Մանուել Տուլիպան և Ալվին Տերան՝ «Յագելոնիայի» հետ խաղից առաջ. մրցակցի, վնասվածքների և Եվրոպա լիգայում առաջին հաղթանակի հնարավորությունների մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 15-ին «Արարատ-Արմենիան» կանցկացնի իր առաջին արտագնա հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում։ Երկրորդ տուրում հայկական ակումբը կհանդիպի լեհական «Յագելոնիային»։ Խաղը կկայանա Բելոստոկում։
Երկու թիմերն էլ մրցաշարը սկսել են պարտությամբ։ Առաջին տուրում «Արարատ-Արմենիան» Երևանում 1։4 հաշվով զիջել է Պրահայի «Սպարտային», իսկ «Յագելոնիան» 1։2 հաշվով պարտվել է հունական «Օլիմպիակոսին»։
Այժմ մրցակիցները կփորձեն վաստակել իրենց առաջին միավորները մրցաշարում։ Լեհական ակումբը հանդիպմանը մոտենում է երեք անընդմեջ պարտություններից հետո և ազգային առաջնությունում զբաղեցնում է տասներորդ տեղը։ Սակայն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան կարծում է, որ վերջին արդյունքները չեն արտացոլում «Յագելոնիայի» իրական ուժը։
Բելոստոկում կայանալիք հանդիպումից առաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են հայկական թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան և կիսապաշտպան Ալվին Տերան։
«Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչները խոսել են առաջիկա հանդիպումից իրենց սպասելիքների մասին, գնահատել մրցակցի ուժեղ կողմերը, ներկայացրել թիմի կադրային իրավիճակը և բացատրել, թե ինչ դասեր են քաղել «Սպարտայից» կրած պարտությունից։
Ալվին Տերա. «Երկու թիմերն էլ ձգտելու են Եվրոպա լիգայում իրենց առաջին հաղթանակին»
— Ի՞նչ սպասելիքներ ունեք առաջիկա հանդիպումից և Եվրոպա լիգայում թիմի հետագա ելույթներից։
— Ինձ համար Եվրոպա լիգայում հանդես գալը հրաշալի զգացողություն է։ Մենք մի քանի տարի ձգտել ենք դրան։ Սակայն հասկանում ենք, որ դեռ իսկապես նշանակալի ոչնչի չենք հասել։ Սա մեր ճանապարհի միայն սկիզբն է, ուստի շարունակում ենք առաջ շարժվել։
— Դուք խաղում եք կիսապաշտպանության տարբեր դիրքերում։ Ո՞ր դիրքում եք ձեզ առավել հարմարավետ զգում։
— Ինձ հարմար է խաղալ խաղադաշտի կենտրոնում ցանկացած դիրքում՝ լինի դա «վեց համարի», «ութ համարի», թե «տասը համարի» դիրքը։ Երբ մարզիչն ինձ որոշակի ցուցումներ է տալիս, փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ՝ առաջադրանքները կատարելու համար։
— Ի՞նչ կարող եք ասել «Յագելոնիայի» մասին։ Կարելի՞ է արդյոք առաջիկա հանդիպումը վճռորոշ համարել ձեր թիմի համար։
— Չեմ կարծում, որ այս խաղը կարելի է վճռորոշ համարել, քանի որ առջևում դեռ շատ հանդիպումներ ունենք։ «Յագելոնիան» ուժեղ թիմ է՝ հետաքրքիր ֆուտբոլիստներով։ Կարծում եմ՝ մեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում։ Երկու թիմերն էլ ձգտելու են Եվրոպա լիգայում իրենց առաջին հաղթանակին։
— Ինչպիսի՞ մթնոլորտ եք ակնկալում Բելոստոկի մարզադաշտում։
