Australian Open-ի չեմպիոնուհու նկատմամբ քամբեք․ Ալինա Չարաևան հաղթեց Սոֆյա Քենինին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան հաջողությամբ մեկնարկեց Սեուլում ընթացող WTA 250 կարգի Korea Open մրցաշարում։ Առաջին շրջանում աշխարհի դասակարգման աղյուսակի 121-րդ հորիզոնականը զբաղեցնող թենիսիստուհին հաղթեց WTA-ի 106-րդ ռակետ Սոֆյա Քենինին։
Չարաևան առաջին սեթում պարտվեց 3։6 հաշվով, սակայն կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։ Երկրորդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց թայ-բրեյքում՝ 7։6 (7։4), իսկ որոշիչ սեթում առավելության հասավ 6։4 հաշվով։
Ալինա Չարաևա — Սոֆյա Քենին՝ 3։6, 7։6 (7։4), 6։4։
Նշենք, որ Քենինը 2020 թվականի Australian Open-ի հաղթողն է և նախկինում զբաղեցրել է աշխարհի դասակարգման աղյուսակի չորրորդ հորիզոնականը։
Երկրորդ շրջանում Չարաևան կմրցի մրցաշարի վեցերորդ համարի տակ դասակարգված հունգարուհի Աննա Բոնդարի հետ, որը WTA-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 69-րդ տեղը։ Քենինի նկատմամբ հաղթանակն ու 1/8 եզրափակիչ դուրս գալը Ալինային թույլ կտան կարևոր վարկանիշային միավորներ վաստակել հիմնական WTA Tour-ի մրցաշարում։
Սեուլում պետք է հանդես գար նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Էլինա Ավանեսյանը, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից։ Հնարավոր է՝ պատճառը վնասվածքն է, որը թենիսիստուհին ստացել է Չարաևայի դեմ վերջերս կայացած խաղում։ Մրցաշարից դուրս գալու ստույգ պատճառը պաշտոնապես չի հաղորդվել։