Մանուկյանն ու Խաչատրյանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության պատվո հարթակին են
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը երկրորդ տարին անընդմեջ բարձրացել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության պատվո հարթակ։
Նժույգի վարժության եզրափակիչում 18-ամյա Համլետ Մանուկյանը նվաճել է արծաթե մեդալ՝ մրցավարներից ստանալով 15,000 միավոր։ 19-ամյա Մամիկոն Խաչատրյանը 14,900 միավոր արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։
Եվրոպայի չեմպիոն է դարձել Իտալիան ներկայացնող 20-ամյա Գաբրիելե Տարգետտան, որը վաստակել է 15,133 միավոր։

Հատկանշական է, որ մեկ տարի առաջ նույն երեք մարմնամարզիկները նույնպես զբաղեցրել էին Եվրոպայի առաջնության պատվո հարթակի բոլոր երեք տեղերը, սակայն այլ հերթականությամբ։ Այն ժամանակ ոսկե մեդալը նվաճել էր Մանուկյանը, Խաչատրյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Տարգետտան՝ բրոնզե։
Այսպիսով, Մանուկյանն ու Խաչատրյանը երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվում են նժույգի վարժությունում Եվրոպայի երեք ուժեղագույն մարմնամարզիկների թվում։
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների համար հաջորդ Եվրոպայի առաջնությունը կլինի տնային՝ ԵԱ-2027-ը կանցկացվի Երևանում։
Հայ մարմնամարզիկների ելույթները Եվրոպայի ընթացիկ առաջնությունում շարունակվում են։ Այսօր օղակների վարժության եզրափակիչում Հայաստանը կներկայացնեն Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը։ Իսկ վաղը հենացատկի եզրափակիչում հանդես կգա Արթուր Դավթյանը։