Գաբրիել Սարգսյանը վճռեց Հայաստան — Իրան հանդիպման ելքը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը հինգերորդ հաղթանակը տարավ Սամարղանդում ընթացող Շախմատի 46-րդ օլիմպիադայում։ Վեցերորդ տուրում հայ շախմատիստները լարված պայքարում 2,5:1,5 հաշվով հաղթեցին Իրանի հավաքականին։
Վճռորոշ դարձավ չորրորդ խաղատախտակի պարտիան, որտեղ փորձառու Գաբրիել Սարգսյանը հաղթեց Ռեզա Մահդավիին։ Մյուս երեք խաղատախտակների վրա գրանցվեցին ոչ-ոքիներ։
Հայաստան — Իրան — 2,5:1,5
- Հայկ Մարտիրոսյան (2664) — Ամին Տաբաթաբայի (2737) — 0,5:0,5
- Ռոբերտ Հովհաննիսյան (2642) — Բարդիա Դանեշվար (2572) — 0,5:0,5
- Շանթ Սարգսյան (2630) — Մեհդի Ղոլամի Օրիմի (2553) — 0,5:0,5
- Գաբրիել Սարգսյան (2610) — Ռեզա Մահդավի (2485) — 1:0
Հանդիպումը հեշտ չդասավորվեց Հայաստանի հավաքականի համար։ Առաջին խաղատախտակի վրա Հայկ Մարտիրոսյանը առավելություն ուներ, սակայն չկարողացավ այն իրացնել և պարտիան ավարտեց ոչ-ոքի։ Արդյունքում թիմային հաղթանակի ճակատագիրը որոշվում էր չորրորդ խաղատախտակի վրա։
Այստեղ Գաբրիել Սարգսյանը հերթական անգամ առանցքային դեր խաղաց Հայաստանի հավաքականի համար։ Փորձառու գրոսմայստերը հաղթեց երիտասարդ իրանցի մրցակցին և թիմին բերեց վճռորոշ միավորը։
Վեց տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։
Առջևում ԱՄՆ-ի հետ հանդիպումն է
Յոթերորդ տուրում Հայաստանին սպասվում է մրցաշարի ամենալուրջ փորձություններից մեկը՝ հանդիպում ԱՄՆ-ի հավաքականի հետ, որն Օլիմպիադայի մասնակիցների շրջանում ունի ամենաբարձր միջին վարկանիշը և իր կազմում ունի համաշխարհային էլիտայի մի քանի շախմատիստների։
Գլխավոր ինտրիգներից մեկն է Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանի հնարավոր մասնակցությունը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը։ 2022 թվականի Օլիմպիադայում Արոնյանը Հայաստանի հավաքականի դեմ չէր խաղացել։
Եթե մարզիչները ընտրեն սպասվող կազմերն ու խաղատախտակների դասավորությունը, դիմակայությունները կարող են լինել հետևյալը։
Առաջին խաղատախտակ. Հայկ Մարտիրոսյան (2664) — Ֆաբիանո Կարուանա (2789)
Դասական շախմատում Մարտիրոսյանն ու Կարուանան նախկինում միմյանց դեմ չեն խաղացել։ Արագ շախմատում նրանք անցկացրել են երեք պարտիա, որոնցում գրանցվել են բոլոր երեք հնարավոր արդյունքները՝ հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն։
Երկրորդ խաղատախտակ. Ռոբերտ Հովհաննիսյան (2642) — Ուեսլի Սո (2774)
Շախմատիստները մեկ անգամ հանդիպել են դասական շախմատում։ Այդ պարտիայում Հովհաննիսյանը խաղացել է սպիտակներով, իսկ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի։ Ռոբերտը վստահ է անցկացնում այս Օլիմպիադան և կարևոր հանդիպմանը մոտենում է լավ մարզավիճակում։
Երրորդ խաղատախտակ. Շանթ Սարգսյան (2630) — Հանս Նիման (2725)
Սարգսյանն ու Նիմանն արդեն երեք անգամ խաղացել են միմյանց դեմ։ Երեք դեպքում էլ Շանթը հանդես է եկել սպիտակ խաղաքարերով, և բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։
Չորրորդ խաղատախտակ. Գաբրիել Սարգսյան (2610) — Էվոնդեր Լյան (2693)
Դասական շախմատում Սարգսյանն ու Լյանը հանդիպել են երկու անգամ, և երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի։ Միևնույն ժամանակ հայ գրոսմայստերը արագ շախմատում սպիտակներով հաղթել է ամերիկացուն։
Գաբրիելը հաջորդ տուրին մոտենում է գերազանց մարզավիճակում․ Օլիմպիադայում նա վաստակել է 4,5 միավոր 5 հնարավորից՝ 2737 կատարողական վարկանիշով։ Լյանն այս պահին ունի 1,5 միավոր 4 հնարավորից և 2296 կատարողական վարկանիշ։
ԱՄՆ-ի հավաքականը շախմատիստների անհատական վարկանիշով զգալիորեն գերազանցում է Հայաստանին, սակայն մրցաշարի մեկնարկը ամերիկյան թիմի համար հեշտ չի ստացվել։ Հայաստանը, իր հերթին, կրկին ցուցադրում է ավանդաբար ուժեղ թիմային խաղ։
Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Լատվիային
Վեցերորդ տուրը հաջող ստացվեց նաև Հայաստանի կանանց հավաքականի համար, որը 3:1 հաշվով հաղթեց Լատվիային և տարավ մրցաշարում իր հինգերորդ հաղթանակը։
Հայաստան — Լատվիա — 3:1
- Լիլիթ Մկրտչյան (2353) — Լաուրա Ռոգուլե (2256) — 1:0
- Մարիամ Մկրտչյան (2374) — Մարիա Կուզնեցովա (2257) — 1:0
- Էլինա Դանիելյան (2382) — Ագնեսա Տեր-Ավետիսյան (2193) — 1:0
- Սուսաննա Գաբոյան (2179) — Իլզե Բերզինա (2177) — 0:1
Չնայած չորրորդ խաղատախտակի վրա Սուսաննա Գաբոյանի պարտությանը՝ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակներ տարան և Հայաստանի հավաքականին ապահովեցին երկու թիմային միավոր։
Առանձնահատուկ էր երրորդ խաղատախտակի պարտիան, որտեղ Հայաստանի հավաքականի երկարամյա առաջատար Էլինա Դանիելյանը հանդիպեց Լատվիան ներկայացնող հայազգի շախմատիստուհի Ագնեսա Տեր-Ավետիսյանի հետ։
Վեց տուրից հետո Հայաստանի կանանց հավաքականը բարձրացել է յոթերորդ տեղ։ Հաջորդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն Ադրբեջանի հավաքականի հետ։