Ադրբեջանական «Թուրանը» հեռացվել է Կոնֆերենցիաների լիգայից պայմանավորված խաղերի գործի պատճառով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ադրբեջանի Տովուզ քաղաքը ներկայացնող «Թուրան» ակումբը չի կարողանա մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ խաղարկությանը։ ՈւԵՖԱ-ն թիմին հեռացրել է եվրագավաթներից նախկին խախտումների պատճառով, որոնք կապված են պայմանավորված խաղերի հետ։
Մրցաշրջանի արդյունքներով «Թուրան Տովուզը» զբաղեցրել էր երրորդ տեղը Ադրբեջանի առաջնությունում և իրավունք էր ստացել մեկնարկելու Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից։ Ակումբի համար սա պետք է լիներ պատմական վերադարձ միջազգային ասպարեզ. վերջին անգամ թիմը եվրագավաթներում հանդես էր եկել ավելի քան 30 տարի առաջ՝ 1994/95 մրցաշրջանում, երբ ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլում մրցել էր թուրքական «Ֆեներբախչեի» հետ։
Սակայն ՈւԵՖԱ-ն ակումբին ճանաչել է եվրագավաթներին մասնակցելու չափանիշներին չհամապատասխանող։ Պատճառը 2019 թվականի գործն է, երբ «Թուրանի» մի քանի ֆուտբոլիստներ հայտնվել էին խաղերի արդյունքների մանիպուլյացիայի վերաբերյալ հետաքննության կենտրոնում։ Այդ ժամանակ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան թիմի յոթ ֆուտբոլիստների ցմահ հեռացրել էր ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։
ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ ակումբը չի կարող թույլատրվել մասնակցել եվրոպական մրցաշարերին, եթե վերջին տասը տարիների ընթացքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է եղել խաղերի կազմակերպման կամ դրանց արդյունքների վրա ազդելու նպատակ ունեցող գործունեության մեջ։ Հենց այս կետն էլ առանցքային է դարձել «Թուրանի» վերաբերյալ որոշման մեջ։
Ակումբն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS)։ Եթե բողոքը չբավարարվի, «Թուրանի» տեղը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կզբաղեցնի «Նեֆթչին», իսկ «Զիրան» իր ելույթը կսկսի որակավորման առաջին փուլից։