SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականի ևս մեկ կորուստ․ Մկրտչյանը բաց կթողնի չորս հանդիպում


Հայաստանի հավաքականի ևս մեկ կորուստ․ Մկրտչյանը բաց կթողնի չորս հանդիպում
Ֆուտբոլ

Գերմանական «Նյուրնբերգի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումների համար, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը։ Այսպիսով, ազգային թիմի հիմնական կենտրոնական պաշտպաններից մեկը բաց կթողնի առաջիկա բոլոր չորս հանդիպումները։

Այս մասին 23-ամյա ֆուտբոլիստը հայտնել է լրագրող Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում։

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել էր ազգային հավաքականի հայտացուցակը սեպտեմբեր-հոկտեմբերյան հանդիպումների համար, որում ընդգրկված էր նաև Մկրտչյանը։ Սակայն պաշտպանը չի հասցրել ամբողջությամբ ապաքինվել և արդյունքում չի կարողանա միանալ հավաքականին։

«Ես երկար ժամանակ պատրաստվում էի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներին։ Ցավոք, ինձ չհաջողվեց ամբողջությամբ վերականգնվել և միանալ իմ թիմին։ Մանկուց երազել եմ և շարունակելու եմ երազել Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու մասին։

Շնորհակալ եմ մարզչական շտաբին հրավերի համար։ Շատ եմ ցավում, որ այս անգամ չեմ կարողանա միանալ թիմին։

Հուսով եմ՝ նոյեմբերյան հանդիպումներին լիովին պատրաստ կլինեմ և կկարողանամ օգտակար լինել, իսկ առաջիկա խաղերում հաջողություն եմ մաղթում իմ հարազատ հավաքականին», — ասել է Մկրտչյանը։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը առաջիկա հանդիպումներից առաջ շարունակում է լուրջ կադրային խնդիրներ ունենալ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքների պատճառով թիմին չեն կարող օգնել նաև պաշտպաններ Կամո Հովհաննիսյանը և Էդգար Գրիգորյանը, կիսապաշտպաններ Վահան Բիչախչյանը, Դավիթ Դավիդյանը և Հովհաննես Հարությունյանը, հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը, Ֆինն Հերագուսյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, ինչպես նաև դարպասապահ Հենրի Ավագյանը։

Մկրտչյանի բացակայության պայմաններում Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը ստիպված կլինի պաշտպանության կենտրոնում նոր զույգ կամ համադրություն գտնել Ազգերի լիգայի առաջիկա չորս հանդիպումների համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։