Էդգար Սևիկյանը կարող է կարիերան շարունակել Իսրայելի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը կարող է կարիերան շարունակել Իսրայելի առաջնությունում։ Ինչպես հայտնում է իսրայելական Sport5 պորտալը, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Հապոել Պետահ Տիկվան»։ Բանակցությունների մասին տեղեկությունը հաստատում են նաև հունգարական լրատվամիջոցները։
Առկա տեղեկությունների համաձայն՝ իսրայելական ակումբն արդեն բանակցություններ է վարում Սևիկյանի հնարավոր տեղափոխության շուրջ։ «Հապոել Պետահ Տիկվան» ներկայացնում է Պետահ Տիկվա քաղաքը և նախորդ մրցաշրջանում Իսրայելի բարձրագույն խմբի առաջնությունում զբաղեցրել է վեցերորդ տեղը։
«Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո Սևիկյանը հունգարական թիմի կազմում անցկացրել է ընդամենը երկու ոչ ամբողջական հանդիպում, իսկ վերջին խաղերում չի ընդգրկվել հայտացուցակում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։
Նախորդ մրցաշրջանը Սևիկյանն անցկացրել է վարձավճարով՝ ռուսական «Ակրոնում»։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Իսրայելի առաջնությունում հանդես էր գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, որը պաշտպանում էր «Բնեյ Սախնինի» գույները։ Ներկայումս Միրանյանն առանց ակումբի է։