Դավիթ Դավիդյանը վերադարձել է վնասվածքից և մասնակցել «Արսենալի» հաղթական գոլային գրոհին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ Ռուսաստանի Առաջին լիգայի (ՖՆԼ) 13-րդ տուրի խաղում, որտեղ Տուլայի «Արսենալը» հաղթանակ է տարել Կոստրոմայի «Սպարտակի» նկատմամբ։
Դավիդյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ դուրս եկել 66-րդ րոպեին։ Ընդամենը տասը րոպե անց 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է գոլային կոմբինացիային, որն իր թիմին հաղթանակ է պարգևել։
76-րդ րոպեին Դավիդյանը ձախ եզրում կրծքով հաջող փոխանցում է կատարել թիմակցին՝ սկիզբ դնելով գեղեցիկ գրոհի, որն ավարտվել է «Արսենալի» գոլով։
Դավիդյանի համար սա առաջին հանդիպումն էր վնասվածքից ապաքինվելուց հետո։ Վնասվածքի պատճառով հայ կիսապաշտպանը բաց էր թողել Տուլայի ակումբի նախորդ չորս հանդիպումները, ինչպես նաև չէր կարողացել օգնել Հայաստանի ազգային հավաքականին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հոկտեմբերյան խաղերում։
Նշենք, որ Կոստրոմայի «Սպարտակը» ներկայացնող մեկ այլ հայ ֆուտբոլիստ՝ Դավիթ Կիրակոսյանը, ամբողջ հանդիպումն անցկացրել է պահեստայինների նստարանին։