Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հետ խաղից առաջ. «Հաղթանակը շատ հարցեր կլուծի, բայց կարևոր է նաև չպարտվել»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին Չեռնոգորիայի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղից առաջ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին Երևանում։ Երկու թիմերն էլ մրցաշարը սկսել են հաղթանակով. Հայաստանը 2:0 հաշվով հաղթել է Լատվիային, իսկ Չեռնոգորիան 2:1 հաշվով՝ Կիպրոսին։
Մելիքյանը խոսել է մրցակցին նախապատրաստվելու, վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վիճակի և այն մասին, թե ինչու է հավաքականն այժմ խաղում հինգ պաշտպանով։
Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը Հայաստան — Չեռնոգորիա խաղից առաջ
— Լատվիայի հետ խաղից առաջ ասացիք, որ գտել եք հաղթանակի բանալին։ Չեռնոգորիայի դեմ խաղի բանալին էլ ունե՞ք։
— Ուսումնասիրել ենք մրցակցին, գտել ենք բանալին (ծիծաղում է)։ Գիտենք, թե ում դեմ ենք խաղալու, և պատրաստվել ենք։ Վաղը կտեսնենք, թե որքանով կհաջողվի իրականացնել մեր ծրագիրը։ Կարծում եմ՝ պատրաստ ենք Չեռնոգորիայի դեմ խաղին։ Ճիշտ է, Լատվիայի հետ հանդիպումից առաջ պատրաստվելու ավելի շատ ժամանակ ունեինք, իսկ հիմա խաղերի միջև ընդմիջումը կարճ է։
— Հաշվի առնելով մրցաշարային իրավիճակը՝ վաղվա խաղը կարո՞ղ է վճռորոշ դառնալ առաջին տեղի համար պայքարում։
— Սա շատ կարևոր հանդիպում է, եթե ցանկանում ենք զբաղեցնել առաջին տեղը։ Իսկ մենք իսկապես ուզում ենք հաղթել խմբում։ Իհարկե, ձգտում ենք հաղթանակի, բայց կարևոր է նաև չպարտվել Չեռնոգորիային։ Ոչ-ոքին նույնպես լավ արդյունք կլինի. այն մեզ ժամանակ կտա սպասելու վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերադարձին և թույլ կտա մնալ պայքարի մեջ։ Հաղթանակը, իհարկե, շատ հարցեր կլուծի։ Հնարավոր է՝ այս խաղում ավելի շատ մտածենք գոլ բաց չթողնելու մասին։
— Ի՞նչ նորություններ կան Խուլիո Բուենոյի և Նարեկ Հովհաննիսյանի վիճակի վերաբերյալ։
— Բուենոն հաստատ բաց կթողնի այս հավաքի ընթացքում նախատեսված մնացած երեք հանդիպումները։ Նրա վնասվածքը լուրջ է։ Նարեկ Հովհաննիսյանի վնասվածքն այնքան լուրջ չէ։ Վաղը նա մեզ հետ կլինի, բայց կազմի փոփոխություններ կանենք։ Չեմ կարծում, որ նա լիովին պատրաստ կլինի խաղին։
— Լատվիայի հետ խաղից ի՞նչ կցանկանայիք պահպանել թիմի խաղում, և ի՞նչ փոխել Չեռնոգորիայի դեմ հանդիպումից առաջ։
— Մինչև խաղը չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Հանդիպումից հետո կպատմեմ։
— Լատվիայի հետ խաղից հետո թիմն ինչպիսի՞ ֆիզիկական վիճակում է։
— Կփորձենք ֆուտբոլիստներին բերել մարտական վիճակի և հոգեբանորեն պատրաստել հանդիպմանը։ Կատարելու ենք նաև կազմի փոփոխություններ։ Մեր մրցակիցն էլ խաղացել է Կիպրոսի դեմ, որից հետո թռիչք է կատարել։ Բացի այդ, Չեռնոգորիայի հավաքականը պետք է հարմարվի Երևանի կլիմային։ Մենք պատրաստ կլինենք խաղին։
Մեր խնդիրն այն է, որ մեր ֆուտբոլիստներից շատերը մրցաշրջանի սկզբում իրենց ակումբներում բավարար խաղային պրակտիկա չեն ունեցել։ Նրանց դեռ խաղային ռիթմ է պակասում։
