«Սեուտայի» մարզիչը բացատրել է, թե ինչու է Էդգար Սևիկյանին խաղադաշտ դուրս բերել Հայաստանի հավաքականից վերադառնալուց անմիջապես հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իսպանական «Սեուտայի» գլխավոր մարզիչ Սերխիո Լոբերան մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանին «Տեներիֆեի» դեմ հանդիպման մեկնարկային կազմում ընդգրկելու որոշումը՝ հավաքականից նրա վերադառնալուց անմիջապես հետո։
Նոյեմբերի 22-ին՝ «Ալմերիայի» դեմ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, իսպանացի մասնագետն ընդգծել է, որ հայ ֆուտբոլիստը լավ ֆիզիկական պատրաստվածություն ուներ՝ չնայած ազգային հավաքականի ճամբար մեկնելուն։
«Նա արձակուրդից չէր վերադառնում։ Նա խաղում էր, մարզվում և ֆիզիկապես պատրաստ էր մեզ հետ խաղալու։ Նա թիմի մշտական անդամ է, և մենք պատճառ չունեինք նրան չօգտագործելու, երբ նա հասանելի էր», — հայտարարել է Լոբերան։
«Սեուտայի» գլխավոր մարզչի խոսքով՝ ճանապարհորդության կազմակերպումը նույնպես թույլ է տվել Սևիկյանին ժամանակին վերադառնալ ակումբ։ Ուղիղ չվերթի շնորհիվ կիսապաշտպանը ժամանել է հանդիպումից մեկ օր առաջ և հասցրել հանգստանալ ու վերականգնվել խաղից առաջ։
Լոբերան նշել է, որ Սևիկյանը թիմի կարևոր ֆուտբոլիստներից է և ցուցադրել է լավ խաղամակարդակ այնքան ժամանակ, որքան թույլ են տվել ֆիզիկական ուժերը։
Մարզիչը լիովին արդարացված է համարում հայ կիսապաշտպանին մեկնարկային կազմում ընդգրկելու որոշումը։
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թույլտվությամբ ժամանակից շուտ լքել էր ազգային հավաքականի ճամբարը՝ նոյեմբերի 15-ին Լատվիայի դեմ Ազգերի լիգայի վերջին հանդիպումից առաջ։
Այնուհետև ֆուտբոլիստը մասնակցել էր «Սեուտայի» և «Տեներիֆեի» հանդիպմանը, սակայն վնասվածքի պատճառով ստիպված էր եղել լքել խաղադաշտը 66-րդ րոպեին։