SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Եղիշե Մելիքյանը բացատրել է, թե ինչու Հայաստանը չհաղթեց Ղազախստանին


Եղիշե Մելիքյանը բացատրել է, թե ինչու Հայաստանը չհաղթեց Ղազախստանին
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ղազախստանի դեմ ընկերական հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Ազգային թիմի մարզիչը գոհ է մնացել խաղի կազմակերպումից, նշել է թիմի վստահ գործողությունները հարձակման և պաշտպանության մեջ, սակայն խոստովանել է, որ Հայաստանին կրկին չբավականացրեց որակը եզրափակիչ փուլում։

Մելիքյանը նաև մանրամասն բացատրեց կադրային որոշումները, խոսեց Կառլեն Հովհաննիսյանի, Խուլիո Բուենոյի, Դավիթ Դավիդյանի և Օգնեն Չանչարևիչի դերի մասին, ինչպես նաև հաստատեց, որ Մոլդովայի դեմ հաջորդ խաղում հնարավորություն կստանան այլ ֆուտբոլիստներ։

Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը Ղազախստանի դեմ խաղից հետո (1:1)

— Գնահատեք խաղը առաջին և երկրորդ խաղակեսերում․ որտե՞ղ էինք ավելի լավ տեսք ունենում։

— Երկու խաղակեսերում էլ հաղթելու հնարավորություն ունեինք։ Մեր խաղային պլանն աշխատում էր, մրցակիցը չէր կարողանում կանգնեցնել մեզ։ Մենք լավ էինք դուրս գալիս պաշտպանությունից և հարձակվում էինք։ Մի փոքր տխուր է, որ պարզ պահերում որակ չբավականացրեց հաղթանակի հասնելու համար։ Կային ֆուտբոլիստներ, որոնք հիմա լավագույն մարզավիճակում չեն, շատերը եկել էին արձակուրդից հետո՝ ի տարբերություն Ղազախստանի։ Տարբեր պատճառներ կային, և դրա համար ես ըմբռնումով եմ մոտենում արդյունքին։ Եթե բոլորը մարզավիճակ հավաքեն և ակումբներում ավելի շատ խաղային պրակտիկա ստանան, ապա ավելի լավ կխաղանք։ Ինչ վերաբերում է երկրորդ խաղակեսին, ապա երբ այդքան շատ փոփոխություն ես կատարում, խաղի կազմակերպումը կարող է խախտվել, դա նորմալ է։ Միևնույն ժամանակ, երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք։ Խաղի կազմակերպման առումով, իհարկե, առաջին խաղակեսն ավելի լավն էր։ Երկրորդ խաղակեսում Մանվելյանը խաղում էր հարձակվողի դիրքում, Դավիդյանը՝ ձախից հարձակման գծում, որտեղ երբեք չէր խաղացել։ Առաջին անգամ Բանդիկյանը դուրս եկավ խաղադաշտ։ Սևիկյանը մտավ փոխարինման, նա լավագույն մարզավիճակում չէ, բայց, այնուամենայնիվ, ապրի, շատ էր փորձում։

— Հայաստանը առավելություն ուներ խաղի սկզբից մինչև վերջ, շատ պահեր կային։ Մարզիչն ավելի շատ պատասխանատու է գրոհների կազմակերպման համար, ինչի հետ խնդիր չկար, բայց ինչպե՞ս ենք լուծելու պահերի իրացման խնդիրը։

— Ճիշտ եք ասում․ եթե պահեր կային, նշանակում է՝ տակտիկապես ճիշտ էինք գնդակը հասցնում մրցակցի տուգանային հրապարակ։ Վատ իրացման պատճառների մասին շատ չեմ ուզում խոսել, նրանք բոլորը իմ ֆուտբոլիստներն են։ Բայց մենք ունենք այն, ինչ ունենք․ մեր հարձակվողներն այս տարի գոլեր չեն խփել, և սա մտածելու առիթ է։ Միրանյանն ու Ռանոսը մեծ ծավալի աշխատանք կատարեցին, բայց խաղի որակի և խաղային մարզավիճակի խնդիր կար։ Ունենք այն, ինչ ունենք, Ֆինն Գերագուսյանը վնասվածք ունի։ Այլ հարձակվողներ չունենք, նրանց հետ էլ շարժվելու ենք առաջ։