— «Յագելոնիան» խաղում է սեփական հարկի տակ, ուստի այս առումով կարող է որոշակի առավելություն ունենալ։ Բայց կարծում եմ, որ մեզ համար նույնպես մթնոլորտը հաճելի կլինի։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար։
Մանուել Տուլիպա. «Ֆավորիտը կորոշվի ֆուտբոլային խաղադաշտում»
— «Յագելոնիան» պարտվել է վերջին երեք հանդիպումներում, իսկ Լեհաստանի առաջնությունում զբաղեցնում է տասներորդ տեղը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ «Արարատ-Արմենիան» առաջիկա հանդիպման ֆավորիտն է։
— Մի քանի պարտությունը թիմին չի դարձնում հետնապահ։ Ես դիտել եմ «Յագելոնիայի» հանդիպումները, այդ թվում՝ այն խաղերը, որոնցում թիմը պարտվել է։ Նույնիսկ այդ հանդիպումներում թիմը շատ մրցունակ տեսք ուներ և լավ ֆուտբոլ էր ցուցադրում։
Ընդհանուր առմամբ, «Յագելոնիան» շատ որակյալ թիմ է, որն ունի սեփական խաղաոճը և ուժեղ ֆուտբոլիստներ։ Այդ պատճառով ես չէի շտապի նախապես ֆավորիտ առանձնացնել։ Ամեն ինչ կորոշվի ֆուտբոլային խաղադաշտում։
Նման հանդիպումներում մանրուքները կարող են հսկայական դեր խաղալ։ Հենց այդպես եղավ «Սպարտայի» հետ մեր խաղում, երբ ստանդարտ իրավիճակները մեծապես որոշեցին հանդիպման ելքը։ Կարծում եմ՝ մեզ անկանխատեսելի խաղ է սպասվում։
— Ինչպիսի՞ն է վնասվածք ունեցող Խուլիո Բուենոյի և Էդգար Գրիգորյանի վիճակը։ Կկարողանա՞ն նրանք մասնակցել հանդիպմանը։
— Խուլիո Բուենոն դեռ պատրաստ չէ խաղալու։ Նա Հայաստանի հավաքականից վերադարձել է վնասվածքով և, կարծում եմ, բաց կթողնի մոտ երկու շաբաթ։ Այժմ նա թիմի հետ է, որպեսզի շարունակի գտնվել բժշկական անձնակազմի հսկողության տակ։
Ինչ վերաբերում է Էդգար Գրիգորյանին, ապա նա գրեթե ապաքինվել է։ Չի բացառվում, որ արդեն վաղը կարողանա խաղադաշտ դուրս գալ։
— Ի՞նչ տրամադրությամբ է թիմը մոտենում հանդիպմանը «Սպարտայից» տնային պարտությունից հետո։ Ի՞նչ դասեր եք քաղել առաջին խաղից։
— Մենք եվրագավաթներում այնքան անփորձ չենք, որքան կարող է թվալ։ Ակումբի գոյության ինը տարիների ընթացքում «Արարատ-Արմենիան» եվրոպական մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում և տարել 14 հաղթանակ։ Ուստի մենք որոշակի միջազգային փորձ ունենք։
Սակայն այժմ հանդես ենք գալիս այլ մակարդակում։ Իհարկե, առաջին հանդիպումից դասեր ենք քաղել, հատկապես մանրուքների հետ կապված։
Իմ կարծիքով՝ «Սպարտայի» դեմ ընդհանուր առմամբ լավ խաղացինք, բայց թույլ տվեցինք մի քանի փոքր սխալ։ Հենց դրանք շտկելու ուղղությամբ էլ աշխատել ենք վերջին օրերին։
Մենք հասկանում ենք, որ Եվրոպա լիգան շատ բարդ մրցաշար է, իսկ «Յագելոնիան»՝ լուրջ մրցակից։ Այո՛, լեհական թիմը երեք անընդմեջ պարտություն է կրել, բայց անձամբ ինձ համար դա ոչինչ չի նշանակում։
Նախորդ մրցաշրջանում «Յագելոնիան» շատ ուժեղ թիմ էր։ Ամռանը այն կորցրեց մի քանի կարևոր ֆուտբոլիստների, սակայն ակումբն ունի երկարաժամկետ նախագիծ և զարգացման հստակ ուղղություն։ Այդ պատճառով մեզ լուրջ փորձություն է սպասվում։
