SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արսենալը» հաղթեց «Ատլետիկոյին» և 20 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ


«Արսենալը» հաղթեց «Ատլետիկոյին» և 20 տարվա մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
Ֆուտբոլ 💬 Comment

Լոնդոնի «Արսենալը» դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից՝ կիսաեզրափակչի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթելով Մադրիդի «Ատլետիկոյին»՝ 1:0։ Երկու հանդիպումների ընդհանուր արդյունքում Միկել Արտետայի թիմը ուժեղ գտնվեց 2:1 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջնամասում միակ գոլը խփեց Բուկայո Սական։

Հյուսիսային Լոնդոնում երեկոն լարված ու զգուշավոր ստացվեց։ «Արսենալը» առաջին րոպեներից ավելի շատ էր տիրում գնդակին և փորձում վերահսկել խաղի տեմպը, սակայն առաջին իսկապես վտանգավոր պահը ստեղծեցին հյուրերը։ Արդեն 8-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը արագ գրոհից հետո արձագանքեց Ջուլիանո Սիմեոնեի փոխանցմանը, բայց հարվածեց դարպասից շեղ։

Տանտերերին երկար ժամանակ չէր հաջողվում ճեղքել մադրիդցիների խիտ պաշտպանությունը։ «Զինագործները» ավելի հաճախ հարվածում էին հեռվից և ազատ գոտիներ էին փնտրում, սակայն «Ատլետիկոյի» պաշտպանությունը գործում էր չափազանց կազմակերպված։ Բեկումնային դրվագը տեղի ունեցավ ընդմիջումից անմիջապես առաջ։ Վիկտոր Դյոկերեշը փոխանցումով գտավ Լեանդրո Տրոսարին տուգանային հրապարակում, բելգիացին կարողացավ հարվածել բարդ դիրքից, իսկ Յան Օբլակը գնդակը հետ մղեց ուղիղ Սակայի մոտ։ «Արսենալի» վինգերը առաջինը հասավ անդրադարձին և գնդակն ուղարկեց ցանցը՝ 1:0։

Ընդմիջումից հետո «Ատլետիկոն» ավելացրեց ակտիվությունը։ 56-րդ րոպեին Անտուան Գրիզմանը ուժեղ հարվածով ստուգեց Դավիդ Ռայային, սակայն լոնդոնցիների դարպասապահը փրկեց թիմին։ Շուտով երկու մարզիչներն էլ մի շարք փոփոխություններ կատարեցին՝ փորձելով փոխել հանդիպման ընթացքը։

«Արսենալի» թարմ խաղացողները կարող էին վերջնականապես փակել հաղթողի հարցը։ Մարտին Էդեգորը, որը խաղադաշտ էր դուրս եկել երկրորդ խաղակեսում, քիչ անց հարվածեց դարպասից բարձր, իսկ Պիերո Ինկապիեն ճշգրիտ փոխանցումով պահ ստեղծեց Դյոկերեշի համար, սակայն հարձակվողը չկարողացավ գնդակն ուղղել դարպասի շրջանակ։

Վերջնամասում «Ատլետիկոն» փորձում էր ուժեղացնել ճնշումը, սակայն «Արսենալը» գրագետ գործեց առանց գնդակի և թույլ չտվեց մրցակցին ստեղծել շատ հստակ գոլային պահեր։ Լոնդոնցիները պահպանեցին առավելությունը և հասան պատմական արդյունքի․ ակումբը 2006 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Դեկլան Ռայսը։ «Արսենալի» կիսապաշտպանը հզոր հանդիպում անցկացրեց կենտրոնական գոտում, արդյունավետորեն կապեց պաշտպանությունը հարձակման հետ և օգնեց թիմին պահպանել հավասարակշռությունը խաղի ամենալարված հատվածներում։

Եզրափակիչ սուլիչից հետո հաղթական գոլի հեղինակ Բուկայո Սական չէր թաքցնում իր զգացմունքները՝ նշելով, որ եզրափակիչ դուրս գալը հսկայական նշանակություն ունի թե՛ թիմի, թե՛ երկրպագուների համար։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Բուդապեշտում, որտեղ «Արսենալը» գլխավոր եվրոպական գավաթի համար կպայքարի ՊՍԺ - «Բավարիա» զույգի հաղթողի հետ՝ առաջին խաղը՝ 5:4։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։