Բանդիկյանը խուսափեց կոտրվածքից Կիպրոս-Հայաստան խաղում կատարած կոշտ խախտման արդյունքում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որը լուրջ վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի՝ Կիպրոսի դեմ խաղում, խուսափել է կոտրվածքից։ Այս մասին հայտնել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մամուլի ծառայության ղեկավարը։
Նախնական հետազոտության արդյունքներով՝ համակարգչային տոմոգրաֆիան 21-ամյա ֆուտբոլիստի մոտ չի հայտնաբերել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների պատռվածք։
— Նախնական տվյալներով՝ անցկացված ՀՏ-ն Արտյոմ Բանդիկյանի մոտ չի հայտնաբերել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների պատռվածք։ Առաջիկայում Արտյոմը կմիանա թիմին Մոսկվայում, որտեղ մեր բժշկական շտաբի հսկողության ներքո լրացուցիչ հետազոտություն կանցնի,— ասվում է հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ Բանդիկյանը վնասել է սրունք-թաթային հոդի կապանները։ Սպասվում է, որ պաշտպանի վերականգնումը կտևի մոտ երեք շաբաթ։
Բանդիկյանը վնասվածք է ստացել Կիպրոս — Հայաստան (2:0) հանդիպման 52-րդ րոպեին։ Տանտերերի պաշտպան Կոստաս Պիլեասը կոպիտ խախտում է կատարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ։ VAR-ի օգնությամբ դրվագը վերանայելուց հետո մրցավարը Պիլեասին ուղիղ կարմիր քարտ է ցույց տվել։
Բանդիկյանը չի կարողացել ինքնուրույն շարունակել հանդիպումը և խաղադաշտը լքել է պատգարակով։ Խաղից անմիջապես հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ենթադրել էր, որ վնասվածքը կարող է կոտրվածք լինել, սակայն նախնական հետազոտությունը չի հաստատել ամենավատ մտավախությունները։
Այսպիսով, աջ լատերալը հաստատ բաց կթողնի Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը Չեռնոգորիայի դեմ՝ հոկտեմբերի 5-ին։ Սակայն վերականգնման բարենպաստ ընթացքի դեպքում Բանդիկյանը կարող է շարք վերադառնալ ազգային թիմի նոյեմբերյան՝ Կիպրոսի և Լատվիայի դեմ հանդիպումներին։