— Զիդան Բանջակին վերջին վեց հանդիպումներում ընդգրկվել է մեկնարկային կազմում, սակայն գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։ Կարծո՞ւմ եք, որ նա լիովին իրացնում է իր ներուժը։
— Մենք փորձում ենք հնարավորություն տալ բոլոր ֆուտբոլիստներին։ Երկար մրցաշրջանի ընթացքում յուրաքանչյուր խաղացող կարևոր է մեզ համար։
Առաջին հանդիպումներում շատ կարևոր դեր ուներ Ժիրայր Շաղոյանը։ Այնուհետև իր որակները ցույց տվեց Զիդան Բանջակին, որը, օրինակ, գոլ խփեց «Ցելյեի» դեմ խաղում։
Իհարկե, դուք ճիշտ եք. կցանկանայի, որ Զիդանն ավելի արդյունավետ լիներ։ Բայց պետք է հասկանալ, որ մեր եզրային կիսապաշտպանները տարբեր առաջադրանքներ ունեն։
Նրանք պետք է ոչ միայն գոլեր խփեն և գոլային փոխանցումներ կատարեն, այլև ստեղծեն գոլային պահեր, գործեն ստեղծագործաբար և ազատ տարածություններ բացեն խաղընկերների համար։ Եթե Բանջակիի խաղը գնահատենք այս տեսանկյունից, ապա ես գոհ եմ նրա ելույթներից։
Նա լավ է համագործակցում խաղընկերների հետ և մեծ վտանգ է ներկայացնում խաղադաշտի հարձակողական երրորդում։
Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ մեր բոլոր եզրային հարձակվողներից՝ Զիդան Բանջակիից, Ժիրայր Շաղոյանից, Արթուր Սերոբյանից և Ֆրանսայից։
— Խաղաոճի տեսանկյունից նմանություններ տեսնո՞ւմ եք «Արարատ-Արմենիայի» և «Յագելոնիայի» միջև։
— Այո՛, որոշակի նմանություններ կան։ Երկու թիմերն էլ օգտագործում են 4-2-3-1 տակտիկական դասավորությունը, ուստի կարելի է նկատել նմանատիպ սկզբունքներ գրոհների կառուցման և պրեսինգի կազմակերպման մեջ։
Սակայն տարբերություններն էլ քիչ չեն։
Լեհաստանի առաջնությունն ավելի ինտենսիվ է։ Հնարավոր է՝ «Յագելոնիան» ֆիզիկական պատրաստվածության առումով գերազանցում է մեզ, քանի որ լեհական առաջնությունում ֆուտբոլիստներն ավելի հաճախ են մասնակցում մենապայքարների, իսկ հանդիպումներն անցկացվում են ավելի բարձր տեմպով։
Ես ինքս ապրել եմ Լեհաստանում և լավ ծանոթ եմ տեղի ֆուտբոլի առանձնահատկություններին։
Այնուամենայնիվ, եթե համեմատենք մեր թիմերը, ապա կասեի, որ մեր միջև նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները։
— Կարո՞ղ է Երևանի և Բելոստոկի կլիմայական պայմանների տարբերությունն ազդել «Արարատ-Արմենիայի» խաղի վրա։
— Անկասկած, դա կարևոր գործոն է։ Այստեղ այժմ շատ խոնավ է։ Եթե հանդիպման ընթացքում անձրև գա, խաղը կարող է ընթանալ մեզ համար անսովոր տեմպով։ Բացի այդ, կավելանա փոխանցումների և գնդակի վերահսկման ժամանակ սխալների հավանականությունը։
Բայց երկու թիմերի խնդիրն էլ սեփական խաղաոճը պահպանելն է՝ անկախ հանգամանքներից։
Նախկինում մեզ արդեն հաջողվել է դա անել։ Երբ թիմն ունի սեփական փիլիսոփայություն և որոշակի խաղաոճ, արտաքին գործոնները չպետք է խանգարեն նրան հավատարիմ մնալ իր սկզբունքներին։
Իհարկե, հնարավոր են սխալներ, գնդակի կորուստներ և այլ դժվարություններ։ Բայց ինձ համար ամենակարևորն այն է, որ թիմը շարունակի խաղալ այն ֆուտբոլը, որը մենք ցանկանում ենք տեսնել և որը կարողանում ենք ցուցադրել։