Ծառուկյանը՝ Ռուֆֆիին նոկաուտի ենթարկելուց հետո․ «Գեյջին գիտի, որ ես նրա հաջորդ մրցակիցն եմ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արման Ծառուկյանը մեկնաբանել է Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարում Մաուրիսիո Ռուֆֆիի նկատմամբ իր տպավորիչ հաղթանակը։ Հայ մարտիկը առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց բրազիլացուն և մենամարտից հետո ևս մեկ անգամ հայտարարեց UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար պայքարելու ցանկության մասին։
Ծառուկյանի խոսքով՝ նա ի սկզբանե սպասում էր բարդ մեկնարկի։ Արմանը խոստովանել է, որ սովորաբար հենց առաջին ռաունդներն են իր համար ամենադժվարը, այդ պատճառով Ռուֆֆիի դեմ մենամարտը հինգ ռաունդանոց լինելու լուրը նույնիսկ ուրախացրել էր նրան։
«Ես գիտեի, որ առաջին ռաունդը ծանր է լինելու։ Ինձ համար առաջին ռաունդները միշտ ամենադժվարն են։ Երբ ինձ ասացին, որ մենամարտը հինգ ռաունդ է լինելու, ես ուրախացա։ Նույնիսկ սպարինգների ժամանակ առաջին ռաունդում ես կարծես նոր եմ արթնանում, իսկ հետո սկսում եմ թափ հավաքել։ Ես ցանկանում էի ավարտել նրան և արեցի դա՝ հիանալի է»։
Ծառուկյանը նաև նշել է, որ հանդիսատեսը դեռ չի տեսել իր տեխնիկական զինանոցի զգալի մասը։
«Նրանք չգիտեն իմ հնարավորությունները։ Մարզումների ժամանակ ես անում եմ այնպիսի բաներ, որոնք այստեղ ոչ ոք դեռ չի տեսել։ Բայց եթե շարունակեմ ակտիվ ելույթներ ունենալ, դուք կտեսնեք իմ զինանոցի բազմաթիվ տարբեր հնարքներ»։
Մենամարտի կարևոր դրվագներից մեկը Ռուֆֆիի հաջող պաշտպանությունն էր գետնին տեղափոխելու փորձերից։ Սակայն Ծառուկյանն արագ փոխեց մարտավարությունը և սկսեց ավելի ակտիվ աշխատել կանգնած դիրքում ու կլինչում։
«Այո, նրան հաջողվում էր պաշտպանվել ըմբշամարտից, բայց կանգնած դիրքում պաշտպանվել չկարողացավ։ Ես ասում էի, որ նույնիսկ եթե նա կարողանա պաշտպանվել ըմբշամարտից, երբ սկսեմ ամեն ինչ խառնել, արդեն լրիվ այլ խաղ կլինի»։
Արմանը պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր սպասում, որ մենամարտը կավարտի արմունկի հարվածով։
«Երբ ես նրա հետ ըմբշամարտում էի և չէի կարողանում նրան գետին տեղափոխել, հասկացա, որ պետք է կլինչում միացնեմ արմունկներն ու ծնկները։ Բայց հանդերձարանում ես չէի մտածում, որ նրան արմունկի հարվածով կնոկաուտի ենթարկեմ։ Կարծում էի, որ երկրորդ կամ երրորդ ռաունդում նրան կավարտեմ գրաունդ-էնդ-փաունդով»։
Առաջին ռաունդում Ռուֆֆիին մի քանի անգամ հաջողվեց դիպուկ հարվածել Ծառուկյանին, սակայն հայ թեթևքաշայինի խոսքով՝ ստացած հարվածներն ու աչքի հատվածի վնասվածքը իրեն չէին անհանգստացնում։
«Աչքս ինձ չէր անհանգստացնում։ Ես զգացի, որ մեկ հարված բաց թողեցի, բայց մտածում էի, որ դեռ 20 րոպե ունեմ ամեն ինչ ապացուցելու և նրան ավարտելու համար։ Ես հանգիստ էի և ինչ-որ պատճառով գիտեի, որ նրան ավարտելու եմ։ Պարտադիր չէր՝ առաջին ռաունդում, բայց ես լիովին հանգիստ էի, քանի որ գիտեի, որ հինգ ռաունդ ունեմ»։
