշվեց նաև միանգամից երեք հեռացումով։ ՀԱՀ-ի կազմում կարմիր քարտեր ստացան Սպեփելո Սիտհոլեն և Թեմբա Զվանեն, իսկ արդեն ավելացված ժամանակում հեռացվեց Մեքսիկայի պաշտպան Սեսար Մոնտեսը։
Մեքսիկայի համար այս հաղթանակն ունի նաև խորհրդանշական նշանակություն։ Ավելի վաղ մեքսիկացիներն ու հարավաֆրիկացիները հանդիպել էին ԱԱ-2010-ի բացման խաղում Հարավային Աֆրիկայում․ այն ժամանակ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։
ԱԱ-2026, A խումբ, 1-ին տուր
Մեքսիկա — ՀԱՀ — 2:0
Գոլեր․ Խուլիան Կինյոնես, 9; Ռաուլ Խիմենես, 67։
Հեռացումներ․ Սպեփելո Սիտհոլե, 49; Թեմբա Զվանե, 84; Սեսար Մոնտես, 90+2։
A խմբի հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայի ժամանակով 05:00-ին՝ Երևանի ժամանակով 06:00-ին։ Մեքսիկայի Սապոպան քաղաքում կմրցեն Հարավային Կորեայի և Չեխիայի հավաքականները։