Հայ մարտիկները տպավորիչ հաղթանակներ տարան Թբիլիսիում կայացած Rkena FC 3 մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 16-ին Թբիլիսիում կայացավ խառը մենամարտերի խոշոր մրցաշար՝ Rkena FC 3-ը, որտեղ հանդես եկան Վրաստանից երկու հայ մարտիկներ՝ Ռուբիկ Վարդանյանը և Մերուժան Պալյանը։ Երկու մարզիկներն էլ հաղթանակ տարան ժամկետից շուտ և վառ կերպով իրենց մասին հայտարարեցին վրացական MMA ասպարեզում։
Անպարտելի Ռուբիկ Վարդանյանը շարունակեց իր հաջող շարքը պրոֆեսիոնալ MMA-ում։ 5-0 ռեկորդ ունեցող հայ մարտիկն արդեն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթեց կոլումբացի Խուան Տրուխիլիոն։
Այս հաղթանակը հատկապես արժեքավոր է՝ հաշվի առնելով մրցակցի մակարդակը։ Տրուխիլիոն մենամարտին մոտենում էր 6-2 ռեկորդով, նախկինում դարձել էր Predator լիգայի չեմպիոն, ինչպես նաև ONE FC-ում ելույթների փորձ ուներ։ Չնայած դրան՝ Վարդանյանը արագ պարտադրեց իր պայքարը և ժամկետից շուտ ավարտեց մենամարտը։
Մեկ այլ տպավորիչ հաղթանակ տարավ Մերուժան Պալյանը։ Հայ մարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց ղազախստանցի Նուրսուլթան Մենդեբաևին։ Այս հաջողությունից հետո Պալյանի ռեկորդը դարձավ 5-2։
Մենդեբաևը նույնպես հեշտ մրցակից չէր։ Ղազախստանցի մարզիկն ուներ 3-2 ռեկորդ և GAMMA վարկածով աշխարհի փոխչեմպիոն է, սակայն Պալյանը կարողացավ հզոր մենամարտ անցկացնել և այն ավարտել ժամկետից շուտ։
Rkena FC 3 մրցաշարի գլխավոր իրադարձությունը դարձավ Ռաուլ Թութարաուլիի և Քրիս Գոնսալեսի մենամարտը։ Երեկոյի գլխավոր մենամարտում Թութարաուլին՝ վրացի ամենահայտնի մարտիկներից մեկը, հաղթեց ամերիկացուն և իր ռեկորդը բարելավեց մինչև 38-8։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0