Ասատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ասատուր Խաչատրյանը համալրել է ազգային թիմի մեդալների շարքը Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Մրցումային հինգերորդ օրը հարթակ դուրս եկան մինչև 70 կգ քաշային կարգի պատանիները։ Հայաստանի ներկայացուցիչը հաջող հանդես եկավ հրում վարժությունում և կարողացավ նվաճել բրոնզե մեդալ։
Պոկում վարժությունում Խաչատրյանը նախ բարձրացրեց 115 կգ, ապա հաջողությամբ հաղթահարեց նաև 119 կգ կշռող ծանրաձողը։ Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու հաջող մոտեցում կատարեց՝ բարձրացնելով 145 և 150 կգ։ Գրանցած արդյունքը նրան թույլ տվեց այս վարժությունում զբաղեցնել երրորդ տեղը։
Այսպիսով, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները Կոսովոյում ընթացող պատանեկան Եվրոպայի առաջնությունում։ Այս պահին Հայաստանի թիմը երկամարտում ունի երեք արծաթե մեդալ։
Մրցումները շարունակվում են, և առաջիկա օրերին եվրոպական հարթակ դուրս կգան Հայաստանի մյուս ներկայացուցիչները։