Իր ելույթը Ծառուկյանը գնահատել է 10 հնարավորից 7 միավորով։
Ծառուկյանը ցանկանում է տիտղոսային մենամարտ Գեյջիի դեմ
Հաղթանակից հետո Արմանը կրկին ընդգծել է իր գլխավոր նպատակը՝ չեմպիոնական մենամարտը։ Ծառուկյանի կարծիքով՝ հենց ինքն է պետք դառնա Ջասթին Գեյջիի հաջորդ մրցակիցը։
«Գեյջին արդեն ամեն ինչ գիտի․ ես նրա հաջորդ մրցակիցն եմ։ Հիանալի կլիներ տիտղոսի համար մենամարտել դեկտեմբերի կեսերին կամ դեկտեմբերի վերջին, բայց ես չեմ կարող ընտրել։ UFC-ն ինձ ամսաթիվ կտա, և ես այնտեղ կլինեմ»։
Միևնույն ժամանակ Ծառուկյանը բավական կոշտ է արտահայտվել ամերիկացու հասցեին։
«Գեյջին իմ անունը չի տալիս, նա վախենում է։ Նա ցանկանում էր, որ Ռուֆֆին ինձ նոկաուտի ենթարկի։ Այնպես որ նա կընտրի Թոփուրիային կամ կսպառնա ավարտել կարիերան, կշարունակի այդ հիմար խաղերը։ Բայց UFC-ն կստիպի նրան մենամարտել ինձ հետ կամ ազատել տիտղոսը»։
Դանա Ուայթը գովել է Ծառուկյանին UFC 331-ից հետո
UFC-ի նախագահ Դանա Ուայթը մրցաշարից հետո կայացած մամուլի ասուլիսում նույնպես բարձր է գնահատել Արմանի ելույթը։ Նա հիշեցրել է, որ նախկինում հրապարակայնորեն քննադատել էր Ծառուկյանի որոշ քայլեր, սակայն այժմ կարծում է, որ հայ մարտիկը շտկել է իր սխալները։
«Գիտեք, ես բացահայտ ասում էի, որ անցյալում նրա որոշ քայլեր ինձ այնքան էլ դուր չէին գալիս։ Բայց երբ սխալ ես թույլ տալիս, հետո վերադառնում և ամեն ինչ ճիշտ անում... Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ավելի լավ վերադարձ հնարավոր չէր պատկերացնել»։
Ուայթը խոստովանել է, որ առաջին ռաունդի ընթացքում սկսել էր անհանգստանալ Ծառուկյանի համար, սակայն ռաունդի ավարտը լիովին փոխեց մենամարտից ստացած տպավորությունը։
«Ռաունդի վերջում մտածեցի՝ «Գրողը տանի, կարծես նրա համար ծանր երեկո է լինելու», և հենց այդ պահին՝ բամ, արմունկի հարված։ Այն, թե ինչպես նա հանդես եկավ... պարզապես անհավանական էր»։
UFC-ի ղեկավարը հավելել է, որ Ծառուկյանի նախկին խնդիրներն այլևս չպետք է խանգարեն նրան առաջ շարժվել դիվիզիոնում։
«Ես հիմա կատարյալ հիմար կլինեի, եթե նստեի այստեղ ու Արմանին ինչ-որ բանում մեղադրեի։ Նրա բոլոր սխալներն անցյալում են։ Նա ուղղեց դրանք, ամեն ինչ շրջեց իր օգտին և այժմ գտնվում է հնարավոր լավագույն դիրքում»։
Միևնույն ժամանակ Ուայթը դեռ չի հաստատել, որ Ծառուկյանի հաջորդ մենամարտը հենց տիտղոսային է լինելու։
«Տիտղոսային մենամարտի՞ մասին։ Դա կախված է Գեյջիից։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ է նա մտածում։ Նա այսօր այստեղ էր, տեսավ այս մենամարտը, և կտեսնենք, թե ինչ է մտածում»։
Ռուֆֆիի նկատմամբ հաղթանակը Ծառուկյանին հնարավորություն տվեց ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարել չեմպիոնական մենամարտի իր հավակնությունների մասին։ Այժմ UFC-ի թեթև քաշային դիվիզիոնի գլխավոր հարցերից մեկը պրոմոուշենի հետագա որոշումն ու Ջասթին Գեյջիի ծրագրերն են։