— Կառլեն Հովհաննիսյանն առաջին անգամ խաղաց մեկնարկային կազմում և լավ փոխգործակցում էր Սպերցյանի հետ։ Ի՞նչ եք մտածում կիսապաշտպանության այս զույգի մասին։

— Ես չէ, որ պետք է խոսեմ Սպերցյանի մասին, դուք բոլորդ տեսաք, որ նա լրիվ այլ մակարդակի ֆուտբոլիստ է։ Փառք Աստծո, որ նա մեզ մոտ կա։ Ինչ վերաբերում է Կառլենին, ապա ես նրանից շատ գոհ եմ, նա շատ օգտակար էր թիմի համար։ Իհարկե, սխալներ կային, բայց դրա վրա կաշխատենք, նա մեր ապագան է։

— Ի՞նչ կասեք պաշտպանների խաղի մասին այս խաղում։

— Վերջին շրջանում հետևում եմ լրագրողների և երկրպագուների մեկնաբանություններին։ Շատերը քննադատում էին, որ որոշել եմ Խուլիո Բուենոյին հրավիրել հավաքական։ Բայց հիմա ուզում եմ ասել, որ ճիշտ էի։ Այսօր վնասվածքների պատճառով չէին կարող խաղալ Ստյոպա Մկրտչյանը և Սերգեյ Մուրադյանը։ Եթե Բուենոն չլիներ, այսօր մենք հսկայական խնդիրներ կունենայինք։ Բայց Բուենոն թիմում էր, դուրս եկավ խաղադաշտ և հիանալի խաղաց, շատ գոհ եմ նրա խաղից։ Պիլոյանն ու Հարությունյանը նույնպես հիանալի խաղացին։

— Թվում էր, որ սա հավաքականի լավագույն խաղն էր վերջին երկու տարվա ընթացքում․ ի՞նչ եք մտածում այս մասին։

— Չեմ կարող ասել, որ սա լավագույն խաղն էր։ Դրա համար պետք էր հաղթել։ Լավ խաղ էր՝ այո, բայց ոչ լավագույնը։

— Այսօր ի՞նչ դեր ուներ Կամո Հովհաննիսյանը․ նա հաճախ խաղում էր և եզրում, և կիսապաշտպանության կենտրոնում։

— Մենք խաղի համար մեկ կոնկրետ պլան չունեինք, տարբեր դերեր էինք փորձում՝ մրցակցին շփոթեցնելու համար։ Մրցակիցը դժվարությամբ էր անցնում հարձակման, և դրանում մեծ դեր ունեին Կամոյի ու Տիկնիզյանի խաղերը։ Լատերալները շատ լավ խաղացին։

— Հաջորդ խաղը Մոլդովայի դեմ է․ ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի հաղթանակի հասնենք։

— Երեկ դիտել ենք Մոլդովայի խաղը Բուլղարիայի դեմ (2:2)։ Լավ էին խաղում, այնպես որ հիմա թույլ թիմեր չկան։ Մենք պետք է լավ վերլուծենք նրանց խաղը։ Մոլդովան հաստատ մեզանից ուժեղ չէ, բայց ամուր թիմ է, լավ խաղ կստացվի։ Ուրախ եմ, որ այսօր խաղում շատ ֆուտբոլիստների տեսանք։ Մոլդովայի հետ խաղից առաջ դեռ ժամանակ կա, կտեսնենք՝ ինչպես պետք է խաղալ։

— Երեկ ասացիք, որ Ղազախստանն այնպիսի թիմ է, որը կարող է խնդիրներ ստեղծել։ Դա տեսա՞ք։

— Դե եթե խաղն ավարտվեց ոչ-ոքի, և նրանք կարողացան գոլ խփել՝ օգտագործելով անհատական որակները, դա նույնպես խնդիր է։ Խաղից առաջ մտածում էի, որ խաղային պլանը չի աշխատի, քանի որ Ղազախստանը պետք է խաղին մոտենար ավելի լավ ֆիզիկական մարզավիճակով, իսկ մեզ մոտ նոր ֆուտբոլիստներ կային և քիչ ժամանակ։ Բայց մեր թիմը գիտեր՝ ինչ անել խաղում, և վստահ տեսք ուներ, սա ամենակարևորն է։

