Չեռնոգորիան Հայաստանի դեմ խաղերից առաջ կորցրել է Հակշաբանովիչին․ ևս երկու ֆուտբոլիստ վնասվածք ունեն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չեռնոգորիայի հավաքականը կադրային մի քանի կորուստ է կրել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մեկնարկից առաջ։ Շվեդական «Մալմյոյի» վինգեր Սեադ Հակշաբանովիչը ջլի վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա միջազգային շրջափուլը, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի դեմ երկու հանդիպումները։
Հայաստանն ու Չեռնոգորիան կհանդիպեն սեպտեմբերի 28-ին Երևանում, իսկ պատասխան խաղը կկայանա հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայում։
Հակշաբանովիչն ի սկզբանե ընդգրկված էր Չեռնոգորիայի հավաքականի հայտացուցակում։ Միրկո Վուչինիչի՝ գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո նա վերադարձել էր ազգային թիմ և ընկերական հանդիպումներում ցույց տվել, որ կարող է դառնալ նորացված կազմի կարևոր մասնիկը։
27-ամյա ֆուտբոլիստը 36 հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի հավաքականի կազմում։ Նրա բացակայությունը թիմին զրկում է հարձակման եզրերում հանդես եկող ամենափորձառու և ստեղծագործ խաղացողներից մեկից։
«Ամենից շատ ինձ անհանգստացնում է Հակշաբանովիչի վիճակը։ Ամենայն հավանականությամբ, նա ջլի խնդիր ունի։ Կարծում եմ՝ պատրաստ չի լինի առաջին հանդիպմանը, իսկ երկրորդ և երրորդ խաղերին նրա մասնակցությունը նույնպես հարցականի տակ է», — ֆուտբոլիստի բացակայության հաստատումից առաջ ասել էր Վուչինիչը։
Ռաժնատովիչը նույնպես դուրս է մնացել կազմից
Վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումները բաց կթողնի նաև ձախ պաշտպան Անդրիա Ռաժնատովիչը։ Հենց նրա վնասվածքից հետո մարզչական շտաբը Լեհաստանի «Ռակուվի» պաշտպան Մարկո Պերովիչին երիտասարդական հավաքականից տեղափոխել էր ազգային թիմ։
Բացի այդ, առողջական խնդիրներ են առաջացել Միլան Լատկովիչի մոտ, սակայն Չեռնոգորիայում հույս ունեն, որ նա առաջիկա օրերին կկարողանա վերսկսել մարզումները։
Մեկ այլ փորձառու ֆուտբոլիստ՝ Ադամ Մարուշիչը, վնասվածքի պատճառով ի սկզբանե չէր ընդգրկվել հայտացուցակում։ Այսպիսով, Վուչինիչի թիմը Ազգերի լիգայի մեկնարկին մոտենում է առանց մի քանի խաղացողների, որոնք դիտարկվում էին որպես հիմնական կազմի կարևոր տարբերակներ։
Բոլոր փոփոխություններից հետո մարզչական շտաբի տրամադրության տակ մնացել է 26 ֆուտբոլիստ։
Չորս հանդիպում՝ տասը օրում
Չեռնոգորիան տասը օրվա ընթացքում չորս հանդիպում կանցկացնի։ Թիմը մրցաշարը կսկսի սեպտեմբերի 25-ին՝ Կիպրոսի դեմ տնային խաղով, ապա արտագնա հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Լատվիայի հետ, իսկ շրջափուլը կավարտի Պոդգորիցայում Հայաստանի հավաքականի դեմ պատասխան խաղով։
Վուչինիչի խոսքով՝ խիտ խաղացանկի պատճառով հրավիրված ֆուտբոլիստների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, խաղաժամանակ կստանա։
«Մեզ լուրջ ծանրաբեռնվածություն է սպասում՝ չորս հանդիպում տասը օրում։ Սակայն նույն պայմաններում են նաև մեր մրցակիցները։ Այժմ ինձ համար կարևոր է առաջին հանդիպումը, իսկ հետո առաջ կշարժվենք խաղից խաղ։ Կարծում եմ՝ գրեթե բոլորը խաղալու հնարավորություն կստանան», — նշել է մարզիչը։
Վուչինիչն ընդգծել է, որ չի պատրաստվում կադրային խնդիրներն օգտագործել որպես արդարացում։
«Նման դժվարությունների բախվում են նաև մյուս հավաքականները։ Ես սովոր չեմ բողոքել։ Գոհ եմ նրանցից, ովքեր այժմ թիմում են, և հավատում եմ այս տղաներին», — հայտարարել է մասնագետը։
Մրցակցի կորուստները Հայաստանի հավաքականի համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Չեռնոգորիան երկու առերես հանդիպումների համար զրկվել է եզրում հանդես եկող իր ամենափորձառու և ոչ ստանդարտ ֆուտբոլիստներից մեկից, իսկ Ռաժնատովիչի վնասվածքը լրացուցիչ սահմանափակել է Վուչինիչի ընտրությունը պաշտպանության ձախ եզրում։
Սակայն Հայաստանի հավաքականում նույնպես վնասվածք ունեցող ֆուտբոլիստների թիվը մեծ է։ Առաջիկա հանդիպումներին չեն մասնակցի պաշտպաններ Կամո Հովհաննիսյանը, Ստյոպա Մկրտչյանը և Էդգար Գրիգորյանը, կիսապաշտպաններ Հովհաննես Հարությունյանը, Վահան Բիչախչյանը և Դավիթ Դավիդյանը, ինչպես նաև հարձակվողներ Ֆին Գերագուսյանը և Հրանտ-Լեոն Ռանոսը։