Արմեն Գուլյանը ամփոփել է Երևանում «Առյուծի սիրտ» ակադեմիայի աշխատանքի առաջին վեց ամիսները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Խառը մենամարտերի «Առյուծի սիրտ» ակադեմիայի գլխավոր մարզիչ Արմեն Գուլյանը ամփոփել է Երևանում նախագծի աշխատանքի առաջին վեց ամիսները։
Ակադեմիան, որի հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել նոյեմբերի 22-ին, կարճ ժամանակում դարձել է Հայաստանում մարտարվեստների զարգացման նկատելի կենտրոններից մեկը։ Գուլյանի խոսքով՝ կես տարվա ընթացքում ակադեմիայի համակարգով անցել է ավելի քան 500 մարզիկ, իսկ թիմը անցկացրել է հազարավոր ժամերի մարզումներ, մասնակցել է տասնյակ մրցաշարերի և լուրջ արդյունքների հասել տարբեր մարզաձևերում։
Վերջին վեց ամիսների ընթացքում «Առյուծի սրտի» ներկայացուցիչները անցկացրել են 26 մենամարտ պրոֆեսիոնալ MMA-ի կանոններով և տարել 21 հաղթանակ։ Բացի այդ, ակադեմիայի մարզիկները հաջող հանդես են եկել նաև այլ մարտարվեստներում․ պրոֆեսիոնալ գրեփլինգում գրանցվել է 3-0 արդյունք, բռնցքամարտ առանց ձեռնոցների մենամարտերում՝ 5-0, ազատ ոճի ըմբշամարտում՝ 4-0, մուայ թայում՝ 2-0, քիքբոքսինգում՝ 3-0։
Զգալի հաջողությունների թիմը հասել է նաև սիրողական մակարդակում։ Այս ընթացքում ակադեմիայի մարզիկները նվաճել են 57 ոսկե, 27 արծաթե և 29 բրոնզե մեդալ։
«Առյուծի սրտի» ներկայացուցիչները դարձել են Հայաստանի MMA-ի, պանկրատիոնի, սամբոյի, մարտական սամբոյի, գրեփլինգի, մուայ թայի, բռնցքամարտի և կիոկուշինկայ կարատեի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ։ Ակադեմիայի մարզիկները հաջող հանդես են եկել նաև ջիու-ջիցուի և մուայ թայի միջազգային մրցաշարերում, ինչպես նաև սամբոյի Եվրոպայի առաջնություններում։
Այս վեց ամիսների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել ոչ միայն վանդակում և ռինգում։ Ակադեմիան կազմակերպել է սեմինարներ և ատեստավորումներ մարզիկների, կատմենների, մրցավարների և ռեֆերիների համար։ Բացի այդ, բացվել է Հայաստանի MMA ասոցիացիան՝ AMMAA-ն, ստեղծվել է միջազգային ARMAT FIGHT SHOW լիգան, ինչպես նաև անցկացվել են AFS մրցաշարեր Էջմիածնում և Երևանի Tashir Arena-ում։
«Առյուծի սիրտ» ակադեմիան ստեղծվել է որպես մասշտաբային միջազգային նախագիծ, որի նպատակն է Հայաստանում MMA-ի և մարտարվեստների զարգացումը, ինչպես նաև բարձրակարգ մարզիկների պատրաստումը։ Նախագծի հիմնադիրները ընդգծել են, որ ակադեմիան պարզապես մարզասրահ չէ, այլ սոցիալ-սպորտային կենտրոն, որտեղ կարող են մարզվել տարբեր տարիքի և մակարդակի մարզիկներ՝ երեխաներից մինչև պրոֆեսիոնալներ։
Ակադեմիայում հասանելի են MMA-ի, բռնցքամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, գրեփլինգի, մուայ թայի, կարատեի և ֆիզիկական պատրաստության մարզումներ։ Նախագիծը միավորում է տարբեր երկրներից մարզիչների և մարտիկների ու իր առջև նպատակ է դնում ձևավորել չեմպիոնների նոր սերունդ, որը Հայաստանը կներկայացնի միջազգային ասպարեզում։
Ակադեմիայի գլխավոր մարզիչն Արմեն Գուլյանն է։ «Առյուծի սիրտը» շարունակում է զարգացնել հայկական մարտարվեստները միանգամից մի քանի ուղղություններով՝ մանկապատանեկան և սիրողական սպորտից մինչև պրոֆեսիոնալ մակարդակ։