— Սկզբում պլանավորե՞լ էիք, որ Չանչարևիչը պետք է ամբողջ հանդիպումը խաղա, թե՞ խաղի ընթացքում որոշեցիք չփոխել դարպասապահին։

— Որոշել էինք նրա հետ խաղալ բոլոր 90 րոպեները, և նա լավ խաղաց։ Ես այդպես էի տեսնում և գոհ էի նրա խաղից։ Նա նաև ոտքերով լավ էր խաղում, այնպես որ փոփոխության անհրաժեշտություն չկար։ Իսկ արդեն Մոլդովայի դեմ ես հաստատ հնարավորություն կտամ ուրիշներին խաղալու։ Ընդհանրապես սկզբում չէի ուզում հրավիրել Չանչարևիչին և ցանկանում էի խաղալ Հայաստանի առաջնության դարպասապահներով։ Բայց մենք դիտեցինք առաջնության բոլոր խաղերը և որոշեցինք, որ Օգնենի ներկայությունն անհրաժեշտ է։ Դեռ վաղ է նրանից հրաժարվել, ահա Նոյերը 41 տարեկանում նոր պայմանագիր է ստորագրում։ Դարպասապահի համար նա դեռ կարող է երկար խաղալ։ Հենրի Ավագյանը լավ դարպասապահ է, բայց նրան մրցակցություն է պետք։

— Նարեկ Գրիգորյանը տարբեր մարզիչների կողմից հրավիրվել է հավաքական, բայց միշտ կամ չի դուրս գալիս խաղադաշտ, կամ միայն վերջնամասում է խաղում․ ինչո՞ւ է այդպես։

— Միանգամից ասեմ, որ ես նրան շատ ուժեղ հավատում եմ, և հաջորդ խաղում նա կլինի մեկնարկային կազմում։ Մենք երկու խաղ ունենք, դրա համար բեռնվածությունը բաժանել ենք։ Նարեկ Գրիգորյանը մեզ համար շատ կարևոր է։ Բացի այդ, ես գիտեի, որ Սևիկյանը չի կարողանա ամբողջ հանդիպումը խաղալ, այդ պատճառով այսօր նա փոխարինման դուրս եկավ Սերոբյանի փոխարեն, իսկ արդեն Մոլդովայի հետ խաղում մեկնարկային կազմում կլինի Գրիգորյանը։

— Դավիթ Դավիդյանը շատ երկար ժամանակ չէր հրավիրվում հավաքական, այսօր նա թիմում էր և խաղաց ձախից հարձակման գծում։ Նա կարո՞ղ է նաև աջից խաղալ, կարո՞ղ ենք նրան համարել մեզ համար ունիվերսալ ֆուտբոլիստ, և ինչպե՞ս կգնահատեք նրա խաղն ու ընդհանուր առմամբ մրցաշրջանը։

— Հավաքի հենց սկզբից օգնականներիս ասացի, որ Դավիդյանի խաղային մարզավիճակն ինձ շատ է դուր գալիս, նա հավաքին մոտեցել էր գերազանց վիճակում։ Մի գաղտնիք բացեմ․ նա ինձ համար շատ լավ մարդ է, ես նրան շատ վաղուց եմ ճանաչում և երկար ժամանակ աշխատել եմ նրա հետ։ Բայց նախորդ խաղերից մեկում՝ Իռլանդիայի դեմ, նա մնաց պահեստայինների նստարանին և դժգոհություն արտահայտեց։ Դա ինձ դուր չեկավ, և հենց այդ պատճառով դադարեցի նրան հրավիրել, որովհետև նման բան չեմ սիրում․ եթե չես խաղում, միևնույն է, պետք է թիմի հետ լինես։ Հիմա ուրախ եմ, որ Դավիդյանը այդ ամենը հասկացել է և հիմա հավաքական է եկել լիարժեք գիտակցելով, թե ինչպես պետք է իրեն պահել։ Այժմ նա մեր կարևոր ֆուտբոլիստն է և, իհարկե, ունիվերսալ է՝ թե՛ որպես վինգեր, թե՛ որպես լատերալ և նույնիսկ կենտրոնական հարձակվող։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։