Եվրոպական չորս ակումբներ հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանի տրանսֆերով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Լրագրող Էքրեմ Քոնուրի տեղեկություններով՝ «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում միանգամից չորս եվրոպական ակումբներ։
Խոսքը իտալական «Կոմոյի», Ամստերդամի «Այաքսի», ֆրանսիական «Լանսի» և հունական «Օլիմպիակոսի» մասին է։ Այս ակումբները դիտարկում են 27-ամյա պաշտպանի տրանսֆերի հնարավորությունը, որը վերջին մրցաշրջանում բելգրադյան թիմի ամենաակնառու խաղացողներից մեկն էր։
Աղբյուրի տվյալներով՝ «Ցրվենա Զվեզդայի» համար հեշտ չի լինի պահպանել Թիկնիզյանին՝ հաշվի առնելով նման ակումբների հետաքրքրությունը։ Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստի գործող պայմանագիրը սերբական գրանդի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, ուստի հնարավոր բանակցությունները կախված կլինեն նաև բելգրադյան ակումբի դիրքորոշումից։
Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայում» հանդես է գալիս 2025 թվականի ամռանից։ Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ Հայաստանի հավաքականի պաշտպանի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 7 միլիոն եվրո։