— Մարզչի աշխատանքում ի՞նչն է ավելի դժվար՝ խաղից առաջ ճիշտ որոշումներ կայացնե՞լը, թե՞ հանդիպման ընթացքում սխալներն ուղղելը։
— Մարզիչը պետք է պատրաստ լինի խաղի ընթացքում արագ արձագանքել ցանկացած իրադարձության և լուծումներ ունենա չնախատեսված իրավիճակների համար։ Դա ամենադժվարն է։
— Լատվիայի դեմ խաղում երեք ֆուտբոլիստ նորամուտը նշեցին հավաքականում։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց խաղը։
— Գոհ եմ բոլորից, նրանք լավ խաղացին։ Բանդիկյանի, Սևիկյանի և Գարիբյանի համար հեշտ չէր, քանի որ նրանց խաղային պրակտիկան պակասում էր։ Բայց կամային որակների և նվիրումի շնորհիվ նրանք հիանալի խաղ ցուցադրեցին։
— Հայաստանի հավաքականն այժմ խաղում է հինգ պաշտպանով։ Դիտարկո՞ւմ եք չորս պաշտպանով խաղալու տարբերակը։
— Մրցաշարի մեկնարկից առաջ նախատեսում էինք խաղալ չորս պաշտպանով։ Բայց հետո սկսվեցին վնասվածքները, որոշ ֆուտբոլիստներ չմիացան հավաքականին, և ի վերջո որոշեցինք օգտագործել հինգ պաշտպանով մեզ ծանոթ խաղային սխեման։
Ցանկանում ենք անցնել չորս պաշտպանով խաղի կամ մեր տրամադրության տակ ունենալ երկու սխեմաներն էլ։ Առայժմ բազմաթիվ կորուստների պատճառով դա դժվար է իրականացնել։ Դասավորությունը փոխելու համար տարբեր խաղային որակներ ունեցող ֆուտբոլիստներ են պետք, իսկ հիմա մեր հնարավորությունները սահմանափակ են։
— Չեռնոգորիան Լատվիայից ավելի բարձրակարգ թիմ է։ Այս հանդիպումից առաջ աշխատե՞լ եք թիմային կարգապահության վրա։
— Իհարկե, խոսել ենք այդ մասին։ Չեռնոգորիան ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ՝ անհատական մեծ հնարավորություններով։ Կարգապահությունը կարևոր է ցանկացած մրցակցի դեմ, բայց այս խաղում այն հատկապես անհրաժեշտ կլինի։
— Ո՞րն է Չեռնոգորիայի ուժեղ կողմը, և ինչո՞վ է այդ թիմը տարբերվում Լատվիայից։
— Լատվիան շատ կարգապահ և կազմակերպված թիմ է։ Ես գիտեի, որ նրանք խաղալու են 5–4–1 սխեմայով, իսկ այդպիսի պաշտպանությունը դժվար է ճեղքել։ Մեզ համբերություն էր պետք։ Ամեն ինչ չէր ստացվում, Լատվիան լավ էր պաշտպանվում, բայց ի վերջո կարողացանք ճանապարհ գտնել դեպի դարպասը։
Չեռնոգորիան այլ թիմ է։ Չէի ասի, թե նրանք նույնքան կազմակերպված են պաշտպանվում, փոխարենը որակ և լավ կոմբինացիոն խաղ ունեն հարձակման գծում։ Նրանք ավելի վտանգավոր են առջևում։ Մեր պաշտպաններին բարդ աշխատանք է սպասվում, նրանք պետք է շատ ուշադիր լինեն։ Չեռնոգորիան ունի ֆուտբոլիստներ, որոնք գիտեն՝ ինչպես գոլ խփել։
— Ձեզ համար՝ որպես մարզիչ, ի՞նչն է ավելի կարևոր՝ հաղթանա՞կը, ֆուտբոլիստների զարգացո՞ւմը, թե՞ նրանց կողմից ձեր պահանջների անթերի կատարումը։
— Հավաքականում ինձ համար ամենակարևորը հաղթանակն է։ Ակումբում իրավիճակը երբեմն այլ է լինում. օրինակ՝ սեփականատերերը կարող են խնդիր դնել զարգացնել ֆուտբոլիստներին՝ հետագայում վաճառելու համար։ Ազգային հավաքականում գլխավորն հաղթելն է։
— Լատվիայի հետ խաղի օրը Օգնեն Չանչարևիչի ծննդյան օրն էր։ Հաղթանակից հետո նշեցի՞ք այն։
— Մենք բոլորս միասին օգնեցինք նրան անառիկ պահել դարպասը. դա լավագույն նվերն է։ Բայց ծննդյան օրը չենք նշել։ Ես թույլ չտվեցի. հիմա դրա ժամանակը չէ։