Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Հակոբ Շարբաթյանը և Ռոմիկ Հարությունյանը դուրս են եկել Բուդվայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակիչ։
Մինչև 50 կգ քաշային կարգում Հակոբ Շարբաթյանը բացահայտ առավելությամբ՝ 5:0 հաշվով, հաղթել է լեհ Պյոտր Դվոյացկիին՝ երկրորդ ռաունդում մրցակցին ուղարկելով նոկդաունի։ Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմրցի Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսանդրու Բուտանի հետ։
Մինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոմիկ Հարությունյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով, հաղթել է չեխ Պավել Դուշանեկին։ Եզրափակիչում Հարությունյանի մրցակիցը կլինի իտալացի Ռաուլ Բարոնեն։
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Էդուարդ Քարամյանը, մինչև 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում ժամանակից շուտ պարտվել է Մոլդովայի ներկայացուցչին և մրցաշարն ավարտել բրոնզե մեդալով։
Այսպիսով, Հայաստանի հավաքականն արդեն ապահովել է երեք մեդալ, որոնցից երկուսը կարող են ոսկե լինել։
Եզրափակիչ մենամարտերը կկայանան հոկտեմբերի 11-ին։