Արեն Հակոբյանը հաղթեց Ազամ Գաֆորովին և դարձավ ACA-ի գոտու հավակնորդ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարտիկ Արեն Հակոբյանը կարևոր հաղթանակ տարավ Տաշքենդում կայացած ACA 203 մրցաշարում։ Թեթևագույն քաշային կարգի հավակնորդական մենամարտում Հակոբյանը հինգ ռաունդից հետո միաձայն որոշմամբ հաղթեց Ազամ Գաֆորովին։
Մրցավարները հաղթանակը տվեցին Հակոբյանին՝ 50-45, 49-46, 49-46 հաշվով։ Արենի համար սա արդեն ութերորդ անընդմեջ հաղթանակն է։
Մենամարտը հիմնականում անցավ կանգնած դիրքում։ Բացառություն էր միայն հինգերորդ ռաունդի մի փոքր հատվածը։ Հակոբյանը գրագետ էր գործում երկրորդ համարով, ավելի արագ էր մրցակցից և պարբերաբար Գաֆորովին դիմավորում էր դիպուկ հակագրոհներով։
Հինգ ռաունդների ընթացքում հայ մարտիկը գործեց ավելի վստահ և մաքուր։ Նա չմտավ ավելորդ փոխհարվածների մեջ, լավ վերահսկեց տարածությունը և կարողացավ հաղթել իր կարիերայի այս փուլում ամենակարևոր մենամարտում։
Այս հաղթանակից հետո Հակոբյանի ռեկորդը դարձավ 20-3-1, իսկ Ազամ Գաֆորովը կրեց իր կարիերայի հինգերորդ պարտությունը՝ ունենալով 16 հաղթանակ։
Մենամարտի գլխավոր արդյունքն այն է, որ Արեն Հակոբյանը դարձավ ACA-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական գոտու հավակնորդ։ Այժմ նա պետք է տիտղոսային մենամարտ ստանա դիվիզիոնի գործող չեմպիոն Անատոլի Կոնդրատևի դեմ։
Հակոբյանի համար սա կլինի ACA-ի գոտին նվաճելու արդեն երկրորդ փորձը։ Ութ հաղթանակից բաղկացած շարքով հայ մարտիկը տիտղոսային մենամարտին մոտենում է հիանալի մարզավիճակում և չեմպիոն դառնալու լուրջ հայտով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0