Դենիզ Ունդավը դարձավ եզդիական արմատներ ունեցող առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել աշխարհի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գերմանիայի հավաքականի հարձակվող Դենիզ Ունդավը մտավ աշխարհի առաջնությունների պատմության մեջ։ «Շտուտգարտի» 29-ամյա ֆուտբոլիստը դարձավ եզդիական արմատներ ունեցող առաջին խաղացողը, որին հաջողվել է գոլ խփել մունդիալում։
Պատմական իրադարձությունը տեղի ունեցավ 2026 թվականի աշխարհի առաջնության առաջին տուրի՝ Կյուրասաոյի դեմ խաղում։ Ունդավը փոխարինման դուրս եկավ 64-րդ րոպեին և հասցրեց դառնալ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը․ նա խփեց մեկ գոլ և կատարեց երկու գոլային փոխանցում։
Այսպիսով, գերմանացի հարձակվողը կրկնեց հազվադեպ հանդիպող նվաճում։ Ունդավը դարձավ Խամես Ռոդրիգեսից հետո առաջին ֆուտբոլիստը, որը աշխարհի առաջնության խաղում փոխարինման դուրս գալուց հետո գրանցել է 1 գոլ և 2 գոլային փոխանցում։ Ռոդրիգեսը նման ցուցանիշ էր գրանցել 2014 թվականի աշխարհի առաջնությունում՝ Ճապոնիայի դեմ խաղում։

Դենիզ Ունդավը ծնվել է 1996 թվականի հուլիսի 19-ին Գերմանիայի Ֆարել քաղաքում և մեծացել Բրեմենի մոտ գտնվող Ախիմում։ Նրա ծնողները քուրդ եզդիներ են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր շրջանի Իշըքլը գյուղից։
Ֆուտբոլիստի պապը Գերմանիա է տեղափոխվել 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո ստեղծված ճնշումների հետևանքով։ Այդ շրջանում շատ եզդիներ լքում էին տարածաշրջանը՝ ճնշումների և անկայուն իրավիճակի պատճառով։
Ունդավը ընտանիքի հինգ երեխաներից մեկն է։ Նրա եղբայրը՝ Ռոկատը, նույնպես զբաղվում է ֆուտբոլով և հանդես է գալիս TSV Achim-ում։
Եզդիական համայնքի համար Ունդավի գոլը պատմական իրադարձություն դարձավ աշխարհի ամենախոշոր ֆուտբոլային մրցաշարում։ Գերմանիայի հավաքականն այդ խաղում վստահ հաղթանակ տարավ Կյուրասաոյի նկատմամբ՝ 7։1 հաշվով, և հաջող մեկնարկեց ԱԱ-2026-ում։