Լատվիան Հայաստանի դեմ խաղից առաջ կորցրել է առաջատարներից մեկին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լատվիայի հավաքականը Ազգերի լիգայի մեկնարկային տուրում Հայաստանի դեմ կայանալիք խաղից առաջ լուրջ կադրային կորուստ է կրել։ Փորձառու կիսապաշտպան Յանիս Իկաունիեքսը վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը և հաստատ չի խաղա Երևանում։
31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել իր ակումբի՝ ՌՖՇ-ի մարզման ժամանակ։ Իկաունիեքսի մասնակցությունը Լատվիայի հավաքականի՝ միջազգային այս պատուհանի մյուս հանդիպումներին նույնպես հարցականի տակ է։ Միևնույն ժամանակ Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիան չի բացառում, որ կիսապաշտպանը կարող է ավելի ուշ վերադառնալ թիմի ճամբար։
Իկաունիեքսը Լատվիայի հավաքականի հայտացուցակի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն է։ Նա ազգային թիմում անցկացրել է 74 հանդիպում և խփել 12 գոլ։ Հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներից ավելի շատ հանդիպում ունի միայն Ռոբերտս Սավելնիեքսը՝ 75։
Կիսապաշտպանը երեք անգամ խաղացել է Հայաստանի հավաքականի դեմ։ 2023 թվականին Իկաունիեքսը գոլերից մեկի հեղինակն էր Եվրո-2024-ի ընտրական փուլի այն խաղում, որում Լատվիան 2:0 հաշվով հաղթեց Հայաստանի թիմին։
Իկաունիեքսի փոխարեն հավաքական առաջին անգամ հրավիրվել է Կրիստերս Չուդարսը, որը հանդես է գալիս «Օգրե Յունայթեդում»։ 27-ամյա կիսապաշտպանը դարձել է Օգրեն ներկայացնող ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստը, որը հրավեր է ստացել երկրի գլխավոր ազգային հավաքական։
Լատվիայի հավաքականի համար կա նաև դրական կադրային նորություն։ «Աուդայի» և ՌՖՇ-ի միջև խաղում վնասվածք ստացած Էդուարդս Դաշկևիչսը շարունակում է գտնվել ազգային թիմի ճամբարում և մասնակցում է մարզումներին։
Իկաունիեքսի բացակայությունը զգալի կորուստ է Հայաստանի մրցակցի համար․ Լատվիայի հավաքականը զրկվել է իր ամենափորձառու և արդյունավետ ֆուտբոլիստներից մեկից։
Ազգերի լիգայի առաջին տուրի Հայաստան–Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին։