Արման Ծառուկյանը RAF-ում ևս մեկ գոտեմարտ կանցկացնի․ մրցակիցը Կուատ Համիտովն է, վայրը՝ Թբիլիսին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արման Ծառուկյանը ևս մեկ գոտեմարտ է ստացել Real American Freestyle լիգայում։ UFC-ի հայ մարտիկը կմասնակցի RAF Georgia մրցաշարին, որը կկայանա հուլիսի 11-ին Թբիլիսիում, և ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնի Կուատ Համիտովի դեմ։
Վրաստանում կայանալիք մրցաշարը պատմական կլինի ամերիկյան կազմակերպության համար․ RAF-ն առաջին անգամ միջոցառում կանցկացնի ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Լիգան շարունակում է ակտիվորեն զարգացնել պրոֆեսիոնալ ազատ ոճի ըմբշամարտի ձևաչափը՝ ներգրավելով UFC-ի աստղերի, օլիմպիական չեմպիոնների և հայտնի ըմբիշների։
Թբիլիսիի երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի UFC-ի վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլիի և օլիմպիական չեմպիոն, UFC-ի նախկին չեմպիոն Հենրի Սեհուդոյի գոտեմարտը։ Մրցաշարում նախատեսված է նաև երկու օլիմպիական չեմպիոնների՝ Աբդուլռաշիդ Սադուլաևի և Քայլ Սնայդերի դիմակայությունը։

Ծառուկյանի համար սա կլինի ևս մեկ ելույթ RAF-ում՝ խիտ մրցաշարային գրաֆիկի ֆոնին։ Արդեն հունիսի 13-ին նա պետք է հանդիպի Թոնի Ֆերգյուսոնին Սենթ Լուիսում կայանալիք RAF 10 մրցաշարում, որտեղ նրանց գոտեմարտը ընդգրկված է երեկոյի գլխավոր համատեղ իրադարձությունների շարքում։
Բացի այդ, Վրաստանում կայանալիք մրցաշարից մեկ շաբաթ անց՝ հուլիսի 18-ին, Ծառուկյանը կանցկացնի ևս մեկ աղմկահարույց գոտեմարտ՝ UFC-ի տիտղոսի նախկին հավակնորդ Քոլբի Քովինգթոնի դեմ։ Այդ դիմակայությունը կգլխավորի RAF 11 մրցաշարը։
Արման Ծառուկյանի առաջիկա գոտեմարտերը RAF-ում
Հունիսի 13 — Թոնի Ֆերգյուսոնի դեմ
Հուլիսի 11 — Կուատ Համիտովի դեմ
Հուլիսի 18 — Քոլբի Քովինգթոնի դեմ
Այսպիսով, այս միջոցառումներից հետո Ծառուկյանը RAF լիգայում արդեն կունենա 8 գոտեմարտ։